Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր անկախ պետականության համար Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու  ընդունակությունն է որոշելու Հայաստանի պետականության որակը և ինքնիշխանության հեռանկարը. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Սեպտեմբեր 09,2021 22:30

Պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ վերջին շաբաթներին տեղի ունեցած ազդակների փոխանակումը հնարավորություն են ընձեռել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը շփման եզրեր գտնեն հետագա երկկողմ հարաբերությունները կառուցելիս եւ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսություն ծավալեն դրա շուրջ։

Տարածաշրջանի պետությունների շահերի առկա համընթացությունը պետք է դիտարկել որպես բացված պատուհան, որից օգտվելն էապես կմեծացնի Հայաստանի Հանրապետության ներուժը որպես տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անվտանգության շահը որպես տարածաշրջանում պատասխանատու դերակատարի, պահանջում է, որպեսզի պաշտոնական Երեւանը սուվերեն դիրքորոշում ձեւակերպի հնարավոր գործընթացին ընդառաջ։

Հանուն Հանրապետության կուսակցությունն աջակցում է Թուրքիայի հետ ճանապարհների և երկաթուղու  ապաշրջափակման խոսակցություն սկսելու գործող իշխանության մտադրությունը, հարցը սակայն դիտարկելով շատ ավելի խորքային՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայում խոսակցությունը, իսկ ապագայում նաև հարաբերություններ հաստատելու շուրջ բանակցությունները պետք է ունենան հստակ ռազմավարություն, և գործողությունների քարտեզ, որը չի կարող սահմանափակվել միայն հրապարակված օրակարգով: Թուրքիայի հետ ուղիղ խոսակցությունը, իսկ ապագայում հարաբերությունների հաստատումը կարող է արմատապես փոխել տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անխուսափելիորեն նվազեցնելով սպառնալիքներն ու մարտահրավերները:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Թուրքիայի հետ խոսակցությունը, իսկ ապագայում բանակցությունները չի կարող լինել ի հաշիվ մեր ազգային շահերի արցախյան հիմնահարցի հետ փոխկապակցման և ցեղասպանությունից մազապուրծ իր բնօրրանից բռնի տեղահանված և աշխարհով մեկ սփռված մեր բյուրավոր ազգակիցների սերունդների արդար պահանջատիրության: Անկարայի հետ խոսակցություն և երկխոսություն սկսելուց առաջ պետք է հստակ հայտարարել, որ պաշտոնական Երևանը չի ներկայացնում սփյուռքին, ուստի Թուրքիայի իշխանություններն այսօր կամ ապագայում պարտավոր են գտնել մեր ժողովրդի սփյուռքյան հատվածի հետ ուղիղ երկխոսության ուղիներ:

Մոսկվայի կանխավ դրական արձագանքին զուգահեռ Երևանի և Անկարայի միջև ուղերձների վերջին փոխանակումների վերաբերյալ կարևորում ենք նաև  տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունեցող այլ ուժային կենտրոնների վերաբերմունքը:

Մեր անկախ պետականության համար Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու  ընդունակությունն է որոշելու Հայաստանի պետականության որակը և ինքնիշխանության հեռանկարը:

Համոզված ենք, որ Թուրքիայի հետ խոսակցությունն ինքնին բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից եւ դրականորեն կազդի տարածաշրջանում խաղաղության հաստատման, անվտանգության եւ կայունության միջավայրի վրա։

Հանուն Հանրապետության Կուսակցության Քաղաքական Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930