Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ։ Ուսանողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին եկել համալսարանի դեկանի տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ Միքայել Մալխասյանի առաջնորդությամբ։
Նախ տիար Մալխասյանը, որդիական խոնարհությամբ ողջունելով Նորին Սրբությանը, տեղեկացրեց, որ ներկաները Երևանի պետական համալսարանի «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներն են։ Խոսքով հանդես եկավ նաև նախաձեռնության համահեղինակ տիար Էդուարդ Գալստյանը։ Վերջինս նշեց, որ նախաձեռնությունը միտված է նեցուկ և զորավիգ լինել պատերազմի հետևանքով իրենց զավակներին ու հարազատներին կորցրած ընտանիքներին։ Նա հույս հայտնեց, որ Եկեղեցին իր առաքելությանը հավատարիմ իր անփոխարինելի ներդրումն է բերում այս ուղղությամբ։
Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց երիտասարդ ուսանողների նախաձեռնությունը՝ բերելով իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը։ Հայոց Հովվապետը բնական և կարևոր համարեց ներկաների նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի պարտքն ու պարտականությունն է այս դժվարին պահին զորակցել այդ ընտանիքներին։
Խոսելով արցախյան երկրորդ պատերազմի կորուստների մասին՝ Նորին Սրբությունը նշեց, որ մեր նահատակների հիշատակը պետք է մեզ համար ոգեշնչման աղբյուր լինի՝ ապրելու, արարելու և գալիքի նկատմամբ նոր հույսով լցվելու համար։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրին և նպատակներին, ինչպես նաև ծրագրի իրագործմանն ի նպաստ աշխարհասփյուռ թեմերի և բարերար հայորդիների կողմից ցուցաբերվող աջակցությանը։ Պատերազմի ընթացքում և հետպատերազմյան օրերին Եկեղեցու գործունեությանն անդրադառնալով՝ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ կատարվել են ինչպես հոգեխնամական, այնպես էլ սոցիալական աջակցության ծրագրեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր հնարավորությունների սահմաններում փորձել է լուծել նաև տեղահանված արցախցի ընտանիքների կեցության հարցը։
Կարդացեք նաև
Հայոց Հայրապետը երիտասարդների հետ խոսեց նաև վիրավորների, զոհվածների, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների ընտանիքներին հոգևոր խնամքի կարևորության մասին։ Այս կապակցությամբ իրազեկվեց, որ, նկատի ունենալով խնդրի նրբությունը, հոգևորականների համար կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ։ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ ապագայում նախատեսվում է Մայր Աթոռին և վանքերին կից ստեղծել վերականգնողական կենտրոններ։
Վերջում հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերը ուղղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին