Լրահոս
Օրվա լրահոսը

Տոտալիտարիզմի հետքերը

Փետրվար 16,2022 15:00

Ինչպիսի կարծրատիպեր են ձեւավորվել մարդկանց գիտակցության մեջ նախորդ տասնամյակների ընթացքում

«Տոտալիտար իրավագիտակցությունը, սովորական օրինականության հանդեպ իր արհամարհանքով եւ աշխարհում արդարության բացարձակ թագավորություն հաստատելու իր հավակնությամբ, ցանկանում է ուղղակիորեն իրականացնել Պատմության կամ Բնության օրենքը՝ չփոխադրելով այն անհատական վարքի համար նախատեսված բարու եւ չարի նորմերի մեջ», – մի քանի տասնամյակ առաջ գրել է ամերիկացի փիլիսոփա Հաննա Արենդտը իր գրքում, որը կոչվում է «Տոտալիտարիզմի ակունքները»: Իսկապես, եթե փորձենք բնութագրել տոտալիտարիզմի (ամբողջատիրության) էությունը, ապա զանգվածային բռնաճնշումները, պետության կողմից բոլոր ոլորտների մեջ ներթափանցումը եւ այլ՝ մեզ քաջ հայտնի երեւույթները հետեւանք են, իսկ պատճառը ինչ-որ վերացական «մարդկությանը» (բայց ոչ՝ Մարդուն) երջանկացնելն է՝ պայծառ ապագա կերտելու միջոցով: Իսկ այդ ճանապարհին պետք է վերացվեն բոլոր «խանգարող հանգամանքները»: Որոնք են դրանք: Իհարկե, «սխալ» մտածող եւ գործող մարդիկ:

20-րդ դարի տոտալիտար նախագծերը՝ կոմունիստական եւ ֆաշիստական, ելնում էին պայծառ ապագա կերտելու տարբեր տեսլականներից: Առաջին դեպքում դա առանց դասակարգերի եւ առանց շահագործման հասարակարգի կառուցումն էր, երկրորդ դեպքում մարդկության «առողջացումն» էր՝ «թույլ» եւ «ոչ լիարժեք» ռասաների ու ազգերի հետեւողական ոչնչացմամբ, նոր, կատարյալ մարդու բուծումն էր: Ֆաշիզմը (նացիոնալ-սոցիալիզմը) որպես հիմք էր ընդունում «բնական» օրինաչափությունները, կոմունիզմը՝ «պատմական»: Վերանալով էական տարբերություններից՝ նշենք, որ նման նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ էր «արանքից հանել» «սխալ» դասակարգերին կամ «սխալ» ազգերին:

Հասարակարգը, որում մենք ապրում ենք, վաղուց արդեն տոտալիտար չէ: Բայց հոգեբանությունը, իրավագիտակցությունը, քաղաքական մշակույթը փոխվում են շատ ավելի դանդաղ: Մարդկանց պատկերացումներում դարձյալ կա «պայծառ ապագայի» մասին որոշակի պատկերացում (որն, իհարկե, նորմալ է), որի «գալուստը», սակայն, կապված է ինչ-որ խավերի կամ ինչ-որ խմբերի ոչնչացման հետ: Հայաստանում 1990-ականների կեսերից այդ տեսլականը ձեւակերպվել է հետեւյալ պարզ բանաձեւով՝ «այ, որ սրանք վերանան», իսկ 2018-ից հետո՝ «այ, որ սրանք պատժվեն»: Ի տարբերություն կոմունիստների եւ նացիոնալ-սոցիալիստների՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն ասում, թե հատկապես ինչպիսի երկրային դրախտ է կառուցվելու «սրանց պատժելուց» հետո: Բայց դա ասելն այսօր պարտադիր էլ չի. մարդիկ հաճույք են ստանում գործընթացից (ավելի ճիշտ, մեր դեպքում, գործընթացի իմիտացիայից), ոչ թե արդյունքից:

Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում տոտալիտարիզմը վերացել է, մնացել են դրա «հետքերը»: Չկան զանգվածային բռնաճնշումներ, դրանք ձեռք են բերել «կետային» բնույթ: Տասնյակ հազարավոր մարդկանց ազատազրկելու անհրաժեշտություն չկա, կարելի է հետապնդել մի քանի հարյուր հոգու (օրինակ, «իշխանություններին վիրավորելու» համար) եւ դա արդյունավետ միջոց է, եթե մեծամասնությունը ա/ դա ողջունում է, բ/ վախեցած է, գ/ անտարբեր է:

