Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, նախընտրական այս գործընթացում Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է դեռեւս 1997թ. իր հրապարակած տեսլականը արդարացնել». Արտակ Զաքարյան

Մայիս 25,2021 20:25

«Նախընտրական ժամանակահատվածն է ստիպելու բոլոր քաղաքական գործիչներին՝ մի փոքր ավելի սրել իրադարձությունները: Յուրաքանչյուրը փորձելու է իր ճշմարտացիության աստիճանը բարձրացնել»,-այսօր ուղիղ եթերում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին 20 տարիներին ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին հնչեցրած քննադատական խոսքին, արձագանքեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: «Երեւի շատ ավելի արդար կլիներ վերջին երեք տարիներին քաղաքական իշխանությունների՝  քաղաքական առումներով հիմարությունները քննարկեր, որոնց գործողությունների մեջ դավաճանությունը, հակահայ, թուրքական շահերի նրբորեն եւ շատ սպասարկելն  է ակնհայտ դառնում: Կարծում եմ, նախընտրական այս գործընթացում Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է դեռեւս 1997 թվականի իր հրապարակած տեսլականը արդարացնել:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին իշխանությունից հեռացել է հենց քաղաքական իշխանության ներսում առկա տարաձայնությունների պատճառով: Եվ հիմա 20-25 տարի հետո ասել՝ ես այն ժամանակ ճիշտ էի, որովհետեւ հետո եկավ մի սրիկա եւ հանձնեց ամբողջ երկիրը, դեռեւս չի նշանակում, թե մենք  այստեղ հավաքվել ենք ճիշտ ու սխալ որոշելու: Այսօր ամենասխալ բանն այն է, որ քաղաքական գործիչներ կան, որ ուզում են ապացուցել, որ իրենք ճիշտ էին կամ մյուսները սխալ էին: Այսօր մենք բոլորս պետք է մտածենք, թե  այս խայտառակությունից, այս աղետալի իրավիճակից ինչպես պետք է դուրս գանք: Ակնհայտ է, որ մենք այս վիճակում հայտնվել ենք ընդամենը մեկ անձի, մեկ կերպարի հակահայկական, թուրքամոլ քաղաքականության արդյունքում: Դրա բազմաթիվ ապացույցներ կան, դրա մասին մենք բազմիցս խոսել ենք: 2018 թվականի ապրիլ-մայիսից հետո արդեն Հայաստանի քաղաքականությունը արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում, տավուշյան անհասկանալի, անմիտ բախումները, որ հրահրեց հենց  Հայաստանը, դրանից հետո թուրք-ադրբեջանական ծայրահեղ իսլամիստներ Պակիստանի, մյուս պետությունների կոալիցիոն, համախմբված գործողությունները Արցախի դեմ, Մինսկի խմբի անգործությունը, որը հետեւանք էր այս ապիկար իշխանությունների, կապիտուլյանտների, իմպուլսներ էին, որ հստակ, պլանավորված մեզ բերեցին մինչեւ  նոյեմբերի 9-ը:

Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի Հանրապետությունը դարձավ թիրախ: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը անվտանգության տեսանկյունից բոբիկ է: Ոչ թե բանակը, այլ այն, որ չես ուզում, չես կարողանում կազմակերպել քո պաշտպանությունը, ինչի արդյունքում արդեն երկու շաբաթ թշնամու ստորաբաժանումները գտնվում են քո ինքնիշխան պետության տարածքում: Սա նոնսենս է, չլսված դավաճանական, ներքին թշնամական, ներսից պետությունը պայթեցնելու, անվտանգությունը զրոյացնելու՝ երեւի աշխարհում միակ օրինակը»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31