Իրավապահ մարմինների վերջին գործողությունները կարևոր հիշեցում են․
հանրային մեծ նշանակություն ունեցող յուրաքանչյուր գործ պետք է լինի թափանցիկ, իրավաբանորեն անխոցելի, ապացույցներով հիմնավորված և հանրության համար համոզիչ։ Պետությունը չպետք է թողնի որևէ կասկած, որ օրենքը կիրառվում է ընտրովի, քաղաքական նպատակով կամ քաղաքական հաշվարկով։ Միաժամանակ, իրավական պետությունում արդարադատությունը չի կարող լինել հատվածական։
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ամբողջական իրավական և քաղաքական գնահատական տալ առնվազն 1998-2018 թվականներին ձևավորված և պետությունը զավթած քրեաօլիգարխիկ համակարգին՝ ընտրությունների համակարգային կեղծմանը, քաղաքական սպանություններին, ապօրինի քրեական հետապնդումներին, ազատազրկումներին, զանգվածային բռնաճնշումներին, խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներին, սեփականության իրավունքի զանգվածային խախտումներին, կոռուպցիոն և տնտեսական հանցագործություններին, ինչպես նաև Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի և այդ ժամանակաշրջանի մյուս ծանր պետական հանցագործությունների ամբողջական բացահայտմանը։
Նույն իրավական գնահատականի առարկա պետք է դառնան նաև պետական գույքը պարտքի դիմաց օտարելու, ռազմավարական ենթակառուցվածքները կոնցեսիոն կամ այլ ձևերով օտար կառավարման հանձնելու, Հայաստանի էներգետիկ, տրանսպորտային և այլ կենսական ենթակառուցվածքները օտար պետության կամ նրա վերահսկողության ներքո գործող կառույցների վերահսկողությանը փոխանցելու բոլոր որոշումները։
Կարդացեք նաև
Պետք է ստուգվի դրանց օրինականությունը, սահմանադրականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության և հանրային շահի սկզբունքներին։ Այս պահանջը վաղուց այլևս բացառապես քաղաքական պահանջ չէ։ Այն ունի հստակ իրավական հիմք։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը փաստացի արձանագրեց պետության պատասխանատվությունը Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում տասը անզեն քաղաքացիների կյանքի իրավունքի խախտման համար։
Սա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն առանձին կատարողների, այլև քաղաքական և ինստիտուցիոնալ պատասխանատվության ամբողջական իրացումը։ Հանրությունը սպասում է պետությունը զավթած ամբողջ համակարգի քաղաքական և իրավական լիարժեք գնահատականին։ Պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն այդ համակարգը սպասարկած պաշտոնատար անձինք, այլև այն քաղաքական կուսակցություններն ու քաղաքական ուժերը, որոնք ձևավորել, պահպանել և վերարտադրել են այդ համակարգը՝ պետական իշխանությունը ծառայեցնելով ոչ թե Սահմանադրությանը և հանրային շահին, այլ ամեն գնով իշխանության պահպանմանը, քաղաքական հետապնդումներին, կոռուպցիոն կառավարմանն ու Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների հետևողական ձևախեղմանը։
Պետական ամբողջ մեքենան տարիներ շարունակ ծառայեցվել է ոչ թե իրավական և ժողովրդավարական հանրապետության կայացմանը, այլ դրա իմիտացիայի պահպանմանը։ Հենց այդ համակարգն է ծնել անպատժելիությունը, օլիգարխիան, ընտրական կոռուպցիան, քաղաքական բռնաճնշումները և պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության համակարգային քայքայումը։ Միաժամանակ, Հայաստանը պետք է վերջնականապես փակի օլիգարխիայի վերադարձի ճանապարհը դեպի քաղաքականություն։
Քաղաքական իշխանությունը չի կարող դառնալ խոշոր կապիտալի ներդրումային նախագիծ, իսկ ժողովրդի քվեն՝ ֆինանսական ռեսուրսով ձեռք բերվող ապրանք։ Ժողովրդավարությունը պահանջում է այնպիսի իրավական սահմանափակումներ և ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնք կբացառեն կապիտալի, մենաշնորհների կամ արտաքին ազդեցության միջոցով պետական իշխանության յուրացման ցանկացած հնարավորություն և փորձ։
Իրական արդարադատությունը հաստատվում է, երբ օրենքը գործում է համընդհանուր և ոչ ընտրովի, իսկ պատասխանատվության է ենթարկվում ոչ թե առանձին օլիգարխը և պաշտոնյան, այլ պետությունը զավթած ամբողջ համակարգը։ Միայն այդ դեպքում Հայաստանը կփակի քրեաօլիգարխիկ անցյալի էջը և կհաստատի իրավունքի, ժողովրդավարության ու պետական ինքնիշխանության վրա հիմնված իրական հանրապետություն։
«Հանուն Հանրապետության» կուսակցություն


















































