Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է հակազդի Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, որոնց թիրախն Արցախի ժողովուրդն է. Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և մասնագիտացված մարմիններին

Մայիս 05,2021 18:25

Արցախի արտաքին գործերի նախարարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և մասնագիտացված մարմիններին՝ Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ

Մայիսի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին՝ Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ:

Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանի կողմից Շուշիում իրականացված բռնի վտարումներն ուղղակի և անուղղակի կերպով խախտում են միջազգային բազմաթիվ փաստաթղթերում ամրագրված հայ բնակչության քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավունքների ողջ սպեկտորը:

Ընդգծվում է, որ Արցախի օկուպացված տարածքներում պատմական, մշակութային և ճարտարապետական լանդշաֆտի բռնի վերափոխման քաղաքականությունը խտրականության և այլատյացության բացահայտ դրսևուրում է:

Նամակներում շեշտվում է, որ միջազգային հանրությունը պետք է հակազդի Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, որոնց թիրախն Արցախի ժողովուրդն է: Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի ցանկացած գործունեություն, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպատակ ունի ամրագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի ապօրինի կիրառման հետևանքները, չպետք է հանդուրժվի և պետք է ուղղակիորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կոչ է անում համապատասխան միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի միջազգային-իրավական գործիքակազմն ակտիվացնելու ուղղությամբ՝ ապահովելու միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքն Արցախ` այդ կործանարար և շարունակական խախտումները վերացնելու համար:

ԱՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31