Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ պատժի միջոց կիրառելիս ընտրվում է՝ ում պետք է կալանավորել, ում՝ ոչ». Երեմ Սարգսյանը՝ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործի առիթով

Հունվար 21,2022 15:26

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը: Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս գործով նիստերն անցկացվում են դռնփակ: Գործով ամբաստանյալ Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է: Խոսելով գործը ձեռքով դատավորին մակագրելու պրակտիկայի մասին՝ նա ասաց. «Սա ակնհայտ խախտում է արդար դատաքննության, սա ոչ միայն այս քրեական գործով, այլև ՀՀ-ում տեղի ունեցող այլ գործերով է: Մի օր այս խախտումը Եվրոպական դատարանի կողմից կարձանագրվի: Բոլոր այս գործերով պատասխանատվությունն ընկնելու է այն անձանց վրա, որոնք թույլ տվեցին, որ այս համակարգիչներն առգրավվեն, որոնք միջոցներ չեն ձեռնարկել այս խնդիրները լուծելու համար: Ուզում եմ Դատալեքս համակարգով ստուգել նույն օրը մակագրված քրեական գործերը, հիմա էլ տեսնում ենք, համակարգը չկա: Ամեն ինչ արվում է, որ իրենց ցանկացած մեղադրանքի քննությունը շարունակվի և հասարակական վերահսկողություն չլինի: Այս խնդրին նաև անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանը»:

Խոսելով անձանց կալանքի տակ պահելու այն հիմնավորման մասին, որ նրանք կարող են խոչընդոտել գործի քննությանը, Երեմ Սարգսյանը նկատեց. «Մենք ամեն կերպ փորձում ենք հիմնավորում ստանալ յուրաքանչյուր ամբաստանյալի մասով: Խնդրում ենք ասել՝ ինչո՞ւ են նրանք գտնվում կալանքի տակ: Հիմա բոլոր ապացույցների հավաքման գործընթացն ավարտվել է, բոլոր անձինք մի քանի անգամ են ցուցմունք տվել: Ուստի ասել, որ ազատության մեջ լինելու դեպքում կարող են փաստաթղթեր թաքցնել, ինչ-որ անձանց վրա անօրինական ճնշում գործադրել, պետք է հասկանալ, թե ում վրա կարող են ազդել և ինչ նպատակով: Պրակտիկան ցույց է տալիս, որ դատաքննության փուլում խոչընդոտման հնարավորությունը վերանում է»:

Խոսելով մեղադրանքի հիմքում դրվող այն պնդման մասին, որ ոչ պիտանի հրթիռներ են գնվել, Երեմ Սարգսյանը վստահեցրեց՝ պատերազմի ընթացքում այդ հրթիռները կրակել են: Դա բոլորն էլ գիտեն:

Իսկ այն, որ Արտակ Դավթյանի մասով կալանքը չի ընտրվել որպես խափանման միջոց, Երեմ Սարգսյանը ճիշտ է համարում, քանի որ հիմք չկա: Նա զուգահեռ տանելով, ասաց. «Նույն տրամաբանությունը պետք է մյուսների պարագայում լինի: Օրինակ՝ Ավետիք Մուրադյանը, որ 2015-ից պաշտոն չի զբաղեցրել, ինչո՞ւ պետք է կալանքի տակ լինի, ինչո՞վ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը: Տպավորություն է, որ պատժի միջոց կիրառելիս ընտրվում է՝ ում պետք է կալանավորել, ում՝ ոչ: Անձինք պետք է լինեն ազատության մեջ, և քննությունը պիտի շարունակվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31