Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխներից մեկին պատկանող ՀԷԿ-ի ջուրը կուղղվի դեպի Կառնուտի ջրամբար․ շիրակցի գյուղացիների բողոքի հետքերով

Հուլիս 07,2021 19:48 Share

Շիրակի մարզի մի քանի համայնքների` Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները ոռոգման ջրի հետ կապված օրեր շարունակ բողոքի ցույցեր են անցկացնում՝ փակելով Երևան-Գյումրի մայրուղին։

Բանն այն է, որ Կառնուտի ջրամբարը գրեթե կիսադատարկ է․ գյուղացիների մշակած ցանքատարածություններն այրվել են, նրանք սննկացման եզրին են։ Գյուղացիները որպես Կառնուտի ջրամբարի դատարկման պատճառ նշում են նաև այն, որ ջուրն ուղղվել է հանրապետության օլիգարխներից մեկին պատկանող ՀԷԿ-ին։

Գյուղացիների երկարատև բողոքից հետո այսօր նրանց հետ հանդիպման էր եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, որը փակ հանդիպումներից հետո Շիրակի մարզպետարանում մամուլի ասուլիս տվեց։

Պաշտոնյան տեղեկացրեց, որ այսօր երեկոյան ջուր կհասցնեն Կառնուտի ջրամբար. «Ունենք մշակված պլան, այսօր երեկոյան ժամը 21․00-ին արդեն կսկսենք կազմած պլանով ջուրը տեղափոխել, հասցնել Կառնուտի ջրամբար։ Առաջիկայում ջուրը կհասնի Կառնուտի ջրամբար, չնայած նրան, որ երեկ գիշերվանից այստեղ եմ, տեսել եմ, շփվել եմ, փորձել եմ հասկանալ խնդիրներն ամբողջությամբ։ Ունենք պլան, այն իրագործելով՝ ջուրը կհասցնենք Կառնուտի ջրամբար»։

Գյուղացիների հաշվարկներին, թե ապրիլ ամսից Կառնուտի ջրամբարում 19 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակելու դեպքում, այս խնդիրը չէր առաջանա, պաշտոնյան ասաց․ «Նախ ասեմ, որ Կառնուտի ջրամբարում 19 միլիոն կամ 20 միլիոն խորանարդ մետր ջուր ամբարելը ոչ իրատեսական է։ Կառնուտի ջրամբարն ունի ֆիլտրացիոն հատված, այսինքն՝ 16 միլիոն խորանարդ մետր ջրից ավելի կուտակել չի ստացվում։ Դրանից բարձր կուտակելու դեպքում ջուրը ֆիլտրացիա է լինում, ջուրը դուրս է գալիս Կառնուտի ջրամբարից, մենք այդ հաշվարկներն ամբողջությամբ իրականացրել ենք»։

Կարեն Սարգսյանն ասաց՝ իրենց տված ջուրը, որը պիտի տեղ հասցնեին Կառնուտի ջրամբար, ամբողջությամբ տեղ չի հասել ,փոխարենը տվել են ջրօգտագործողներին։

Կպատժվե՞ն արդյոք մեղավորները, պաշտոնյան հստակ պատասխան չտվեց, սակայն ասաց, որ իրենց պարզաբանելու թեմա ունեն. «Ունենք խնդիր, բոլորս ընդունում ենք, որ կա այդ խնդիրը , մեր մշակած պլանի համաձայն, կկազմակերպենք, ջուրը կհասցնենք գյուղացիներին»։

Դիտարկմանը, թե ջուրը չեն տվել գյուղացիներին, այլ տրվել է օլիգարխներից մեկին պատկանող ՀԷԿ-ին, Կարեն Սարգսյանն ասաց․«Ես ֆերմերներին ամբողջությամբ պատկերը բացատրեցի, նրանք ընդունեցին, որ իրականում իրենք սխալ են, նման բան գոյություն չունի, որ Կառնուտի ջրամբար տեղափոխվող ջրաքանակը տրվել է որևէ ՀԷԿ-ի նման, բան գոյություն չունի, դա բացառված է»։

Նա նաև նշեց, որ ՀԷԿ-ն ունի ջրօգտագործման օրինական թույլտվություն։

«Մենք հնարավորություն չունենք ստիպելու որևէ մեկին, որ իր աշխատանքը դադարեցնի, ջուրը տեղափոխենք Կառնուտի ջրամբար։ Համատեղ քննարկման արդյունքում կարողացել ենք պայմանավորվածություն ձեռք բերել նաև ՀԷԿ-ի տնօրինության հետ և ջրամատակարարումը դեպի իրենց կողմ դադարեցնել և ջուրը տեղափոխել Կառնուտի ջրամբար»,-ասաց Կարեն Սարգսյանը։

Նա ասաց, որ խնդրել են համայնքապետերին, ֆերմերներին կանգնել իրենց կողքին ու մշակած պլանն իրագործել։

Գյուղացիների պահանջած վնասի փոխհատուցման մասով պաշտոնյան նշեց, որ դա իր ոլորտի շրջանակում չէ, ուստիև չի կարող պատասխանել։

«Ասեմ՝ մեր ջրօգտագործողներն իմանան, նախորդ տարվա հետ համեմատ, 50 տոկոսով ավելի ջրամատակարարում ենք իրականացրել ։ Ինչի մասին որ բարձրաձայնում են, իրականության հետ շատ քիչ աղերս ունի, ձեռքի տակ կան թվեր, եթե նախորդ տարի նույն ժամանակահատվածում մենք մատակարարում ենք իրականացրել Կառնուտի ջրամբարից 5,5 միլիոն խորանարդ մետր, այս տարի արդեն 8,6 միլիոն խորանարդ մետր ջուր ենք մատակարարել։ Պետք է ընդունենք նաև, որ եղանակային անբարենպաստ պայմանները բերել, այս խնդրի առջև են կանգնեցրել, դա միայն Ջրային կոմիտեի, կամ ջրօգտագործող ընկերությունների լուծելու հարցը չէ»։

Վերջինս ասաց, որ ՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը Ջրային կոմիտեն չի հատկացնում, այլ շրջակա միջավայրի նախարարությունը, և երբ անցած տարի, ինքը դադարեցրել էր ՀԷԿ-ի աշխատանքները ու ջուրը տեղափոխել Կառնուտի ջրամբար, ՀԷԿ-ի տնօրինությունն իրեն դատի էր տվել պաշտոնական դիրքի չարաշահման համար և փոխհատուցում էր պահանջել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031