1917 թվականի հեղափոխությունից մեկ ամիս անց բոլշեւիկները ստեղծեցին Արտակարգ հանձնաժողով («չեկա»): Այդ կառույցի ամբողջական անունն է՝ Հակահեղափոխության եւ սաբոտաժի դեմ համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով: Առանցքային բառերն են «հակահեղափոխությունը» եւ «սաբոտաժը»՝ ծանոթ եզրույթներ են, այնպես չէ՞: «Մեր միակ մեղքն այն է, որ մենք ամեն ինչ ուզում էինք անել օրենքով»: Լսե՞լ եք այդպիսի խոսակցություններ: Թվում է, թե անհեթեթ է հնչում՝ ինչպե՞ս կարող է իշխանությունը «մեղա գալ», որ չի խախտում օրենքը: Բայց իրականում այդ խոսակցություններն, իմ կարծիքով, պատահական չեն: Սա այն է, ինչ նշվում է սկզբում մեջբերված մտքում՝ արհամարհանքը օրինականության հանդեպ, մեծամասնության կողմից արտակարգ միջոցառումների պահանջը: «Անցումային արդարադատության», «վեթինգի», «լյուստրացիայի» մասին հիշատակումները նույն շարքից են (այդ բառերը վերցնում եմ չակերտների մեջ, որովհետեւ իրավական պետության մեջ դրանք բոլորովին այլ բան են նշանակում): «Չեկա» Հայաստանում գոյություն չունի, այդ կառույցի որոշ գործառույթներ բաժանված են ԱԱԾ-ի, ոստիկանության, այլ իրավապահների, ինչպես նաեւ արդարադատության նախարարության եւ ԲԴԽ-ի միջեւ:

Գաղափարախոսություն՝ այն իմաստով, որը կար, ասենք, կոմունիստական ժամանակաշրջանում, նույնպես չկա: Բայց գաղափարների այն «փունջը», որը հրամցվում է հասարակությանը, կարող է իրենով փոխարինել այն, ինչ մենք սովոր ենք համարել «գաղափարախոսություն»՝ գործիք, որն օգնում է իշխողներին պահպանել իրենց աթոռները: Ի՞նչ մեխանիզմ է գործում այստեղ. հիմնականն այստեղ, կարծում եմ, մարդկանց զգացմունքների հետ խաղալն է: «Ժողովրդին» բացատրում են, որ նրան ինչ-որ բարիքներ են «հասնում», բայց նա այդ բարիքներից զրկված է, որովհետեւ կան «չար ուժեր», որոնք դրանք ժողովրդից խլել են, յուրացրել են, եւ համընդհանուր երջանկություն կհաստատվի այն պարագայում, երբ «բուրժույները» (հրեաները, «կոռուպցիոներները», «օտար գործակալները) վերանան: Վերացնելու համար օրինական միջոցնե՞ր են պետք: Ոչ, իհարկե: Վե՛րջ թավիշին: Միայն պողպատե՛ մանդատ:

Տոտալիտարիզմի թողած ամենածանր ժառանգությունն է, կարծում եմ, հասարակության համերաշխության մեխանիզմների ոչնչացումը: Համերաշխությանը հնարավոր է հասնել ազատ քննարկման միջոցով: Այսօր լուրջ խնդիրներ քննարկելու համար պետությունը խոչընդոտներ չի ստեղծում: Բայց հասարակությունը պահանջարկ չի ներկայացնում նման խնդիրների քննարկման: Եվ պատճառներից մեկը տասնամյակների ընթացքում ձեւավորված «սեւ-սպիտակ» մտածողությունն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    We must add that no nation is immune from the risk of falling in the totalitarian trap (the highly civilized Germans electing Hitler is a perfect example). Free and quality press, widespread humanistic education, and solid checks and balances mechanisms (similar to the American political system) are key ingredients of the anti-totalitarian vaccine.

    As for visible traces of totalitarianism in Armenia, there are plenty of course since independence, but for me the most ridiculously blatant example, that confirmed the 2018 revolution had not changed anything, was when in September 2019 the police invited constitutional court judge Hrayr Tovmasyan’s daughters for interrogation and went so far as to inspect the roof of his father’s house, under the excuse of finding potential construction irregularities. That episode was the most obvious trace left from 1937, from decades of the kompromat method used by KGB, and from countless nights when a black car would stop in front of one’s home and the person would never be seen again. The primitiveness of the Tovmasyan episode – and especially that the populations was not fundamentally shocked by it as if this was just business as usual – was for me the clearest sign that it’s insufficient to change the political/economic system, it is culture that must change. That is a long (takes decades/generations) and complicated process, i.e. cannot be solved by simply returning Sashik’s 50.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28