Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ճզմաչյանն իր ոսկե կանոնների, ընտանիքի, ընկերության ու խորհրդավոր դաջվածքի մասին

Հուլիս 17,2021 12:30

ԵվրոԱսիական համագործակցության ֆինանսաբանկային բիզնես ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանի հաջողության պատմությունը

«Առավոտը» վերսկսել է «Հաջողության պատմություն» հաղորդաշարը` արդեն նոր տաղավարում: Այս անգամ հյուրընկալել ենք ԵվրոԱսիական համագործակցության ֆինանսաբանկային բիզնես ասոցիացիայի փոխնախագահ, Հայաստանի բանկերի միության նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանին:

Քանի որ ձեւաչափը «առանց փողկապի» էր, զրույցն էլ թեթեւ էր, բայց բովանդակալից, պարոն Ճզմաչյանը որոշ դրվագներ հիշեց իր մանկությունից, դպրոցական տարիներից, ձիերի հուշանվերների հարուստ հավաքածուից եւ այլնից: Ասաց, որ եղել է չար եւ կռվարար երեխա, բայց մինչեւ 8-րդ դասարան գերազանց է սովորել, իսկ 6-րդ դասարանում երբ մի առարկայից քառորդը «4» են նշանակել, մինչեւ դասերի ավարտը լաց է եղել:

Սիրով հիշեց իր իմաստուն տատիկին եւ նրա խորհուրդները. «Տատիկս մահանալուց առաջ ինձ կանչեց եւ ասաց. «Սամվել ջան, չհասցրի մինչեւ քո հարսանիքը ապրել, բայց քեզ խորհուրդ եմ ուզում տալ: Եթե հանդիպես գեղեցիկ աղջկա, լավ է, եթե հանդիպես միջին գեղեցկության աղջկա` ոչինչ, եթե հանդիպես խելացի աղջկա, կրկին լավ է, եթե հանդիպես միջին ունակությունների տեր աղջկա` ոչինչ, սակայն մի հանգամանք պարտադիր է` աղջկա աչքը պետք է «լի» լինի»: Մեր զրուցակիցը հոր խոսքերն էլ չի մոռանում. «Չնայած, ամեն ինչ միշտ սրտիդ մոտ ես ընդունում, բայց հիշիր, որ դա էլ ժամանակի հետ կանցնի, կգնա»:

ԵվրոԱսիական համագործակցության ֆինանսաբանկային բիզնես ասոցիացիայի փոխնախագահն ասում է, որ իրենց սերունդն ընթերցասեր է եղել, գիշերներով հերթ էին կանգնում փողոցում, որ մի երկու գիրք գնեին. «Հատկապես Ջեկ Լոնդոնի եւ Զորի Բալայանի ստեղծագործությունները ուժեղ եւ դիմակայուն մարդկանց մասին են, ինչպես նաեւ ռուս գրականությունն եմ շատ սիրում, որն, իմ համոզմամբ, աշխարհում ամենահզորն է: Դրանց ընթերցումը, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ նման գործերի հիման վրա ստեղծված ֆիլմերի դիտումները իմ մեջ ձեւավորել են որոշակի աշխարհայացք եւ կյանքում հանդիպող բազմաթիվ դժվարություններին դիմակայելու ունակություն»:

Խնդրեցինք, որ նշի 3 կանոն, որոնք իր կարծիքով պետք է սրբորեն պահել բիզնեսում: «Ես ինձ բիզնեսմեն չեմ համարում: 48 տարի է՝ բանկային կամ բանկային աշխատանքին մոտ գործունեություն եմ ծավալել ու ծավալում: Իսկ բանկիրի համար բնավորության 3 գծերն են կարեւոր՝ ազնվությունը, պարկեշտությունը, դիմացինի դժվարությունները որպես սեփականն ընդունելը»,-ասաց պարոն Ճզմաչյանը:

Հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է՝ «մարդուն հագուստով ընդունում են, խելքով ճանապարհում» արտահայտության մասին: «Ես սիրում եմ լավ հագնվող մարդկանց, դա ինչ-որ տեղ հարգանքի նշան է դիմացինի հանդեպ, թեկուզ լինի անցորդ: Ես ինքս եմ այդպիսին: Սակայն բանկային աշխատանքն ինձ սովորեցրել է մարդուն, հաճախորդին ընդունելիս առանձնակի ուշադրություն չդարձնել հագուստին, իսկ երբեմն էլ խելքին: Դիմացինդ ընդամենը մարդ է, եւ դրանով ամեն ինչ ասված է»:


Պարզեցինք նաեւ, թե ինչն է կարեւորում ընկերության մեջ: «Կա երկու արտահայտություն, որոնք ես անչափ կարեւորում եմ ընկերության մեջ: Դրանք են՝ եթե ցանկանում ես ունենալ լավ ընկեր, այդպիսին եղիր ինքդ: Եվ երկրորդը՝ մարդը մահանում է այնքան անգամ, որքան անգամ ընկեր է կորցնում:

Անձամբ ես ինձ համարում եմ ընկերության մարդ, մինչեւ անգամ վերը նշված արտահայտությունները թեւիս վրա հաստատել եմ դաջվածքով»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է աշխատանքին, այստեղ էլ կարեւորում է խելքը, համառությունը, զսպվածությունը, արդարացված ռիսկը: Սկզբունքներից ամենակարեւորը նրա խոսքով` ազնվությունն է բոլորի եւ ամեն ինչի նկատմամբ:

Աշխարհի ամենալավ անկյունը համարում է Հայաստանը, Երեւանը, Հյուսիսային պողոտան, որտեղ եւ ապրում է:

Իսկ ո՞րն է իր հաջողության գրավականը եւ արդյոք իրեն հաջողա՞կ մարդ է համարում: «Իմ ողջ աշխատանքային կյանքում փորձել եմ բացառիկ ազնվություն ձեւավորել ընկերներիս, գործընկերներիս, հաճախորդների նկատմամբ: Մինչեւ իսկ հասուն տարիքում չեմ ամաչել սովորել, կյանքի բոլոր ոլորտներից քաղել եմ լավը ինձանից ավելի գիտակ մարդկանցից, տարեցներից, իսկ երբեմն էլ երիտասարդ անձանցից»,-ընդգծում է մեր հյուրը:

Սամվել Ճզմաչյանը՝ թոռնիկների հետ

Նաեւ «փակագծեր» է բացում. մանկուց երազել է դառնալ ճարտարապետ կամ ֆուտբոլիստ: Իրեն համարում է հաջողակ թե աշխատանքային ոլորտում, թե ընտանիքում. «Ես ունեցել եմ հրաշալի ծնողներ: Ունեմ հրաշալի ընտանիք: Կինս՝ Կարինեն, երաժշտագետ է: Ավագ դուստրս՝ Աննան, տնտեսագետ է, ժամանակին երկար տարիներ աշխատել է ինձ հետ «Անելիք» բանկում (այժմ՝ «ԱյԴի բանկ»): Կրտսեր աղջիկս՝ Մարինեն, բժշկական գիտությունների թեկնածու է, երկար ժամանակ աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Փեսաներս՝ Արամը եւ Միքայելը, տնտեսագետներ են, աշխատել են եւ աշխատում են բանկային եւ հարկային ոլորտներում: Թոռնիկներս` Լիաննան, Սուսաննան, Կարինեն, Աննան իմ թուլությունն են, հանուն նրանց պատրաստ եմ անգամ կյանքս տալ»:

Սամվել Ճզմաչյանը, որ բանկային ոլորտի «հնաբնակ» է ու հարուստ կենսագրություն ունի, երիտասարդներին, որոնք փորձում են առաջին քայլերն անել բիզնեսում, հետեւյալ խորհուրդն է տալիս. «Չշտապել, պահել արժանապատվությունը, չգնալ չարդարացված ռիսկերի, լինել ծայրաստիճան ազնիվ»:

