Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացի երեխայիս տեսնելու, նախկին ամուսինս «գազովի բալոնչիկով» փչեց աչքերիս, ժամանակավորապես կուրացա, դեմքս քիմիական այրում ստացավ». Սիրարփի Ասատրյան

Սեպտեմբեր 29,2021 16:38

Ամուսնու կողմից բռնության ենթարկված Սիրարփի Ասատրյանը մի քանի ամիս է՝ չի կարողանում տեսակցել իր 5-ամյա որդուն եւ ոստիկանությունը որեւէ քայլ չի ձեռնարկում, որ մայրը տեսնի երեխային՝ չնայած երեխան դատարանով մոր խնամքին է հանձնված: Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց Սիրարփի Ասատրյանը, որը ընտանեկան բռնության զոհ է եւ ճանաչվել է որպես տուժող:

Սիրարփիի խոսքով, ծնված օրվանից երեխան գտնվել է իր խնամքին եւ երբ ամուսինը սկսել է իրեն բռնության ենթարկել՝ երեխայի հետ տնից փախել է: Ասում է՝ դատարանով ամուսնալուծվել է եւ որոշ ժամանակ անց կապ է հաստատել նախկին ամուսնու՝ երեխայի հոր հետ, որպեսզի որդին բարդույթներ չունենա, թե հայր չունի:

«Երբեք չեմ խոչընդոտել երեխայի եւ հոր տեսակցությանը: Բայց երբ երեխան դարձել է 5 տարեկան՝ նախկին ամուսինս սկսել է երեխային մանիպուլյացիայի ենթարկել: Տեսանկարահանել է երեխայիս եւ իմ նկատմամբ սերմանել է ատելություն ու վախ՝ իբր ես երեխայիս ծեծել եմ: Հիմա դրանք որպես ապացույց նա ներկայացնում է իմ դեմ»,-ասաց Սիրարփի Ասատրյանը: Նրա խոսքով, երկու անգամ դիմել է ոստիկանություն՝ իբր մայրը ծեծում է որդուն. «Բայց նման բան չի եղել: Երկրորդ անգամ երբ դիմել է, 10 օրով ինձ զրկել են երեխային տեսակցելու իրավունքից: Բայց փաստաբանի օգնությամբ երբ որոշումը բողոքարկեցինք՝ վարչական դատարանը բեկանեց այն: Բայց երեխային հայրն այլեւս չի վերադարձրել»:

Սիրարփի Ասատրյանը երեխային տեսակցելու համար դիմել է դատարան, եւ, նրա խոսքով, դատարանը մի քանի ժամվա տեսակցություն է սահմանել, բայց հայրը դա էլ չի թույլատրել:

Խոչընդոտելու դեպքի առիթով Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ի միջնորդությամբ քրեական գործ է հարուցել, բայց, Սիրարփիի խոսքով, մեկ տարի է՝ այդ գործն այդպես էլ վարույթում է. «Ինձ ճանաչել են տուժող, բայց ամուսնուն չեն ճանաչել որպես մեղադրյալ: Ո՛չ բռնարար են հաշվառել, ո՛չ էլ պատասխանատվության են ենթարկել: Վերջին ամիսներին երեխաս շատ մեծ սթրեսների է ենթարկվում: Գնացել եմ նախկին ամուսնուս բնակության վայր երեխային տեսակցելու, նա «գազովի բալոնչիկ» է փչել վրաս, ժամանակավորապես կուրացել եմ, դեմքս քիմիական այրում է ստացել: Դիմել եմ բժշկական հաստատություններ եւ երկու շաբաթ շատ վատ եմ եղել: Դիմել եմ ոստիկանություն, բայց քրեական գործ չի հարուցվել: Բացի ինձնից, այդ գազից այլ երեխաներ ու մեծահասակ կանայք էլ են թունավորվել, որոնք նույնպես դիմել են ոստիկանություն, բայց նա պատասխանատվության չի ենթարկվել»:

