Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտությունը, իրոք, պայմանավորված էր, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հետ»

Մայիս 08,2021 14:00

«Ինքը էմոցիոնալ ու պարզունակ մարդ է, եւ դրանով իսկ լրիվ կանխատեսելի ուժեղների համար: Թուրքիան ու Ռուսաստանն էին պայմանավորվող կողմերը, իսկ Նիկոլ Փաշինյանը միայն զբաղված էր իր դեմքը փրկելով, այլ ոչ պետական շահերով»,- «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թթ. ԳԽ եւ 2000-2005 թթ. Արցախի խորհրդարանի պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը:

– Ի՞նչ կատարվեց եւ ինչո՞ւ կատարվեց:

– Ըստ էության, մեր 30 տարվա գործունեության օրինաչափ արդյունքը տեսանք:

– Ինչո՞ւ օրինաչափ:

– Որովհետեւ, ըստ էության, մենք չստեղծեցինք այն պետությունը, որը պետք է լիներ մերը` հայկականը եւ արտահայտեր մեր ազգի շահերը, լիներ արդյունավետ պետություն: Չունեցանք այն բանակը, որ պիտի ունենայինք: Բանակի մասին միայն լավն էինք ասում, բայց միայն լավն ասում են հանգուցյալների մասին: Մեր բանակը քննադատությունից դուրս էր, բայց բանակն, իրականում, իր կառուցվածքով, սպառազինությամբ, մոբիլիզացիոն ռեսուրսի կազմակերպվածության աստիճանով եւ այլն, գտնվում էր երեւի 20-րդ դարի սկզբների կամ նույնիսկ 19-րդ դարի մակարդակում: Սպառազինությամբ Սերժ Սարգսյանի խոստովանությունը կա` անցյալ դարի 80-ականների մակարդակում էր:

– Անցյալ դարի 80-ականների կամ ավելի վաղ արտադրության զենք-զինատեսակներ կան, որ այսօր դեռ մեծ արդյունավետությամբ կիրառվում են:

– Այո, եթե 50-ականների D 30-ի վրա ժամանակակից ամեն ինչ դնես, այն դառնում է շատ արագ տեղը որոշող եւ շատ ճշգրիտ կրակող հրաշալի մի բան: Այստեղ երկաթը չի այդքան կարեւորը, որքան միտքը, իսկ միտքը կար: Լուսահոգի Կարեն Վարդանյանը, որ անընդհատ ասում էր` դրա մասին էր ասում. ինձ հետ անձնական շփումներում ինքն ասում էր, որ մենք հին զենքերն էլ կարող ենք կատարելագործել, մոդեռնիզացնել եւ համապատասխանեցնել ներկա ժամանակների պատերազմի պահանջներին: Բայց հարցն այն է, որ իրեն եւ բազմաթիվ այլոց, լսող չկար: Պետական ապարատի կառուցվածքն այնպիսին էր, որ ցանկացած նոր բան մերժում էր: Մենք մնացել էինք 20-րդ դարի մակարդակում, իսկ պատերազմը, որը մեզ պարտադրվեց, 21-րդ դարի պատերազմ էր: Անկեղծ խոսենք. մեր ՄՈԲ-ը չէր փախչի, եթե չլիներ օդից անորոշության զգացումը: Ըստ էության, նույնիսկ այդ պայմաններում, եթե լավ կազմակերպված լիներ, նաեւ հոգեբանորեն, մոբիլիզացիոն ռեսուրսը ժամանակի ընթացքում անընդհատ բերվեր համապատասխան վիճակի, ոչ թե ձեւական «պտիչկա» դրվեր: Արցախում ամեն տարի մոբիլիզացիոն զորավարժություններ էին արվում, իսկ Հայաստանում ընդհանրապես տասը տարին մեկ էլ չէր արվում, եթե ՄՈԲ-ը հասկանար, թե ի՞նչ բան է կազմակերպվածությունը, եթե լինեին բավարար չափով հրամանատարներ… անհասկանալի այդ վիճակում, բնական արդյունքը սա պետք է լիներ:

Մեր սերունդը շատ վատ ժառանգություն թողեց: Մենք մեր երեխաներին թողեցինք այս հարցի լուծումը եւ մեղավորը մեր սերունդն է: Այս պարտության մեղավորը մեր սերունդն է:

– Թե՞ իշխանությունը:

– Քաղաքական վերնախավի մեր ժամանակվա սերունդը երիտասարդների գլխին «սարքեց» այս պարտությունը: Մենք չստեղծեցինք այն պետությունը, որը պիտի զարգանար` տնտեսապես, անվտանգային առումներով, լիներ ներդաշնակ բնակչության եւ բնության հետ: Հիմա դարձյալ հանքարդյունաբերություն է առաջ մղվում, որը բացարձակ փակուղային ճանապարհ է պետության զարգացման համար: Հիմա մենք կանգնած ենք մի ճամփաբաժանի, որ կամ պիտի դառնանք թուրքական վիլայեթ, կամ ռուսական գուբերնյա, կամ էլ, ո՞վ գիտի, գուցե մեր երիտասարդներն ինչ-որ մի ելք գտնեն եւ հրաշքով կերտեն այն Հայաստանը, որին հայ ազգն արժանի է:

