Ադրբեջանի առաջնորդը լծվել է սեփական PR-ի կազմակերպման գործին, որի ժամանակ անընդհատ հնչեցնում է «երկաթե բռունցքի» իր հայտնի արտահայտությունը, վիրավորական խոսքեր ուղղում հայերի հասցեին՝ փորձելով անընդհատ շեշտել «հաղթած պետության» սեփական թեզը: Ինքնամոռացությամբ լծվելով սեփական գովազդին՝ Ալիեւը չի էլ նկատում, որ ավելի է խորացնում առանց այդ էլ տասնամյակներ շարունակ ադրբեջանցու մեջ ներարկած հայատյացությունը:
«Հաղթած» լինելու եւ հայերի նկատմամբ «առավելություն» ունենալու կեղծ թեզերն իրենց ազդեցությունն են ունենում ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս, որի նեգատիվ դրսեւորումներն իրենց սպասեցնել չեն տալիս: Օրերս Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել էին Ախալքալաքից այնտեղ մեկնած դպրոցականների վրա, ինչի հետեւանքով երիտասարդներից մեկը դանակահարվել էր։ Հարձակման էին ենթարկվել Գոման գյուղի բնակիչները: Հուլիսի 3-ին 5-6 չափահաս ադրբեջանցի մոտեցել են մարդատար մեքենային, որի շուրջ կանգնած են եղել դպրոցական երիտասարդները, եւ փորձել ծաղրել, սադրիչ հարցեր տալ Արցախի պատկանելության մասին ու սպառնացել հաշվեհարդար տեսնել երիտասարդների նկատմամբ, որից հետո միջադեպ էր գրանցվել, եւ հայ երիտասարդներից մեկը՝ տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը, վնասվածք էր ստացել որովայնի հատվածում, տեղափոխվել հիվանդանոց ու վիրահատվել։ Ադրբեջանցիները մարմնական վնասվածքներ էին հասցրել նաեւ միջադեպը կանխել փորձող ոստիկանին: Ձերբակալվել է Ադրբեջանի մեկ բնակիչ:
Միջադեպը Ալիեւի վարած հայատյաց քաղաքականության օրինաչափ հետեւանք է: Առողջ բանականության տեր ցանկացած մարդ էլ կպնդի, որ Ադրբեջանի առաջնորդի պարբերական հայտարարություններով տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտ ձեւավորել հնարավոր չէ, դրանք տրամագծորեն հակառակ ազդեցությունն են թողնում:
Ալիեւի պարբերական հայտարարությունները թյուրիմացության մեջ են գցում հենց ադրբեջանցուն:
Կարդացեք նաև
Զբաղված լինելով սեփական ռեժիմի պահպանման գործով՝ Ալիեւը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությունը: Ավելին՝ հայատյացության եւ թշնամանքի քարոզը դուրս է գալիս Ադրբեջանի սահմաններից եւ իր դրսեւորումներն է գտնում այնպիսի մուլտիէթնիկ երկրներում, ինչպիսին են Վրաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ եվրոպական բոլոր երկրները:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:


















































