Լրահոս
Օրվա լրահոսը

«Բալասանյան դաշինքը» մերժե՞լ է ՔՊ-ի առաջարկը․ Կուլիսային հետաքրքիր զարգացումներ Գյումրիում

Հոկտեմբեր 21,2021 17:35

Մինչ գյումրեցիները տարբեր կառույցներում, փողոցներում, սոցիալական ցանցերում քննարկում են, թե ում կանցնի Գյումրու կառավարման ղեկը, ինչպիսի՞ քաղաքային իշխանություն կձևավորվի, «Բալասանյան դաշինքը» կմիանա՞ արդյոք ՔՊ-ի հետ՝ կոալիցիա կազմելով, մեզ լուրեր են հասնում, որ ամենաշատ ձայներ հավաքած քաղաքական ուժը մերժել է իշխող կուսակցության հետ համագործակցությունը։

Մեզ հասած տեղեկություններով, «Բալասանյան դաշինքին» առաջարկվել է կոալիցիա կազմել երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրելով Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունը։ Հնչել է նաև առաջարկ փոխատեղվելու․ Գյումրու քաղաքային ղեկը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին հանձնելու, իսկ «Բալասանյան դաշինքի» քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանին՝ Շիրակի մարզպետի պաշտոնում առաջադրելու։

«Բալասանյան դաշինքի» անդամներն էլ, երկար մտորելուց, գուցե և գյումրեցիների քննադատող կարծիքներին ծանոթանալուց հետո՝ երեկ մերժել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկը՝ իրենց հերթին նրանց առաջարկելով կոալիցիա կազմել մյուս քաղաքական ուժերի հետ։

Ըստ մեզ հասած տեղեկության, «Բալասանյան դաշինք»-ը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է իր առաջին համարի՝ Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը։

Սամվել Բալասանյանի թիմակիցները նաև նշել են, որ եթե անգամ իրենց թեկնածուն քաղաքապետ չընտրվի, փոխարենը ընտրվի ՔՊ-ական թեկնածուն՝ մյուս ուժերի հետ համագործակցության արդյունքում, այս դեպքում ավելի պատվաբեր է դառնալ փոքրամասնություն Գյումրու ավագանու կազմում կամ վայր դնել մանդատները, քան խայտառակվել ու ամոթով դուրս գալ իրենց ձայն տված գյումրեցիների առջև։ Այլ կերպ ասած՝ «Բալասանյան դաշինքը» իր նկատմամբ արվող իշխանական ճնշումներին տեղիք չի տվել։

Նշենք, որ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն, դեռ ամռանը Գյումրու քաղաքապետի պաշտոնը լքող Սամվել Բալասանյանի ու ՔՊ-ականների միջև նախնական պայմանավորվածություն եղել է։ ՔՊ-ականները համոզում էին Սամվել Բալասանյանին շարունակել պաշտոնավարումը, սակայն նա, հրաժարվելով ընտրություններին անձամբ մասնակցելուց, ՔՊ-ականներին խոստացել էր օգնել, բայց և չէր հաշվարկել, որ վարչական ռեսուրսներ ունեցող ուժը կպարտվի իր ազգանունը կրող ուժին։

Մեզ հավաստիացնում են, որ քաղաքապետի պաշտոնի համար հստակ պայմանավորվածություն այս երկու ուժերի միջև չի եղել, հետեւաբար և կիրառելի է՝ քաղաքագլուխ կդառնա նա, ով ավելի շատ ձայներ է հավաքել։

Ինչևէ, մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել «Բալասանյան դաշինքի» ավագանու թեկնածու Սոնա Առաքելյանից։

Նա ասաց․ «Նման բան չկա, մենք դեռ ներթիմային քննարկումների մեջ ենք, քանի դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չեն հրապարակվել վերջնական արդյունքները, դեռ չգիտենք մանդատների բաշխումը ինչպես է կատարվելու, դրա համար սահմանափակվում ենք միայն ներթիմային քննարկմամբ։ Երբ ունեցանք վերջնական արդյունքներն ու մանդատները, այն ժամանակ կունենանք թիմից դուրս քննարկումներ»։

