Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթուղթ․ ի պատասխան Ալեն Սիմոնյանի հայտարարության

Փետրվար 01,2022 23:50

Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակի»՝ հունվարի 31-ին հրապարակած հետաքննությանը։ Նա, մասնավորապես, վստահեցրել է, որ Երևանի Աբովյան 62, բն. 6 հասցեում գտնվող՝ համասեփականության իրավունքով իրեն պատկանող և, ըստ մեր հրապարակման, հայտարարագրման ենթակա բնակարանը վաճառվել է դեռ տարիներ առաջ։

«Նշված գույքը յոթ, ութ, տասը տարի առաջ, նույնիսկ չեմ հիշում, վաճառվել է […] պաշտոնապես հայտարարում եմ, կարող են նորից ստուգել։ Ես վստահ եմ, ես արդեն քննարկել եմ, մեր փաստաբանների հետ, կդիմեմ դատարան, հերքում կպահանջեմ, և զրպարտություն կա, էնտեղ ակնհայտ զրպարտություն կա»,- հայտարարել է Սիմոնյանը՝ խորհուրդ տալով «ավելի ուշադիր լինել, տնտղել և նորից ստուգել» այս հանգամանքը։

«Փաստերի ստուգման հարթակը» ուշադիր տնտղեց և նորից ստուգեց ձեռքի տակ եղած փաստաթղթերը, որոնք ներկայացնում ենք ստորև։

Այսպես․ 2012 թվականի մայիսի 4-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Աբովյան փողոցի 62 շենքի հ․ 6 բնակարանի մի մասը որպես սեփականություն նվիրվել է Ալեն Սիմոնյանին և նրա մորը՝ համաձայն վերջիններիս խնդրանքի։

Թեև Ալեն Սիմոնյանը պնդում է, որ նշված բնակարանը վաճառվել է տարիներ առաջ, սակայն 2021 թ․ հոկտեմբերին կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքի համաձայն՝ Ալեն Սիմոնյանը համարվում է այդ բնակարանի համասեփականատեր։

Ի դեպ՝ Քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման։ Իսկ նույն օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական գրանցման ենթակա (այդ թվում՝ անշարժ գույքի վաճառքը), բայց պետական գրանցում չստացված գործարքն առոչինչ է։

Սա նշանակում է, եթե Ալեն Սիմոնյանը վաճառած լիներ խնդրո առարկա բնակարանը (դրանում՝ իր մասնաբաժինը), ապա այդ գործարքը պետք է գրանցվեր Կադաստրի կոմիտեում, ինչը, ըստ փաստաթղթի, չի կատարվել։

Սևադա Ղազարյան

«Փաստերի ստուգման հարթակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28