– Այսինքն, գործող իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երիցս ճշմարիտ է, երբ ամեն ինչի մեղքը բարդում է «նախկինների» վրա:

– Բայց ինքն էլ է այդ նախորդներից:

– Ինքը նոր Հայաստան էր կառուցում:

– Այն, որ անվանում էր նոր Հայաստան, իրականում ինքը ոչ մի նոր բան չի բերել: Վերջին 2-3 տարիների ընթացքում հանքարդյունաբերության ծավալներն էականորեն աճել են եւ ինքը մտածում է նոր հանքեր բացելու մասին: Իսկ հանքարդյունաբերությունը` եւ ոչ միայն Հայաստանի համար, բացարձակ փակուղի է:

– Կանադան հանքարդյունաբերությամբ է զարգանում, նույնիսկ զարգացած քաղաքների կենտրոնում են հանքեր գործում, որոնք շահագործվում են համարյա զրոյական վտանգներով:

– Կանադան` Կանադա է: Բայց Հայաստանում, օրինակ, երբ նայում ես, թե այդ գումարն ո՞ւր է գնում, դրա 99 տոկոսը գնում է հանքատերերին, ժողովրդին մնում է փշուրներ եւ ստացվում է, որ պետության տեսանկյունից, անիմաստ է դառնում հանքի շահագործումը: Թվում է, թե պետությունը պետք է արտահայտի տվյալ տարածքի եւ այդ տարածքի վրա ապրող ժողովրդի շահերը, բայց գործող օրենսդրական կարգավորումներով, հակառակը, արտահայտվում են հանքերի շահագործողների շահերը: Այդ տարածքում բնակվող ժողովրդին մնում է անապատ հիշեցնող մի տարածք, որը գործնականում հնարավոր չէ ռեկուլտիվացնել եւ նորից օգտագործել, դարձնել բնական ռեսուրս, այդ հողն ուղղակի անապատ է դառնում:

Փոխարեն մտածենք եւ փորձենք բավականին բարդ, հետաքրքիր եւ երիտասարդության համար գրավիչ ժամանակակից աշխարհում մեր տեղը գտնենք, հիմա Լոռու մարզում դարձյալ ինչ-որ հանքերի թեմաներ են շրջանառվում:

Հայաստանում բոլոր առումներով փակուղային իրավիճակ է: Օրինակ, Մարության Հայկը խոսում էր ներդրումային ինչ-որ ծրագրերի մասին, բայց դրա ամբողջ իմաստն այն է, որ Դալմայի այգիները բացվել են կառուցապատողների առաջ. այգին, վերականգնվող բնական ռեսուրսը վերացնում են, կառուցում են տներ, որոնք պիտի վաճառեն: Ո՞ւմ պիտի վաճառեն դրանք: Ենթադրաբար գնդեւազցիներին եւ ջերմուկցիներին, որոնք ստիպված են լինելու լքել իրենց տարածքները, եթե Ամուլսարի հանքը շահագործվի, կամ այն թուրքերին, որոնք մեծ քանակությամբ կգան, եթե ճանապարհները բացվեն: Այսինքն, այս մարդիկ դառնում են Հայաստանը, իրենց շահերից ելնող` նորմալ վաճառողներ: Մենք վերածվելու ենք Աջարիայի եւ վերջանանք:

– Լավ, այդ դեպքում ինչի՞ համար եղավ 2018-ի հեղափոխությունը:

– Դա հեղափոխություն չէր, քանի որ արժեքների փոփոխություն, ըստ էության, տեղի չունեցավ. ինչպես կար մերկանտիլ վերնախավ` իր անիմաստ շահերով առաջնորդվող, այդպես էլ մնաց, ինչ-որ դեմքեր փոխվեցին, ընդ որում՝ ոչ շատ: Իրենք նոր արժեք չեն բերել: Սերժն ինչ անում էր` իրենք շարունակեցին, նույնիսկ Սերժի կարած կոստյումը` Սահմանադրությունը, շարունակեցին: Իրենց պետք էլ չէր: Նիկոլ Փաշինյանը բացարձակ գաղափարազուրկ մարդ է: Ինքը կարողանում է միայն քանդել: Ինքը որեւէ բան սարքող չէ: Իր ուղեղում նման մտքեր չեն էլ պտտվում: Մի էլ փնտրեք: Չեք գտնի:

