Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակելով «և՛-և՛»-ի սխալ մարտավարությունը՝ մոտ ժամանակներում կարող ենք կորցնել Հայաստանի  ինքնիշխանության ուժային բաղադրիչը. Հայկ Նահապետյան

Հուլիս 17,2021 17:06

1992 թ․-ից սկսած Հայաստանի իշխանությունները երկրի անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության պահպանման և սահմանների պաշտպանության խնդիրները լուծելու համար որդեգրեցին մոտեցում, ըստ որի պետք է միաժամանակ համագործակցել երկու հակոտնյա ռազմական դաշինքների՝ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի հետ, միաժամանակ պարտավորվելով դառնալ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը գտնում է, որ ի սկզբանե պարզ էր, որ «և՛-և՛»-ի նման մոտեցումը վերջնարդյունքում ձախողվելու էր, քանի որ Հայաստանը համագործակցում էր երկու այնպիսի ռազմա-քաղաքական միավորների հետ, որոնց կառավարման մեջ առանցքային դերակատարում ունեցող երկրները՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանի Դաշնությունը հակառակորդ երկրներ են և գտնվում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խորը մրցակցության մեջ։

«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած  «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք». ուղեղային գրոհի համար համաժողովի ժամանակ փորձագետն այսօր հիշեցրեց, որ 1991 թ․-ին այսպես կոչված Խորհրդային Միության փլուզման հետևանքով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների համար իրական հնարավորություններ ստեղծվեցին իրենց աշխարհաքաղաքական ազդեցության աշխարհագրությունը մեծացնելու՝ ներառելով նաև Հարավային Կովկասի հանրապետությունները, եւ ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային համագործակցության հիմքը դրվեց 1992 թ:

«ԱՄՆ-ի կողմից աշխարհի միաբևեռ կառավարմանը հրապարակավ առաջին անգամ ձեռնոց նետվեց 2007 թ. փետրվարի 10-ին Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի արտասանած ճառով, որը վերաբերում էր ժամանակակից համաշխարհային քաղաքականության միաբևեռությանը, ժամանակակից աշխարհում Ռուսաստանի տեղի և դերի տեսլականին, հաշվի առնելով արդիական իրողությունները և սպառնալիքները։ Նույնպիսի ուղղվածության ելույթով Վլադիմիր Պուտինը հանդես եկավ 2014թ. հոկտեմբերի 24-ին այսպես կոչված «Վալդայյան ճառով», որը շատ վերլուծաբաններ համարում են «Մյունխենյանի շարունակությունը»,- ասաց բանախոսը` փաստելով, որ 2014 թ. սկսած ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը ընդունել է առնվազն յոթ տասնյակից ավելի իրավական ակտեր, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը գնահատվում էր որպես հակառակորդ պետություն, իսկ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի համաժողովներում մեկ տասնյակից ավելի ընդունված բանաձևերում Ռուսաստանի Դաշնությունը դիտվում է որպես թշնամի պետություն։

«2007 թվականից սկսած ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև հակասությունները հետզհետե վերաճում են հակամարտությունների, որոնք տարբեր տարածաշրջաններում պատճառ են դառնում կա՛մ ռազմական բախումների, կա՛մ ներքաղաքական ցնցումների և իշխանազավթման՝ վերաճելով գունավոր հեղափոխությունների՝ գործիքակազմով և մեթոդաբանությամբ՝ իշխանափոխության։ Ռուսաստանի Դաշնության հետ բարիդրացիական և գործընկերային հարաբերություններով որոշ երկրներում արևմտյան ուղեղային կենտրոնները, Սորոսի գրասենյակի մասնաճյուղերը պարբերաբար նախապատրաստում և իրականացնում են իշխանափոխություններ։ Մեր տարածաշրջանում այդպիսի գործընթացներ տեղի ունեցան 2008 թ. Վրաստանում։ ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը դրսևորվեց նաև 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած հայտնի իրադարձություններով։ Գունավոր հեղափոխությունների մեթոդներով իրականացվող այդ գործընթացների սցենարիստների նպատակն էր տվյալ երկրները վերածել հակառուսական հենակետերի ԱՄՆ և իր դաշնակիցների համար։ Աշխարհաքաղաքական այդ մրցակցությունը չշրջանցեց նաև Հայաստանի Հանրապետությանը։ 2020 թ-ին Հայաստանը կորցրեց Արցախի մի մասը՝ տալով հազարավոր զոհեր և վիրավորներ։ Եվ կրկին հայաստանյան որոշ փորձագետներ և քաղաքական շրջանակներ փորձում են պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա՝ տարածելով հակառուսական տրամադրություններ»,-ասաց բանախոսը։