Տարբեր ոլորտների ճանաչված անհատների հետ կապված տպավորիչ դրվագների էլ անդրադարձ եղավ: Դրանցից մեկը վերաբերում էր Մհեր Մկրտչյանին, որը ժամանակին Սամվել Ճզմաչյանի ղեկավարած հզորագույն «ՎնեշԷկոնոմ» բանկի հարեւանությամբ իր թատրոնն էր հիմնել ու փորձում էր միջոցներ հայթայթել թատրոնը պահելու համար:

«Ֆրունզիկը 80-ականների վերջերին, 90-ականների սկզբներին ոչ լավ հարաբերություններ ուներ այն ժամանակվա կուլտուրայի նախարարության հետ… Իր աշխատանքի մեծ մասն էլ, հակառակի նման, կապված էր այդ նախարարության հետ, սակայն իր հեռախոսազանգերին չէին պատասխանում: Այդ ժամանակ Հայաստանում կար մի 150 կառավարական հեռախոսահամար, որով կարելի է բոլորին միանալ: Ֆրունզիկը գալիս էր ինձ մոտ, իսկ ես քարտուղարուհիներին ասել էի, որ ինքը միանգամից կարող է ներս մտնել, թեեւ միշտ տակտը պահում էր: Բացում էր դուռը եւ …սկսվում էր «01:99»-ը… Սկզբում քիթն էր երեւում, հետո կանչում էր` ախպեր ջաաան, կթողես էդ հեռախոսից օգտվեմ…

Մյուս դրվագը հետերկրաշարժային շրջանին է վերաբերում: Ամբողջ աշխարհը լցված էր Հայաստանին օգնելու տենչով, այն ժամանակ միջազգային հանրությունն էլ այլ էր… Մի օր զանգ եղավ կառավարական հեռախոսի վրա… Այն ժամանակվա մինիստրների խորհրդի նախագահը հանրահայտ Ֆադեյ Տաճատի Սարգսյանն էր` ամենապարկեշտ, գիտակ ակադեմիկոսը: Ասաց, որ Մոնղոլիայից պատվիրակություն է եկել, որը ղեկավարում է իրենց մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը, որն ուզում է հանդիպել ինձ, այսինքն՝ Հայաստանի «ՎնեշԷկոնոմ» բանկի նախագահի հետ: Պայմանավորվեցինք, հաջորդ օրը եկան 3 հոգով: Պատվիրակության ղեկավարը ինքնավստահ ներս մտավ, բարեւեց: Բարեւեցի ու ներկայացա` Самвел Чзмачян: Միայն իրեն բնորոշ ռուսերենով այդ մարդն ասաց. «Oй какая трудный фамилия»: Ձայն չհանեցի այդ պահին: Հանդիպման ժամանակ այցեքարտերով փոխանակվեցինք: Եվ երբ իրենք գնացին, ես կարդացի իր անունը` Դոն Ժոմ Բարգին Բոն Գառ Սուռեն: Պատկերացնում եք, թե ինձ ինչքան հիացրին իր «հեքիաթային» հեշտ անուն-ազգանունը»,-ժպտալով նշեց Սամվել Ճզմաչյանը:

Խնդրեցինք նաեւ հումորով պատասխանել այն հարցին, թե ոսկե ձկնիկ բռնելու դեպքում ինչ կխնդրեր: Պարոն Ճզմաչյանն ասաց, որ լուրջ կպատասխանի. «Կխնդրեի վերադարձնել մեր բոլոր կորցրած տարածքները: Կխնդրեի, որ Հայաստանի սահմանները լինեին գոնե Վուդրո Վիլսոնի գծածի չափով: Կխնդրեի, որ տուն վերադառնային բոլոր գերեվարված տղաները, ժողովուրդն ապրեր արժանապատիվ կյանքով, եւ որ Աստված միշտ մեզ հետ լիներ, ինչը ոչ միշտ է այդպես»:

Հավելենք, որ հաղորդումը վարել են Գոհար Հակոբյանն ու Էդգար Այվազյանը, եւ մեր հաղորդման գործընկերներն են «Պարկ» եւ Terrazza ռեստորանները:

Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031