Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ունենայինք գոհացուցիչ արդյունք, արտահանման ցուցանիշը չէր նվազի»

Հոկտեմբեր 12,2026 13:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Ի՞նչ սպասել ուժի մեջ մտնող ԵՄ արտոնություններից

Այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտահանման ծավալները նվազել են 6,5 տոկոսով, ներմուծումն աճել է 9,3 տոկոսով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրության համաձայն՝ առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 3,2 տոկոսով։

Նվազել է առեւտրաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ՝ 14,6 տոկոսով։ Այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առեւտրաշրջանառությունը նվազել է 17,2 տոկոսով։ Իսկ Եվրամիության անդամ երկրների հետ առեւտրաշրջանառությունը նույն ժամանակահատվածում աճել է 53,9 տոկոսով։

Ռուսական շուկայի սահմանափակումների ֆոնին, ինչպես նշեցինք, արտահանման ցուցանիշները նվազել են 6,5 տոկոսով։ Էապես նվազել են դեպի ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրներ արտահանման ցուցանիշները։ Փոխարենն աճել է դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանումը։ Մասնավորապես, հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ծավալները նվազել են 8,5 տոկոսով։ Դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանման ծավալներն աճել են 66,4 տոկոսով։

Հայաստանի առեւտրային հիմնական գործընկերներ են դարձել Եվրամիության անդամ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելգիան (8 ամիսներին արտահանման ծավալներն աճել են 95,2 տոկոսով), Բուլղարիան՝ (8 ամիսներին արտահանման ծավալներն աճել են 5 անգամ), Չեխիան (8 ամիսներին արտահանման ծավալներն աճել են 73,8 տոկոսով) եւ այլն։

Տնտեսագիտության դոկտոր Կարեն Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ փաստացի արտահանման ցուցանիշների 6,5 տոկոս նվազումը տեղի է ունեցել ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների ցուցանիշների հաշվին։ Նրա խոսքով՝ ռուսական սահմանափակումների պատճառով Եվրամիության շուկան որպես այլընտրանք է դիտարկվում հայ տնտեսվարողների համար, եւ, հետեւաբար, նկատվում է դեպի ԵՄ արտահանումների որոշակի աճ։

«Իհարկե, դեռ ամբողջ ներուժն իրացված չէ, որովհետեւ եթե մենք ունենայինք գոհացուցիչ արդյունք, ապա արտահանման ընդհանուր ցուցանիշն այս տարվա ութ ամիսներին ոչ թե պետք է նվազեր, այլ պետք է աճեր։ Իսկ մենք արտահանման ցուցանիշների 6,5 տոկոս նվազում ունենք, ինչը պայմանավորված է ռուսական շուկայի սահմանափակ հասանելիությամբ»,- նշեց նա։

Հարցին, թե հայ արտահանողներն այսօր ամբողջական հասանելիություն ունե՞ն դեպի եվրոպական շուկային՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնց մասին վերջին շրջանում խոսվել է, Կարեն Սարգսյանը պատասխանեց. «Մենք կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ եվրոպական շուկայի պոտենցիալի շատ քիչ մասն ենք օգտագործում, որովհետեւ մենք ունենք նաեւ արտահանման ենթակառուցվածքների խնդիր։ Փոքր քանակի ապրանքը կարող ենք ինքնաթիռով ուղարկել, բայց մեծաքանակ ապրանքը մեքենաներով է ուղարկվում, ենթակառուցվածքների խնդիր կա։ Երբ ճանապարհները վերջնականապես կապաշրջափակվեն, օրինակ, Թուրքիայի հետ սահմանը կբացվի՝ թե ավտոճանապարհը, թե երկաթգիծը, այդ դեպքում արտահանումները եւ մատչելի կդառնան, եւ ժամանակային առումով ավելի ապրանքն արագ կհասցնենք ԵՄ շուկա։ Այսինքն՝ մենք այս պահին այդ շուկայի մեծ պոտենցիալը դեռ չենք օգտագործում»։

Ստացվում է, որ այս իրավիճակում հայ տնտեսվարողները տուժում են ու վնասներ կրում, եւ հայտնի չէ, թե երբ կվերականգնվեն արտահանման ծավալները։ Կարեն Սարգսյանի  խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով էլ Եվրամիությունը հայ արտահանողների համար մաքսատուրքերի գծով արտոնություն տրամադրեց, որպեսզի գոնե ճանապարհածախսը որոշ չափով փոխհատուցվի։

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 24-ին Եվրամիության խորհուրդն ընդունել է Հայաստանի համար ժամանակավոր ինքնավար առեւտրային միջոցների մասին կանոնակարգը, ըստ որի՝ հայկական արտադրանքի համար ԵՄ ներմուծման մաքսատուրքերը երկու տարով կվերացվեն։ Ըստ այդմ՝ Հայաստանից դեպի ԵՄ արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսն ազատվում է մաքսատուրքերից, ներառյալ թարմ մրգերի, բանջարեղենի եւ ծաղիկների արտահանումը, որոնք հայտնվել էին ռուսական սահմանափակումների ազդեցության տակ։ Արտոնություններից կօգտվի նաեւ Հայաստանից խմիչքների եւ ալկոհոլային ըմպելիքների արտահանման ավելի քան 91 տոկոսը։

Ըստ Եվրամիության՝ այս արտոնության նպատակն է «մեղմել հայ արտադրողների ու արտահանողների առջեւ ծառացած դժվարին իրավիճակը եւ աջակցել Հայաստանի տնտեսության դիմակայունությանը՝ դեպի ԵՄ շուկա մուտքը հեշտացնելու միջոցով»։

Արտոնություններն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 10-ից եւ կգործեն երկու տարի՝ ժամկետով։

Հայ արտահանողները Եվրամիության շուկա արտահանում իրականացնելու համատեքստում բարձրաձայնել են մի շարք խնդիրներ, որոնց «Առավոտը» նախկինում անդրադարձել է։ Այդ խնդիրները ներառում են լայն շրջանակ՝ սկսած ենթակառուցվածքների հարցից, մինչեւ ապրանքի որակի համապատասխանության, բեռնատարների տեխնիկական վիճակի, վարորդների  լեզվական խնդիրների, վիզայի ստացման վերաբերյալ հարցեր։ Այս խնդիրները արտահանող ընկերությունները դեռեւս ամիսներ առաջ ներկայացրել են էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել