Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ճգնաժամը խորանում է

Մարտ 12,2021 12:00

ՀՀ Գերագույն շտաբի պետի շուրջ թնջուկը երեկ շարունակվում էր

Նախ, առավոտյան ՀՀ վարչապետի աշխատակազմը տարածեց հետեւյալ հայտարարությունը. «Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: 2021թ. փետրվարի 27-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

Նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին 2021թ. փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը եւ չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը եւ նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»:

Գրեթե միաժամանակ հայտարարություն տարածեց նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմը, որում ասվում էր.«Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաեւ նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության եւ դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում: Սահմանադրական դատարանը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հնարավորություն ունի՝ համակողմանիորեն եւ համակարգային առումով փոխկապակցված քննություն իրականացնել եւ որոշում կայացնել: Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները եւ ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչեւ այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս եւ հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման եւ կիրառման համատեքստում: Հանրապետության նախագահը հույս է հայտնում, որ հնարավորինս արագ համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի եւ կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը»:

Դրանից քիչ անց ուղերձով հանդես եկավ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը. «Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ, 10032021թ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին: Իմ դիրքորոշումն անփոփոխ է ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության եւ իրավունքի գերակայությունն ապահովելու եւ ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան: Ես իմ ծառայությունը հայրենիքին եւ հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով: Հարգելի՛ գեներալներ, սպաներ եւ զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց եւ ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին եւ ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման եւ Հայաստանի ու Արցախի հզորացման»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարչապետը առաջարկել է ՀՀ նախագահին ԳՇ պետ նշանակել ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, որին գործից հեռացրել էր՝ կարանտինի պայմաններում որդու հարսանիքը նշելու պատճառով: ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ նշանակելու՝ վարչապետի առաջարկությունը՝ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: «Եռօրյա ժամկետ ունենք առաջարկությանն արձագանքելու համար», – տեղեկացրել է Հասմիկ Պետրոսյանը:

Երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, այս տեղեկությունը ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը: Ստեփան Գալստյանը ԶՈւ ԳՇ պետի տեղակալ է նշանակվել 2009թ.-ի հունվարի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով:

Եվ վերջում՝ ՀՀ նախագահի աշխատակազմը երեկ երեկոյան տարածեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետեւյալ հայտարարությունը.«Երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի եւ անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետության եւ պետականության համար: Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաեւ հրատապ եւ համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական եւ օրենսդրական: Թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն բացակայում են փոխըմբռնումը եւ միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Ավելին, հաճախակի են դարձել անհանդուրժողականության կոչերը: Ստեղծված պայմաններում իմ միակ նպատակը եղել եւ մնում է երկիրը ցնցումներից զերծ պահելը եւ կանխելն այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Պետության եւ ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլեւս անհետաձգելի եւ հրամայական պահանջ է: Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում: Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, իսկ Հայաստանի եւ Արցախի զարգացման միակ ճանապարհը՝ բոլորիս եւ յուրաքանչյուրիս ջանքերի ու հնարավորությունների համախմբումը:

Հ.Գ. Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչեւ ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ:

«Առավոտ» օրաթերթ
11.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031