Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմավարական նշանակության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում, այն կարող է օգտագործվել ի վնաս Հայաստանի պետական շահի». իրավական ակտերի փոփոխությունները հանրային քննարկման են դրվել

Հուլիս 07,2021 16:30 Share

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հիմք ընդունելով այժմ Անդրկովկասում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող ռազմա-քաղաքական և կիբեռանվտանգային ռիսկեր պարունակող նոր գործոնները, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Արդարադատության նախարարության հետ, ուսումնասիրել և վերհանել է  e-gov.am  և  govtravel.am կայքերում ուղիղ հասանելիությամբ ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ ուսումնասիրության արդյունքում վերհանվել են ծավալուն նյութեր, որոնք վերաբերում են մի շարք պետական կայքերում առկա բաց և ուղիղ հասանելիությամբ տեղադրված տեղեկություններին:

Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ և այն երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից կարող է օգտագործվել տարբեր տնտեսական, քաղաքական և այլ վերլուծություններում՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության պետական շահի:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել է e-gov.am  և  govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ այդ իրավական ակտերի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը և բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության հասանելիությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հաշվի առնելով նաև քննարկվող հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրավական ակտերի փոփոխությունները սահմանված կարգով հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է նաև իրականացնել հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպում-քննարկումներ՝ հասարակությանը ի հայտ եկած նոր ռիսկերը և դրանցով պայմանավորված վտանգները իրազեկելու համար:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ փոփոխություններով e-gov.am  և  govtravel.am կայքերում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ համապատասխան տեղեկությունների ստացումը իրականացվում է հարցման եղանակով, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում:

Հավելենք նաև, որ պետության կողմից տեղեկությունների հրապարակման նման սահմանափակումներ կիրառվում են մի շարք այլ երկրներում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031