Բանախոսն ընդգծում է` Հարավային Կովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ն կամ որ նույնն է ԱՄՆ-ը ռազմական առումով ներկայացված է Թուրքիայի զինված ուժերով. «Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հետ հայկական կողմի դեմ Թուրքիայի զինված ուժերի մասնակցությունը դրսևորվեց ռազմա-տեխնիկական համագործակցությամբ, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր Շտաբի հարյուրավոր զինծառայողների մարտական գործողությունների մասնակցությամբ և մարտերի կառավարմամբ, հետախուզական տվյալների տրամադրմամբ, Սիրիայից հազարավոր ահաբեկիչների Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխմամբ և մարտական գործողությունների ժամանակ այդ խմբերի հրամանատարությամբ։ ՆԱՏՕ-ի մասնակցությունը Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներով, ռազմատեխնիկական համագործակցությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ ընդգրկում է ավելի մեծ աշխարհագրություն, ներառելով, Իրաքը, Սիրիան, Լիբիան, ինչպես նաև Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը։

Օրերս Աֆղանստանից ԱՄՆ-ի և իր ռազմական դաշնակիցների զինված ստորաբաժանումների դուրս բերումից հետո որոշ ռազմական օբյեկտների պահպանությունը դրվեց միայն Թուրքիայի զինված ուժերի վրա։ Աֆղանստանում իրական իշխանությունը շուտով իրենց ձեռքը կվերցնեն Թալիբան իսլամիստական արմատական շարժման զինյալները, որոնց զինյալ ջոկատները արդեն իսկ հասել են  ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի, ինչպես նաև միջինասիական մեկ այլ պետության՝ Ուզբեկստանի սահմաններին։ Տաջիկստանը տասնյակ հազարավոր քաղաքացիների զորակոչում է ամրացնելու համար իր երկրի և Աֆղանստանի սահմանները։ Այդ երկրի ղեկավարը օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից դիմագրավելու Աֆղանստանից եկող ակնհայտ սպառնալիքը և ստացել է դրական պատասխան։ Այլևս իրողություն է, որ որևէ երկրից ՆԱՏՕ-ի զորախմբի հեռացումը պայմանավորվում է այդ երկրի տարածքում Թուրքիայի զինական ուժի ամբողջական և լիակատար վերահսկողության սահմանմամբ և պատերազմական գործողությունների տարածքների ավելացմամբ»։

Ըստ Հայկ Նահապետյանի, Հայաստանը ևս ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող այդ քաղաքականության զոհը կարող է դառնալ, եթե անվտանգության իր միակ և հուսալի դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ չխորացնի ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը, 102 ռազմաբազայի նոր հենակետեր չտեղադրվեն Իրանի, Նախիջևանի և Թուրքիայի սահմանամերձ տարածքներում. «Ռուսաստանին հարավային ուղղությամբ հարված ՆԱՏՕ-ն կարող է իրականացնել, ներգրավելով Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև իսլամական ահաբեկչական խմբավորումները։ Հայաստանը այդ մարտահրավերները դիմագրավելու և սպառնալիքները չեզոքացնելու համար պետք է օր առաջ պատրաստվի դիմագրավելու հայոց պետականությանը սպառնացող իրական վտանգը։ Անկախ այն հանգամանքից, թե Հայաստանում որ քաղաքական ուժն է իշխանության ղեկին, ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր հանդիսացող ՀՀ Զինված ուժերի, առաջին հերթին բանակի վերազինումն ու ժամանակի և նոր իրողություններին համահունչ մասնագիտական ստորաբաժանումների ստեղծման, անձնակազմի վերապատրաստման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն միմիայն Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համապատասխան կառույցների և մասնագիտական խմբերի հետ։ Եթե այսօր ՀՀ իշխանությունների կողմից անգամ տեսականորեն փորձ արվի կրկին շարունակել իրականացնել «և՛-և՛»-ի սխալ մարտավարությունը, ապա կարող ենք արձանագրել, որ մոտ ժամանակներում կարող ենք կորցնել Հայաստանի  ինքնիշխանության ուժային բաղադրիչը, որը ամենակործանարար հետևանք կարող է ունենալ և հայոց պետականության և հայ ժողովրդի և ՀՀ քաղաքացիների համար, առաջացնելով հայրենազրկման կործանարար մեծ ալիք»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031