«Այսօր ականատես ենք նախկինում եղած քաղաքական տեռորին։ Մարզեր այցելելիս մեզ հանդիպած քաղաքացիներին մեր գնալուց հետո զանգում են ԱԱԾ-ից ու հարցնում, թե ինչու էինք մենք իրենց այցելել։ Մեր ակտիվիստների ընտանիքի անդամներին, որոնք որեւէ կերպ առնչվում են պետական կառույցի հետ, սպառնում են աշխատանքից հեռացնել։ Մեր կուսակցականներին սպառնում են քաղաքական ակտիվության պարագայում հեռացնել աշխատանքից։ Այս մթնոլորտո՞ւմ եք պատրաստվում քարոզարշավն ու ընտրություններն անցկացնել»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նման հարցադրում հղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։
Փաշինյանի փոխարեն ամբիոնին մոտեցավ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու ասաց․ «Մտահոգիչ է, որ նման հարցադրում է արվում։ Մեր կառավարության գործելաոճը չի ներառում ձեր նկարագրած մեթոդները, բայց, այնուամենայնիվ, վստահեցնեմ, որ անգամ, եթե մենք լինեինք բռնատիրական իշխանություն, ձեր դեպքում անիմաստ կլիներ նման մեթոդներ կիրառել։ Ձեր ուժի եւ քաղաքական կշռի գնահատականը չի ենթադրում նման մեթոդներ կիրառել․․․կներեք»։
Գեւորգ Գորգիսյանն արձագանքեց․ «Հասկանում եմ, որ ձեզ հարմար է որպես մրցակից ունենալ թալանչիներին, բայց ես կոնկրետ դեպքեր ասացի։ Ոստիկանները մեր մարզային կուսակցականներին հրավիրում են բաժիններ, անձին հարցնում, թե ինչու է նրա կինն այցելում ԼՀԿ-ի գրասենյակ։ Կամ ստում եք, կամ չեք տիրապետում իրավիճակին»։ Ավինյանն արձագանքեց, որ գնահատականը կտա ժողովուրդը՝ հունիսի քսանի ընտրություններում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