Սիրարփի Ասատրյանի ներկայացմամբ, գործը գտնվում է Ոստիկանության Մալաթիայի բաժնում:

Տուժողի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արա Ղարագյոզյանի կարծիքով, իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը եւ մնացած մարմինները սպասարկում են բռնարարին. «Կա նաեւ հոգեբանի կարծիք, որ հայրը վատ ազդեցություն է գործադրում երեխայի նկատմամբ, որպեսզի մայրը չկարողանա տեսակցել: Սակայն մեկ ամսից ավել ոչ միայն քրեական գործ չի հարուցվել, այլեւ մերժվել է քրգործի հարուցումը: Դա անգործություն է: Բռնության ենթարկված կինն անպաշտպան է»:

Արա Ղարագյոզյանի խոսքով, դիմելու է միջազգային կառույցներին, որպեսզի այս դեպքի օրինակով ցույց տա, որ ոստիկանության բարեփոխումների համար տրված գումարները ոչ մի օգուտ չեն տվել, եւ, ոստիկանության պաշտոնյաների հավաստիացումները, թե իրենք պայքարում են ընտանեկան բռնության դեմ, պարզապես սուտ են:

«Հենց իրավապահների անգործության պատճառով են տեղի ունենում ընտանեկան բռնությունները»,-ասաց պարոն Ղարագյոզյանը:

Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը գտնում է, որ խնդիրը համակարգային է. «Իրավապահ համակարգում մենք ունենք ոչ զգայուն վերաբերմունք ընտանեկան բռնության դեպքերին, եթե նույնիսկ գոյություն ունի օրենք: Իրավապահ համակարգը դեռեւս չի պատկերացնում՝ ինչպես պետք է պաշտպանի երեխային, որն է երեխայի լավագույն շահ հասկացությունը: Շատ հաճախ երեխաները դառնում են մանիպուլյացիաների զոհ եւ երեխաների միջոցով են ցավ պատճառում նախկին կնոջը»:

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, եթե բռնարարը գտնվում է առավել զորեղ, առավել պաշտպանված դիրքերում եւ գուցե նաեւ կապեր ունի իրավապահ համակարգի տարբեր օղակների հետ կամ՝ իրեն ամուր է զգում քաղաքական դաշտում, կարողանում է ներազդել գործի վրա:
«Այս բոլոր գործերն անցնում են մեկ վարույթի շրջանակում, բայց երբ ուսումնասիրում ես ապացույցները, ցուցմունքները, անձը, առնվազն, պետք է որպես մեղադրյալ ներգրաված լիներ: Սա նշանակում է, որ իրավապահ մարմինների կողմից տեղի է ունենում անգործություն եւ, ցավոք, կինն է սկսում իր իրավունքները պաշտպանել եւ արդյունքում ոստիկանությունը նրան է մեղավոր ճանաչում»,-ասաց Արա Ղարագյոզյանը:

Նա կոչ արեց «Ստամբուլյան կոնվենցիայի» դեմ ցույց անող քաղաքացիներին, գալ եւ պաշտպանել բռնության ենթարկված կանաց իրավունքները, կանգնել Սիրարփիի կողքին. «Մենք հիմա չունենք կոնկրետ կոնվենցիա, որը կպաշտպանի կնոջ իրավունքները ընտանիքում բռնությունից: Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ցույցեր արեցին, բայց երբ կինը ենթարկվում է բռնության, որեւէ մեկը չի կանգնում նրանց կողքին: Ի վերջո, մայրը ամիսներ շարունակ չի կարողանում երեխային տեսակցել, բա ո՞ւր մնաց երեխայի լավագույն շահը: Ոստիկանությունը տեւական ժամանակ տեղյակ է, որ Սիրափին չի կարողանում տեսակցել իր երեխային, բայց որեւէ քայլ չի ձեռնարկում, որ տեսակցի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930