Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան․ Գերությունից վերադարձած եւ կալանավորված Արեն Արամյանի վիճակը օր-օրի բարդանում է

Հունվար 21,2022 16:10

2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով գերեվարված, տասը օր հետո ՀՀ վերադարձած եւ կալանավորված Արեն Արամյանի գործով այսօրվա դատական նիստում ներկայացվել է նրա խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու պաշտպանի միջնորդությունը։ Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, ներկայացվել են միջնորդության հիմնավորումները, թե ինչու պետք է խափանման միջոցը փոխվի, դա Արեն Արամյանի առողջական վիճակն է եւ նախաքննության ավարտը․ «Վերջին օրերին անցկացված հետազոտություններն էլ դատարանը ուշադրության արժանացրեց, դատական նիստը հետաձգվեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացվի բժշկական հետազոտության արդյունքները, որից հետո կշարունակվի դատական նիստը»։

Փաստաբանի խոսքով՝ Արեն Արամյանի առողջական վիճակը օր-օրի վատանում է, եւ վերջին օրերին արված հետազոտությունները ցույց են տալիս, որ նա պետք է անհապաղ ենթարկվի բժշկական միջամտության, քանի որ գերեվարման օրը նա հրազենային վիրավորում է ստացել, ոտքը չի աշխատում։ Արա Կարապետյանի կարծիքով՝ Արեն Արամյանի առողջությունն անհամատեղելի է կալանավորման հետ։

«Արեն Արամյանը ձերբակալվելուց հետո հետազոտվել է դեկտեմբերի վերջին՝ պաշտպանական կողմի դիմումից հետո, հետազոտությունից հետո բժիշկներն ասել են, որ շտապ պետք է ենթարկել վերականգնողական բուժման։ Դեկտեմբերի 12-ին էլ Մուրացանում հետազոտվելուց հետո ասել են՝ պետք է ֆիքսատորով մեկ ամիս անշարժ պառկի, որից հետո վերականգնողական բուժում ստանա։ Ոչ մի գործողություն չի կատարվել։ Այս պահի դրությամբ էլ բժշկական միջամտություն չի կատարվել, միայն հետազոտվել է։ Կալանքի տակ մնալով անդառնալի հետեւանքներ կլինեն, Արեն Արամյանն ամբողջ կյանքում կմնա հաշմանդամ»,-ասաց փաստաբանը։ Նա նշեց, որ ադրբեջանցիները Արամյանին գերության ընթացքում բժշկական օգնություն են ցուցաբերել։ Սա փաստաբանին Արամյանն է ասել։

Հարցին՝ արդյոք դատավորը ճնշված է, հաշվի առնելով, որ վարչապետն ու այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է հետաքննվի, փաստաբանը պատասխանեց․ «Ճնշում, որպես այդպիսին, ես վստահ չեմ դրանում, քանի որ դատարանը վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած հիմքերից դիտարկել է միայն այն, որ ազատության մեջ մնալով կարող է ապօրինի ազդել գործով անցնողների վրա։ Մյուս հիմքերի դեպքում դատարանը ռիսկ չի տեսել։ Այդ ընթացքում առերես հարցաքննություն է եղել, գերությունից վերադարձածներին են հարցաքննել։ Այս պահին հայտարարվեց, որ նախաքննությունն ավարտվել է եւ բոլոր գործողությունները կատարված են։ Դատարանն հիմնական ուշադրությունը սեւեռեց Արեն Արամյանի առողջության վրա»։

Փաստաբանը հիշեցրեց՝ Արամյանը նոյեմբերի տասնվեցին գերեվարումից առաջ ծնկի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, 45 օր հետո ռենտգեն հետազոտության է ենթարկվել, պարզվել է, որ ծնկի շրջանում ունի բազմաբեկոր կոտրվածքներ, որոնք վնասել են հոդերը, արյուն է կուտակվել։

«Ես առավել, քան վստահ եմ, որ դատաքննության փուլում Արեն Արամյանն արդարացվելու է։ Նա ոչ մի հանցավոր արարք չի կատարել, հակառակը, մարտի է բռնվել։ Կարծում եմ՝ դատաքննությունը բաց կլինի, բոլորը կտեսնեն»,-ասաց փաստաբանը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31