Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Զինվորականին պատիվ չի բերում անպարկեշտ որակումները…Պարզ բաներ կան, որ Սամվել Բաբայանը կա՛մ լավ չի հասկանում, կա՛մ չի ուզում հասկանալ». Տիգրան Աբրահամյան

Փետրվար 21,2022 22:15 Share

«Տիգրան Աբրահամյանը եղել է Արցախի նախագահի խորհրդական 6 տարուց ավելի: Այդ տարիներին իրենց օրոք է նշանակվել նախարարը՝ Ջալալը Հարությունյան եւ շտաբի պետը: Նիկոլը իրանց տնից չի բերել, առանց ձեզ չի նշանակել,  ձեր համաձայնությամբ է եղել, դուք հեռացել եք 2020-ի մայիսի համարյա վերջերին, 4 ամիս հետո պատերազմ է սկսել, դուք մեղավոր զգո՞ւմ եք ձեզ այդ նշանակումների, այդ կառավարման համար»,- «Ա1+»-ի եթերում ասել էր «Ազատական» կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Աբրահամյանն արձագանքեց Բաբայանին. «Նախ, ես նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցրել եմ 4 տարի, ոչ թե 6, երկրորդը՝ իմ կարգավիճակով ու գործառույթներով բնականաբար որեւէ առնչություն չեմ ունեցել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, պաշտպանության  նախարարների, ՊԲ հրամանատարների նշանակման հարցում: Այս մասին շատ լավ տիրապետում է Սամվել Բաբայանը, նա շատ լավ հասկանում է ու գիտի, թե վերջին 30 տարվա ընթացքում ինչ ձեւով է իրականացվում դա, ինչ սկզբունքով եւ ինչ առանձնահատկություններ հաշվի առնելով: Զարմանալի է, որ Սամվել Բաբայանը փորձում է մտնել մի դաշտ, որը զինվորականի՝ գործող կամ նույնիսկ պահեստազորում գտնվող, հարիր չէ»:

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ կլիներ, եթե հնարավորություն ունենար նման նշանակումներ անել ու ՊԲ-ի, ԳՇ-ի ղեկավար կազմի հարցով որոշում կայացնելուն մասնակցություն ունենար. «Շատ շատերի համար, ովքեր տիրապետում են կառավարման համակարգին, ովքեր լավ հասկանում են ՀՀ-ի, Արցախի պետական կառավարման համակարգերի հարաբերակցությունն ու համագործակցությունը ու այն մարդիկ, ովքեր լավագույնս  տիրապետում են Արցախի հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները, նրանց համար պարզ էր, թե ինչ է տեղի ունեցել ու որտեղ էր ճշմարտությունը այդ հարցում»:

Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Ձեզ հարց եմ տալիս, Արցախի բանակի հրամանատարին եւ շտաբի պետին, որոնք որոշողն են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը: Ո՞ւմ առաջարկով, ուզում եմ ճշտենք: Պարզվում է՝ Արցախի իշխանության, ո՞վ է եղել՝ Բակո Սահակյանը եւ Տիգրան Աբրահամյանը, որը խորհրդական էր: Հիմա ասում է՝ ես ընդդիմադիր եմ»:

Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ բոլորի համար պարզ է, թե իրականում ով որ դաշտում է դիրքավորված ու ինչ խնդիր է լուծում. «Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց հայտարարել են արտախորհրդարանական ուժեր, չնայած այդքան էլ տեսանելի չէ, թե իրականում անձանց ներքո քաղաքական ուժ կա՞, թե՞ միայն անվանումներն են: Կան քաղաքական ուժեր, որոնք ունեն արտախորդարանականի այսպես կոչված կարգավիճակ, բայց ամենօրյա ռեժիմով բավականին հաճախ հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ: Այն մարդիկ, որոնք իշխանության հետ, Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցում են, նրանք ընդհանրապես իրավունք չունեն խոսել իրենց ընդդիմադիր լինելուց: Ակնհայտ է իրենց «կարգավիճակը» եւ ակնհայտ է, թե ով ինչ ծառայություններ ու ում է մատուցում»:

