Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կարեն Հովհաննիսյան. «Անհասկանալի է նույնիսկ ռազմական փորձագետների համար, թե ինչ սկզբունքով եւ ինչ առաջնահերթությամբ են առաջնորդվել մեր երկրի ղեկավարները՝ տարածքները զիջելով»

Մարտ 01,2021 09:57

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը եւ մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, որ Քարվաճառի ջրհավաք ավազանը Ադրբեջանին հանձնվել է թաքուն, ահազանգեցին, որ դեռ նոյեմբերին Շրջակա միջավայրի նախարարությունը վստահեցնում էր, թե ոչ մի խնդիր չկա, ադրբեջանցիները չեն կարող սպառնալիք լինել այդ առումով: Իսկ սպառնալիքները երկուսն էին. լավագույն դեպքում թշնամին կարող է փոխել գետերի հունը՝ դրանք ուղղելով Ադրբեջանի կողմ, երկրորդը՝ դեպի Հայաստան եւ Արցախ հոսող գետերի ու հազարավոր աղբյուրների ջուրը թունավորել:

«Մենք գիտենք, որ Արփան Սեւանա լիճը սնուցող հիմնական երակն է: Կարող են պարզապես փոխել Արփա գետի ակունքն ու հունը եւ Սեւանա լիճը կարող է զրկվել Արփա-Սեւան ջրատարի ջրային մատակարարումից: Երկրորդ, Ադրբեջանը կարող է թունավորել այս ջրային ակունքները: Եվ այդպիսի փորձ կա 70-80-ական թվականներին, երբ Ադրբեջանը թունավորել է Արցախի բնակչությանը մատակարարող ջրային ռեսուրսները: Խորհրդային տարիներին, երբ Արցախում չկար քիմիական որեւէ արտադրություն, ԼՂԻՄ-ի բնակչությունը մինչեւ 70-ականների վերջը համարվում էր ամենաառողջներից մեկը Խորհրդային Միության տարածքում, 80-ականներից սկսած այնտեղ օնկոլոգիական հիվանդությունները մեծ տարածում ստացան: Արդյունքում, արդեն 1988 թվականին Արցախի բնակչությունը ԽՍՀՄ մասշտաբով արդեն երրորդ տեղում էր օնկոլոգիական հիվանդների թվով: Եվ կան ապացույցները, որ ջրերը թունավորվել են: Այսօր ի՞նչն է խանգարում Ադրբեջանին, որ ջրերի թունավորում իրականացնի արդեն Հայաստանի ուղղությամբ»,- մտահոգություն հայտնեցին նրանք:

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը Հայաստանի ու Արցախի համար Քարվաճառի  դիրքի կարեւորության մասին ավելացրեց. «Անհրաժեշտության դեպքում, եթե Քարվաճառը ազատագրելու հրաման տրվի, Հայաստանն այն կարող է ազատագրել մեկ-երկու ժամում: Եվ Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող Քարվաճառը պահել, քանի որ այն արհեստականորեն է կցված Ադրբեջանին: Իմ կանխատեսումներով՝ վաղ թե ուշ Քարվաճառը դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից: Դեռ Արցախյան առաջին պատերազմից Ադրբեջանում հասկացել էին, որ Քարվաճառի եւ Լաչինի վերադարձ իրենց այլեւս չի լինելու ու այդ հողերի վրա պահանջատիրական նկրտումներ նույնիսկ չեն ունեցել:

Քարվաճառը իր դիրքով ոչ միայն Հայաստանի եւ Արցախի միջեւ անվտանգային ու հուսալի միակ կապող ճանապարհն է: Ռազմական առումով Օմարի եւ Մռավի լեռնաշղթաները ընդհանրապես տարածաշրջանում խաղացողների համար շատ կարեւոր դերակատարություն ունեն: Եթե Թուրքիան այնտեղ ռազմական ներկայացվածություն ունենա եւ վերահսկողություն սահմանի, Ռուսաստանն ինքնին տարածաշրջանից դուրս կմղվի:

Այս ամենը հաշվի առնելով՝ ընդհանրապես անհասկանալի է նույնիսկ ռազմական փորձագետների համար, թե ինչ սկզբունքով եւ ինչ առաջնահերթությամբ են առաջնորդվել մեր երկրի ղեկավարները այդ տարածքները զիջելով: Ի սկզբանե, այդ GPS  կոչված չարիքը, որ գործի է դրվել, սկզբից եւեթ էլ խնդրահարույց է եղել: Նույնիսկ երկու տարբեր ֆիրմաների հեռախոսներ տարբեր սահմաններ են ցույց տվել, սակայն  եղել է հստակ ցուցում, որ ամեն ինչը պետք է լինի ադրբեջանցի գեներալների ցուցումով, իրենց սրտով: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ նման կերպ վարվել են նաեւ այլ տարածքներում ու բացահայտ: Իսկ եթե կոնկրետ բնակավայրերում բնակիչները, համայնքապետերը ընդդիմացել են, պարզապես, զենք չեն տվել ու հրամայվել է դուրս գալ, որովհետեւ դա Հայաստանի Հանրապետությանը չի»:

Բանախոսները հակված են այն մտքին, որ Քարվաճառի այդ տարածքի հանձնումը եղել է առանց փաստաթղթի, բանավոր պայմանավորվածությամբ՝ «եկեք արագ-արագ տանք, ու որ անցնեն ձեր վերահսկողության տակ, էլ ո՞վ կասի, թե դա մերն է» տրամաբանությամբ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031