Լրահոս
Օրվա լրահոսը

Փակվել է միակ մրցուղին․ վտանգված է հայկական կարտինգի ապագան

Սեպտեմբեր 30,2026 17:23 Share

Կարտինգի դպրոցի ղեկավար, մրցավար եւ մրցարշավորդ Ռոդիոն Կռիլովը (լուսանկարում) եւ մարզիկները ասուլիսում ահազանգ հնչեցրին, որ խաթարված է կարտինգի դպրոցի գործունեությունը: «Play City» համալիրն ավելի քան մեկ ամիս է՝ փակ է, ինչի պատճառով մրցումներ են չեղարկվել: Պատճառն էլ ոչ թե սպորտային է, այլ իրավական:

Ներկայացնելով Sodi World Series միջազգային հարթակը, որը միավորում է ավելի քան 100 երկրի տասնյակ հազարավոր մրցարշավորդների, Կռիլովը նշեց, որ Հայաստանը նրանց հետ ակտիվորեն սկսել է աշխատել 2023-ից, իսկ հավատարմագրում է ստացել  2024 թվականին, եւ 2025-ից ակտիվորեն անցկացնում են մրցույթների այդ հարթակում:

«Ցավոք, «Play City» համալիրի փակ լինելու պատճառով մենք չեղարկել ենք Sodi World Series-ի մի քանի մրցույթ: Օրեր առաջ էլ նրանցից ստացել ենք նամակ, որ այս տարվա նվազագույն պահանջները չկատարելու դեպքում կզրկվենք Sodi World Series-ի 2026 թվականի SWS Աշխարհի եզրափակչի քվոտայից, որի հավակնորդն այս պահին Արա Եգանյանն է: Նաեւ ունենք պատանի մարզիկ, որը նույնպես չի կարող ստանալ այդ քվոտան, եթե չեղարկենք հոկտեմբերին կայանալիք մրցույթը: Այդպիսով մենք կզրկվենք հաջորդ տարի արտերկրում Հայաստանը ներկայացնող մարզիկներից»,-ասաց Ռոդիոն Կռիլովը:

Մրցավար Կարեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ իրենց մոտ պարապում են երեխաներ՝ սկսած 3-4 տարեկանից, ինչը աշխարհում ավտոսպորտի հիմքն է, իսկ վերին կետը, որին ավտոսիրողները ձգտում են, նրա խոսքով՝ Ֆորմուլա-1-ն է:

«Մեզ մոտ պարապում է ավելի քան 60 երեխա, ակտիվ պարապմունքների ժամանակ՝ ավելի քան 30-ը: Հիմա բոլորը մեզ անընդհատ գրում են, թե երբ են վերսկսվելու պարապմունքները ու իրենց ծնողների հետ տխուր սպասում են ինչ-որ հնարավորության, իսկ միակ վայրը Play City-ի ավտոմրցուղին է, որտեղ հնարավոր է պարապմունքներն իրականացնել, բայց մենք այժմ, ցավոք, չենք կարողանում:

Ինչպես ցանկացած սպորտաձեւի պարագայում, այնպես էլ այս դեպքում, դադարից հետո շատ բարդ է ամեն բան կրկին վերականգնելը: Մեր երեխաների մեջ կան շատ տաղանդավոր բալիկներ, որոնք արտասահմանում մասնակցում են հեղինակավոր մրցումների եւ տեղեր են գրավում: Սակայն այժմ դադարի մեջ են, եւ բոլորս սպասում ենք հետագա զարգացումների… Բացի սպորտից, մեր առաքելություններից մեկն է նաեւ դաստիարակել անվտանգ, կարգապահ քաղաքացիներ, լավ մարդիկ, որոնց դաստիարակությունը սկսվում է մանուկ հասակից»:

Նշենք, որ նայած առկա ճգնաժամին՝ հայկական ավտոսպորտը վերջին տարիներին աննախադեպ աճ է գրանցում, եւ ընդամենը երեք տարվա ընթացքում ակումբի սաների ու մասնակիցների թիվը 10-ից հասել է շուրջ 700 պրոֆեսիոնալ եւ սիրողական մարզիկների:

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930