Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ․ Ներգրավված միջոցների զգալի մասն ուղղակիորեն չի ներարկվում տնտեսության մեջ, այլ ծախսվում է այլ ուղղություններով․ «Փաստ»

Փետրվար 20,2021 11:36

Տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ զրուցել ենք պետական պարտքի մեծացման, Հայաստանից կապիտալի արտահոսքի մասին, անդրադարձել նաև սպառողական շուկայում առկա գնաճին ու դրա հետևանքներին:

Պետական պարտքի ծավալը մոտեցել է «կարմիր գծին»

Տնտեսագետի խոսքով, այսօրվա դրությամբ ՀՀ պետական պարտքի ծավալն արդեն հասել է 8,85 մլրդ դոլարի կամ մեր ՀՆԱ-ի շուրջ 70 տոկոսին, որից միայն արտաքին պարտքը կազմում է 6,73 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 49 տոկոսը։ «Համավարակի հետևանքով 2020 թ. նախնական պլանավորվածի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 14 տոկոսով։ Ընդ որում, այս աճը տեղի է ունեցել առավելապես արտաքին պարտքի հաշվին՝ 941 մլն դոլար չափով։ Ճգնաժամային իրավիճակում պետական եկամուտների կրճատման և ծախսերի անխուսափելի ավելացման պարագայում պետական պարտքի աճը ևս անխուսափելի է, և աշխարհի բոլոր երկրները բախվել են այս խնդրին։ 2020 թ. ընթացքում համաշխարհային համախառն պարտքն աճել է 15 %-ով, և, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի, 2021 թ. սկզբի դրությամբ աշխարհի բոլոր երկրների պետական ընդհանուր պարտքի ծավալը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 98 % -ը։

Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում այդ ցուցանիշը կրկին կաճի՝ տարեվերջին հասնելով համաշխարհային ՀՆԱ-ի 101,5 %-ի: Սա միանգամայն տրամաբանական է, եթե հաշվի առնենք 2020 թ. վերջին համավարակի պատճառով բազմաթիվ երկրների կառավարությունների կողմից ազգային տնտեսություններին տրամադրված մեծ ծավալով ֆինանսական աջակցությունը։ Հայաստանի պարագայում ներգրավված միջոցների զգալի մասն ուղղակիորեն չի ներարկվում տնտեսության մեջ, այլ ծախսվում է այլ ուղղություններով՝ կառավարության ընթացիկ ծախսերի համար։ Սակայն ակնհայտ է, որ այդ պարտքերի վերադարձը պետք է ապահովվի հենց տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին, իսկ եթե դա առկա չէ՝ ստիպված նոր պարտքերի ներգրավման ճանապարհով։

Բայց Հայաստանի ոչ բարվոք տնտեսական հիմնարարների առկայության պայմաններում շատ հնարավոր է, որ նոր վարկեր նաև չտրամադրվեն, իսկ եթե անգամ տրամադրեն, ապա շատ ավելի թանկ և ոչ բարենպաստ պայմաններով։ Պետական պարտքի ծավալը մեր տնտեսական իրողությունների դեպքում արդեն իսկ մոտեցել է «կարմիր գծին», և եթե տնտեսության կառավարման մոտեցումները չփոխվեն, ապա շատ մոտ ապագայում էլ ավելի լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ կարող ենք հայտնվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կարեն Սարգսյանը:

Ռիսկեր՝ կապիտալ ներդրումների համար

Անդրադառնալով ցուցանիշներին, որոնք վկայում են Հայաստանից կապիտալի արտահոսքի մեծացման մասին, տնտեսագետը նշեց, որ, ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների, Հայաստանի վճարային հաշվեկշռի կապիտալի հաշվի զուտ ներհոսքը 2020 թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 26,7 մլն դոլար՝ նախորդ տարվա 36,4 մլն դոլարի դիմաց, այսինքն՝ պակասել է շուրջ 10 մլն դոլարով. «Ուղղակի ներդրումների գծով պարտավորությունների զուտ ստանձնումը 2020 թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում կազմել է 112,4 մլն դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 73,2 մլն դոլարով: Նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումների գծով զուտ ակտիվները նվազել են 31,8 մլն դոլարով։ Հարկ է նշել, որ 2020 թ. 9 ամիսների ընթացքում ուղղակի ներդրումների գծով զուտ ակտիվները 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 67 մլն դոլարով: Բնականաբար, այն իրավիճակում, որում ներկայումս գտնվում է Հայաստանը, կապիտալ ներդրումների համար բավական բարձր ռիսկեր կան:

Պատճառներն ակնհայտ են՝ պատերազմական վիճակ, քաղաքական անկայունություն։ Սակայն մինչ այդ էլ Հայաստանի ներդրումային միջավայրը բարձր գրավչություն չի ունեցել ներդրողների համար՝ կապված ինչպես օրենսդրական դաշտի անկատարության, այնպես էլ անհրաժեշտ ենթակառուցվածքների թերզարգացածության հետ։ Բացի այդ, կառավարության ներկայիս տնտեսական քաղաքականությունը չի նպաստում ներդրումների խթանմանը»:

Խոսելով տնտեսական անկման մասին՝ Կարեն Սարգսյանը շեշտեց, որ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականը համաշխարհային տնտեսության համար դարձավ անկման տարի:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728