Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Այս վեհաժողովը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին․ Սարգիս Խանդանյան

Փետրվար 26,2022 20:27

Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում

Փետրվարի 24-25-ը մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին հեռավար ձեւաչափով մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը: Պատգամավորը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում եւ նշել.

«Հարգելի՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ,

Մինչ բոլորս հետեւում ենք Ուկրաինայում ծավալվող ողբերգական իրադարձություններին, ես ուզում եմ հստակ հայտարարել, որ պատերազմը երբեք լուծում չէ. պատերազմը չի կարող կարգավորել որեւէ հակամարտություն: Պատերազմները կարող են տեւել օրեր կամ շաբաթներ, բայց դրանց պատճառած մարդկային տառապանքները եւ զինված հակամարտությունների հումանիտար հետեւանքները շատ ավելի երկարատեւ են, նույնիսկ հավերժ:

Արդեն 15 ամիս է անցել, ինչ ստորագրվել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը: Արդեն 15 ամիս է, ինչ տասնյակ հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց մայրերը, կանայք ու երեխաները դեռ սպասում են իրենց հարազատների տուն վերադառնալուն, սակայն Ադրբեջանը նրանց պատանդ է պահում: Եռակողմ հայտարարությունը հստակ էր. պետք է իրականացվեր ռազմագերիների, պատանդների եւ այլ ձերբակալված անձանց, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակում:

Հայաստանը կատարել է այդ պարտավորությունը` վերադարձնելով բոլոր գերիներին պատերազմից անմիջապես հետո: Ավելին, Հայաստանը հանձնել է ականապատ դաշտերի բոլոր քարտեզները: Հակառակ սրան` ադրբեջանական ռեժիմը հայ ռազմագերիներին վերածել է սակարկության առարկայի եւ այդ հարցն օգտագործում է զիջումներ կորզելու եւ մանիպուլյացիաների համար: Հայ ռազմագերիներին որպես ահաբեկիչներ որակող Ադրբեջանի նախագահի հայտարարությունները բացառապես մարդասիրական հարցի քաղաքականացման ակնհայտ դրսեւորում են:

Ավելին, Ադրբեջանը հրաժարվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայցի ապահովման միջոցների կատարումից եւ թաքցնում է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց իրական թիվը, որոնք պահվում են Ադրբեջանում:

Միջազգային մարդասիրական իրավունքի, ներառյալ Ժնեւյան կոնվենցիաների, լրջագույն խախտումների մեկ այլ օրինակ է ռազմագերիների եւ պատանդների նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքերը: «Հյուման Ռայթս Վոթչը» իր զեկույցում Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները որակել է որպես ռազմական հանցագործություն:

Հարգելի՛ գործընկերներ, այս վեհաժողովը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին եւ ԵԱՀԿ տարածաշրջանում պատերազմների եւ ուժի կիրառման հումանիտար հետեւանքներին»:

ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28