Սամվել Բաբայանն ասել էր. «Հիմա ասում եք՝ Բաբայանը իրավունք չունի մասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինքը  մասնակից է եղել: Բաբայանը ինչի՞ն է մասնակցել,պատերազմի ո՞ր փուլին: Երբ որ ասում են՝ ինքը իրավունք չունի այնտեղ լինի, այդ իրավունքը ո՞վ է որոշում, դա մանդա՞տ է: 92-ին այդ տարածքները հանձնված են եղել, Ղարաբաղից հանձնել են 2600, հանձնել եմ իրենց 12.600, իրավունք ունե՞մ մասնակցելու, թե՞ չէ, ինչից են խոսում: Այդ տարիներին ձեր ասած անձերը, որ այսօր դեմ են իմ մասնակցությանը, կներեք, սեղանի տակ էլ չեն եղել, երեւի նոր են ծնված եղել՝ մամայի գրկում: Մի հատ սթափվե՛ք, էլի»:

Տիգրան Աբրահամյանն արձագանքեց. «Որեւէ զինվորականի ընդհանրապես հարիր չէ անպարկեշտ որակումները եւ առհասարակ որեւէ ձեւի, հատկապես արցախյան հատվածի մեր ազատագրական պայքարին մասնակցին: Ընդհանրապես զինվորականի նման մոտեցումները որեւէ ձեւ պատիվ չեն բերում եւ բնականաբար, իրեն էլ դա որեւէ ձեւ պատիվ չի բերելու: Երկրորդը՝ պարզ բաներ կան, որ Սամվել Բաբայանը կա՛մ լավ չի հասկանում, կա՛մ չի ուզում ուղղակի հասկանալ: Խնդիրը լրիվ այլ բանի մեջ է՝ կարեւոր չի ով ինչ է եղել եւ որ փուլում է եղել եւ 90-ականներին քանի տարեկան է եղել: Խնդիրն այն է, որ Սամվել Բաբայանը վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պետական կառավարման հիերարխիայում ունեցել է կոնկրետ գործառույթ, եղել է Անվտանգության խորհրդի քարտուղար: Բուն գործողության մասնակիցը լինելով՝ այս իրավիճակում օբյեկտիվ քննության մասնակից չի կարող որեւէ ձեւով լինել: Երկրորդը՝ Սամվել Բաբայանի մոտեցումները, որ հնչեցնում է, դրանք արդեն իսկ ցույց են տալիս, որ նա կողմնակալ է եւ ծառայություներ է մատուցում այսօրվա իշխանությանը ու կոնկրետ նպատակներով գտնվում է այդ հանձնաժողովում: Շատ լավ է, որ Սամվել Բաբայանը շատ է խոսում, որովհետեւ ինչքան շատ է խոսում, այնքան բացահայտում է այս բեմականացման որակը եւ բացահայտում է իրեն՝ այս թատրոնի մասնիկը լինելու հանգամանքը»:

Դիտարկմանը, որ Սամվել Բաբայանն ասել էր, որ ինքը բունկերում է եղել, բայց որոշումներ չի կայացրել, չի խառնվել, կարգադրություններ չի տվել, զուտ իրիկունը նախագահին զեկուցել է, թե ինչ էր կատարվում: Տիգրան Աբրահամյանը արձագանքեց. «Քննիչ հանձնաժողովում նրա չմասնակցության հիմնավորման մեջ իմ համար հետաքրքրականը այն չէ, թե նա բունկերում է եղել, թե որտեղ, չնայած հրամանատարական կետում է եղել ու  այնտեղ ամեն մարդ չի կարող գտնվել: Հրամանատարական կետում գտնվելը նրան ավտոմատ կերպով դարձնում է ինֆորմացիայի կրող այս իրավիճակում եւ ցույց տալ, որ հրամանատարական կենտրոնական կետում գտնվելով՝ որեւէ ֆունկցիա չի կատարել՝ դա արդեն իր խնդիրն է հասկանալու, թե ինչի է այդ պաշտոնը զբաղեցրել, որ մի բան էլ նման խնդիր չի կատարել: Եվ եթե համեմատության մեջ ենք վերցնում, թե ով ինչ մասնակցություն ունի գործընթացում, խնդիրն այն չէ, թե ինչ խորությամբ է նա ներգրաված եղել թեմային: Մենք ունենք իրողություն, իսկ իրողությունն այն է, որ նա պատերազմի ժամանակ Արցախում ոչ երրորդային պաշտոն է զբաղեցրել եւ նրա մասնակցությունը՝ անկախ նրա անձից, պահվածքից ու վարքագծից՝ արդեն իսկ օբյեկտիվության առումով խնդիր է ստեղծում: Իսկ մնացած համեմատությունները թող գնա ինքը իր շրջապատին պատմի, իր ընկերներին պատմի, թող պատմի այն մարդկանց, ովքեր միամիտ են ու չեն հասկանում, թե առհասարակ նա ինչ դեր ունի, ինչ է ցանկանում եւ առհասարակ ինչ է խոսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել