Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան ակնհայտ կազմակերպված ընտրախախտումներ Հայաստանը կառավարած ուժերի՝ նախկին և ներկա ճամբարների կողմից». Միքայել Նահապետյան

Հունիս 20,2021 19:43

«Ընտրությունների ընթացքը ամենահաճելի և խաղաղ ընթացքը չէ. ինչ-որ լարված ամպ կա օդում»,-Aravot.am-ի հետ զրույցում, գնահատելով ընտրությունների ընթացքը, այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

Նա փաստեց՝ կան ակնհայտ կազմակերպված խախտումներ բոլոր ճամբարներից ու մանրամասնեց. «Այսպես ասած՝ Հայաստանը կառավարած ուժերի՝ նախկին և ներկա ճամբարների կողմից կան տեսանելի ընտրախախտումներ, երկուստեք ագրեսիա կա այդ ճամբարներում: Խոշոր հաշվով՝ տեղի է ունենում այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք հետպատերազմական ճգնաժամի առաջին փուլում՝ առաջարկելով, որ չեզոք ուժ կազմակերպի ընտրությունները, որպեսզի դրանք լարվածության առիթ չդառնան և ընտրությունների որակի վրա ստվեր չգցեն: Ցավոք, այդպես չի եղել, և հիմա մենք տեսնում ենք այն, ինչ ունենք»:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ ընտրությունների օրը թեկնածուներից մեկի մեքենայի վրա կրակեցին, Միքայել Նահապետյանը պատասխանեց. «Ես ընտրությունների օրը կատարվող դեպքերին վերապահումներով եմ հակված: Միանշանակ գնահատական տալ չեմ ուզում՝ թող քննությունը պարզի: Օրինակ՝ այլ երկրների բազմաթիվ փորձերի եմ ծանոթ, թե ընտրական գործընթացներում տեղի ունեցող միջադեպերի մի զգալի տոկոս ինչպես է հետո ընտրական տեխնոլոգիաների տրամաբանության մեջ դիտարկվում: Քավ լիցի, կոնկրետ թեկնածուի հետ կատարված միջադեպի վերաբերյալ նման գնահատական տալ չեմ կարող, հույս ունեմ, որ եթե նրա կյանքին և առողջությանը որևէ ձևով վտանգ է սպառնում, ՀՀ իրավապահ  մարմինները կձեռնարկեն ամեն ինչ անցանկալի զարգացումները կանխելու համար, բայց ես այս պահին տեղեկատվական աղմուկի մեջ հնչած որևէ բանի միանշանակ գնահատականներ տալ չեմ կարող»:

Հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք՝ հնարավո՞ր է լինի երկրորդ փուլ, Միքայել Նահապետյանը պատասխանեց. «Ոչինչ չի բացառվում, ընտրություններն իմաստ ունեն միայն այն ժամանակ, երբ արդյունքները միանշանակ կանխատեսելի չեն: Հակառակ բոլոր դեպքերում ընտրություն անցկացնելու իմաստ չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930