– Տեսակետ կա, որ 44-օրյա պատերազմում մեր պարտությունը պայմանավորված էր եւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե առանց պատերազմի տարածքներ տրվեին, իրեն կմեղադրեին դավաճանության մեջ, կարծես ամրապնդում է այդ թեզի իրական լինելը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Պարտությունը, իրոք, պայմանավորված էր, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինքը էմոցիոնալ ու պարզունակ մարդ է, եւ դրանով իսկ լրիվ կանխատեսելի ուժեղների համար: Թուրքիան ու Ռուսաստանն էին պայմանավորվող կողմերը, իսկ Նիկոլ Փաշինյանը միայն զբաղված էր իր դեմքը փրկելով, այլ ոչ պետական շահերով: Ռուսաստանին թվում է, որ Ադրբեջանին Հայաստանի հաշվին զիջումներ անելով՝ կբերի նրան ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ, այնինչ չարաչար սխալվում է: Նույնիսկ Սյունիքն ու Երեւանն էլ տա Ադրբեջանին, դա տեղի չի ունենա, քանի որ ուժեղացած Ադրբեջանը, Թուրքիայի հետ դաշնակցելով, ավելի քիչ մոտիվ ունի Ռուսաստանին մերձենալու, քան առաջ: Իրականում Ռուսաստանը ընդամենը Հայաստանին թուլացրեց ու ավելի հեռացրեց իրենից, ինչը կասկածի տակ է դնում Հարավային Կովկասում նրա ներկայությունը: Ռուսաստանի այս տարօրինակ վարքը նույնիսկ շատերի մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ նա ուղղակի «կանխիկով» ծախել ու ծախում է Հայաստանին, Հարավային Կովկասից հեռանալուց առաջ:

– Առաջիկայում ընտրություններ են նախատեսված. եթե դրանք կայանան, ինչի՞ մասին են լինելու այդ ընտրությունները:

– Քանի որ որեւէ այլ տարբերակ չաշխատեց հասարակության մեջ կուտակված լարվածությունը պարպելու, այս ընտրություններն ընդամենը դա պարպելու միջոց են: Գաղափարական առումով, որեւէ նոր բան, ես, օրինակ, չեմ տեսնում: Դեռ ժամանակ կա, գուցե հնարավոր է նոր բան լսել, բայց ասպարեզում առկա ուժերին նայելով` անհասկանալի է: Ընտրության հնարավորություն, ըստ էության, չկա: Նիկոլ, թե՞ Ռոբերտ. դա ընտրություն չի, դա վատի գերադրական աստիճաններով արտահայտված ընտրություն է: Ասենք` ընտրեք` կախվե՞ք, թե՞ ատրճանակով ինքնասպան լինեք. մենք ձեզ ընտրության հնարավորություն ենք տալիս:

Ամենակարեւոր բանը` քաղաքական կուլտուրան, Հայաստանում բացակայում է: Բոլոր կուսակցությունները 19-րդ դարի հեղափոխական կուսակցությունների վատ կրկնօրինակներն են: Բոլորի կանոնադրություններում` կուսակցությունից հեռացնել, ընդունելուց` երդում կամ «ղազագիր». նման քաղաքական պրակտիկա կա… Սրանից վատ բան հնարավոր չէր հորինել, բայց նման բան կա, այդ մարդիկ ազատ ման են գալիս եւ հպարտանում: Մարդը, եթե «ղազագիր» է գրել, դա քաղաքական կամքի բացակայություն է, ինքը դրանից հետո ինչպե՞ս է քաղաքականության մեջ «ֆռֆռում», ԱԺ գնում…Այս ամենից ձերբազատվել է պետք: Արեւմուտքն այդ ամենը վաղուց է հաղթահարել: Չեմ ասում՝ այնտեղ չկան թերություններ, բայց գոնե մեկ աստիճան առաջ է: Հայաստանում այդ կուլտուրան այդպես էլ չմտավ: «Հայկական ընտրություն» նախաձեռնությամբ մենք փորձում էինք դա ներդնել, բայց զարգացումներն այնպես արագ եղան, որ հնարավոր չեղավ: Հույս ունեմ, որ այս ընտրություններից հետո, հատկապես ազգային թեւի բազմաթիվ կուսակցությունիկները, որոնք առաջանում են, իրենց մեջ ուժ կգտնեն եւ կմիավորվեն. միավորման բանաձեւը մենք մշակել ենք եւ պատրաստ ենք առաջարկել: Հիմա դրա մասին խոսելն անիմաստ է, չի ստացվելու, բայց քաղաքական նոր մշակույթը պետք է: Դրա ներդրումը, չեմ կարծում, որ հեշտ է լինելու, բայց անհրաժեշտ է, մանավանդ որ, դա ընկալելու պատրաստ մասսա էլ կա:

Հիմա բոլոր երեւացող կուսակցապետերը, իրենց կուսակցություններում բացարձակ ավտորիտար լիդերներ են. մեկը Հիտլեր է, մյուսը՝ Մուսոլինի, Քադաֆի, Սադամ եւ այս մարդիկ վիճում են, թե ո՞վ է լինելու Հայաստանի ղեկավարը: Այսինքն, բացարձակ ավտորիտար կառույցները` ներկայիս ԸՕ-ով, իմիջիայլոց, իմ գնահատմամբ, նախկինն ավելի լավն էր, ձեւավորելու են ցուցակ` իրենցից հետո շարելով «ղազագիր» գրածներին եւ ժողովուրդն էլ գնալու է ընտրի: Մենք ընտրելու ենք բռնապետերի միջեւ: Այն, ինչ որ մենք կունենանք, իրականում ընտրություններ չեն, ընտրությունների ծաղր են:

(Շարունակելի)
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31