Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունեմ, որ ԲՀԿ եւ ԼՀԿ ղեկավարները կմնան իրենց դիրքորոշմանը` Նիկոլ Փաշինյանի հեռացումն է ճգնաժամի հանգուցալուծումը. Գագիկ Մինասյան

Մարտ 03,2021 14:59

«Այսօր դեռ ժամանակ կա, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը ուղարկի ՍԴ: Ես հույս ունեմ, որ «Հայրենիքի փրկության շարժման» եւ նախագահի հանդիպումը միտված է հենց այդ խնդիրը լուծելուն»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում`անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

Բանախոսի գնահատմամբ, իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արել էին պետության սյուները քանդելու, պետական ինստիտուտների արժեզրկելու, պետությունը ստեղծած մարդկանց վարկաբեկելու համար եւ դա ԳՇ հայտարարության մեջ հստակ ամրագրված էր: Նա հիշեցնում է, որ մինչ պատերազմը պաշտպանական բոլոր շրջանների ղեկավարները փոխվել էին, որոշներինը նույնիսկ մի քանի անգամ, մեծ փոփոխություններ տեղի ունեցան ԳՇ-ում եւ այս ամենը չէր կարող նպաստել մեր բանակի մարտունակության բարձրացմանը:

ԳՇ պետի պաշտոնանկության ծրագիրը Գագիկ Մինասյանը տեսնում է «Նիկոլ Փաշինյանի կամ նրա ղեկավարների մտքի ծրագիր», որի նպատակն է վերջնականապես կազմալուծել մեր երկրի պաշտպանության հիմնական կռվանը եւ ինչպես, որ պարտության տարան Արցախին, նույնպես պարտության տանեն Հայաստանին: Այս տեսակետից, նա ուշագրավ է համարում այն, որ ԳՇ հայտարարությունն իբրեւ ռազմական հեղաշրջման փորձ են համարել Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները: Այն, որ Նիկոլ Փաշինյանին պաշտպանում են միայն Թուրքիան եւ Ադրբեջանը՝ Գագիկ Մինասյանը շատ խոսուն փաստ է համարում, որը նաեւ ուրվագծում է այն ճանապարհը, որով Նիկոլ Փաշինյանն ուզում է տանել Հայաստանը:

Իր հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց արտահերթ ընտրությունների մասին: Այս համատեքստում, Գագիկ Մինասյանը կարեւորում է Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ ու ԼՀԿ ղեկավարների միջեւ այսօր կայանալիք հանդիպումը: «Այդ երկու կուսակցություններն էլ հայտնել են իրենց տեսակետները, որ այս ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը Փաշինյան Նիկոլի հրաժարականն է: Ես ենթադրում եմ, որ երկուսն էլ կպաշտպանեն իրենց այդ տեսակետը`Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ընթացքում եւ կգտնվեն երկիրը ճգնաժամից հեռու տանելու ճանապարհի վրա, որովհետեւ ճգնաժամի խորացումը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմամբ»,- ասաց Գագիկ Մինասյանը` բացատրելով, թե իր կարծիքով ինչո՞ւ «դավաճան Նիկոլը» փոխեց իր տեսակետը եւ կրկին հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, մինչդեռ որոշ ժամանակ առաջ կարծում էին, որ նման հրամայական չկա. «Կարծում եմ, որ իր եւ իր թիմակիցների վրա ազդեց այն, ինչը տեղի ունեցավ հրապարակում: Իսկ հրապարակում տեղի ունեցավ այն, ինչ նկարագրված է հայտնի վեպում`հայտնի մասնագիտություն ունեցող կանանց, նրանց պերճանքի եւ թշվառության մասին: Այո, այդ հանրահավաքը ցույց տվեց Նիկոլի եւ նրա խմբակցության պերճանքն ու թշվառությունը: Արտաքուստ կարող է թվալ, որ պերճանքը շատ մեծ է եւ այնտեղ տարբեր կերպ բերված մարդիկ`իրենց քանակությամբ, ցույց են տալիս այն ուժը, որը սատարում էր Փաշինյան Նիկոլին: Բայց թշվառությունը կայանում էր նրանում, որ այդ մարդիկ բերված էին իրենց կամքից անկախ`խաբեությամբ, պարտադրանքով»: Այս թշվառությունը, բանախոսի կարծիքով, պետք է դադար ունենա:

Նա հույս ունի, որ այսօրվա քննարկումները կբերեն անհրաժեշտ լուծումների եւ հեռու կպահեն երկիրն ու ժողովրդին փորձություններից: «Եթե Նիկոլ Փաշինյանն այդպես էլ համառությամբ առաջ գնա, ապա այլընտրանք չի թողնի ընդդիմությանը`ազգի փրկությունն իրականացնելու տեսակետից»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գտնվում է կառավարության ղեկին, ըստ Գագիկ Մինասյանի, որեւէ բնագավառում, այդ թվում նաեւ սոցիալ-տնտեսական, որեւէ առաջընթաց չի լինելու եւ դրա ուղիղ վկայությունը Նիկոլ Փաշինյանի կադրային բազան է: Իսկ «Իսկանդերի» հետ կապված պատմությունն, ըստ բանախոսի, ապացույցն էր նրա, որ Նիկոլ Փաշինյանի որեւէ խոսքը մեկ օրից ավելի կյանք չի ունենում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031