Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն հաստատում է հայ կալանավորվածների ներկայությունը և չի հետևում մարդասիրական ժեստերին․ Մարկո Տարկինիո

Մարտ 27,2021 22:33

2021 թ. մարտի 27-ին իտալական ամենամեծ լսարան ունեցող պարբերականներից մեկի՝ «Avvenire»-ի գլխավոր տնօրեն Մարկո Տարկինիոն անդրադարձել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանի նամակին՝ հրապարակելով այն ամբողջությամբ, ինչպես նաև՝ այդ առնչությամբ իր արձագանքը։

Ադրբեջանի Հանրապետության դեսպան Մամադ Ահմադզադա

«Հարգելի տնօրեն,

«Հայ գերիների ազատման» հորդորով իմ երկրին ուղղված կոչի առնչությամբ, որը «Avvenire»-ն տպագրեց հինգշաբթի՝ 2021 թ. մարտի 25-ին, ընդգծեմ, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես համաձայնեցված էր 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, որը վերջ դրեց բախումներին: Հայաստանի կառավարությունը փորձ արեց շփոթություն մտցնել այն համատեքստում, որում նոր ձերբակալություններ են իրականացվել: Հակամարտության ավարտից հետո Հայաստանը դիվերսիոն խումբ է ուղարկել Ադրբեջանի տարածք՝ նպատակ ունենալով իրականացնել ահաբեկչական գործողություններ: Այդ խումբը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի զինվորականների և քաղաքացիական անձանց սպանության մեջ: Խմբի անդամները գերեվարվել են և ներկայումս գտնվում են Ադրբեջանում, բայց հաշվի առնելով վերոգրյալը, նրանք չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերիներ:

Ամեն դեպքում, ձերբակալվածներին վերաբերվում են մարդու իրավունքների միջազգային օրենսդրությանը և նրանց իրավունքները պաշտպանող ադրբեջանական օրենսդրությանը համապատասխան: Ադրբեջանի կառավարությունը հրավիրում է Human Rights Watch-ին և թեմայով հետաքրքրվողներին ուշադրություն դարձնել Հայաստանի կողմից ադրբեջանցի ռազմագերիների և քաղաքացիական բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ վկայություններին»:

«Avvenire»-ի գլխավոր տնօրեն Մարկո Տարկինիո

«Ես ի գիտություն եմ ընդունում, պարոն դեսպան, Բաքվի կառավարության անունից արված հայտարարությունները` ի պատասխան այն մարդասիրական կոչի, որը մենք հրապարակել ենք մեր էջերում և որն Ադրբեջանի իշխանություններին ուղղել են իտալացի հայտնի մտավորականները` Անտոնիա Արսլանի գլխավորությամբ: Ես, մասնավորապես, ի գիտություն եմ ընդունում, որ դուք հաստատում եք ձեր երկրում հայ զինվորական և քաղաքացիական կալանավորվածների շարունակական ներկայությունը` միաժամանակ նրանց որակելով որպես «ահաբեկիչներ»:

Պարզապես հիշեցնեմ, որ կոչը, որ հիմնված է նաև Human Rights Watch-ի կողմից ստուգված տեղեկատվության և տեսանյութերի վրա, դատապարտում է «նվաստացուցիչ և անմարդկային» վերաբերմունքը և վերաբերում է տարբեր փուլերում և ժամանակներում ձերբակալված մոտ վաթսուն անձանց: Նաև հավաստիացնում եմ ձեզ, որ մենք հավասարության սկզբունքով և բծախնդիր ուշադրությամբ քննության ենք առնում մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած հաղորդում, որտեղ էլ որ դա պատահի: Եվ իմացեք, որ խաղաղությունը շատ ավելին է, քան պատերազմի բացակայությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031