Նախնական հաշվարկներով, առաջին տեղը զբաղեցրած «Բալասանյան դաշինքին» հասնում է 14 մանդատ, ՔՊ-ին ՝ 11, «Զարթոնք» կուսակցությանը՝ 4 մանդատ, «Ապրելու երկիր» և ՀՀԿ կուսակցություններին երկուական մանդատներ։

ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանը մեզ ասաց, որ բացառում են համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, իրենք գործելու են ընդդիմադիր դաշտում, մյուս ուժերի հետ համագործակցությունը կերևա մանդատները ստանալուց հետո, դեռ քննարկում չեն արել։

«Մնալով ընդդիմադիր՝ կտեսնենք այդ դաշտում միասնական կգործե՞նք, թե՞ ամեն ուժ իր համար, թող պաշտոնապես հաստատեն արդյունքները, նոր կորոշենք»,-ասաց Արտյոմ Ղուկասյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք ոչ մի ուժի հետ կոալիցիա չենք կազմելու»։

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանն էլ, պատասխանելով մեր այն հարցին, թե ո՞ր ուժի հետ են պատրաստ համագործակցության, կա՞ սահմանափակում, որ ասենք ՔՊ-ի հետ չենք համագործակցում ու վերջ, ինչպես հայտարարել էր «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն, ասել էր

«Ես հիմա չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, ես շեշտեցի, որ քաղաքական մարդ չեմ, իմ համար քաղաքի խնդիրն է առաջնային, և ես ինքս այդ սկզբունքով եմ մասնակցել ընտրությունների։ Քաղաքի կառուցման հետ կապված ես պատրաստ եմ բոլորի հետ աշխատել․ դա կլինի կոալիցիա, թե ավագանու առանձին անդամներ, ինչն ազնիվ է , անելու ենք, ինչն անարդար է, մերժելու ենք առաջին իսկ օրվանից, հենց կստանանք մանդատները։ Ես ինքս նախ իմ հետ ներդաշնակ եմ այդ առումով, և հետո ժողովրդին մենք խոստացել ենք, աչքերին նայելու ենք և պետք է նայենք»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ Aravot.am-ի այն հարցին, թե պատրա՞ստ է քաղաքապետ դառնալ, երբ առաջին տեղը զբաղեցրել է ոչ թե իր քաղաքական ուժը, այլ «Բալասանյան դաշինք»-ը, որն ունի իր սեփական թեկնածուն, պատասխանել էր․ «Այս ամենի մասին մի քիչ վաղ է խոսելը, որովհետև սպասում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփմանը, բայց ինձ համար շատ կարևոր է քաղաքի զարգացումը, մենք այս գործընթացի մեջ մտել ենք հանուն քաղաքի։ Եվ եթե քննարկումների արդյունքում այնպիսի որոշման հնարավորություն կլինի, որն իրոք հօգուտ քաղաքի կլինի, մենք կկանգնենք այդ որոշման կողքը։ Մենք ունեցանք մի իրավիճակ, երբ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չգնաց քվեարկություն և դա ունի իր պատճառը, որը մենք հիմա վերլուծում ենք, այս ընտրությունների արդյունքները չպիտի ազդեն քաղաքի զարգացման վրա»։

Հ․ Գ․ Ի դեպ, պնդել, որ ՔՊ-ի պարտությունը Գյումրիում պայմանավորված է թեկնածու Հովհաննես Հարությունյանի անձով ու գործունեությամբ, բացարձակ անհիմն է, քանի որ թեկնածուն ՔՊ-ի ամենահաջող կադրերից է, իսկ իշխող կուսակցությունը Շիրակի մարզում ունի կադրերի մեծ ճգնաժամ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031