«Հայաստանը փորձում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը պահել երկկողմ օրակարգի հարց, չնայած այստեղ խնդիրներ կան։ Ես չեմ կարծում, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը փակուղում է, այնուամենայնիվ որոշակի իրադարձություններ ու որոշումներ կայացնում են այդ գործընթացի շրջանակներում»,- «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրով ԱՊՐԻ ֆորումի ժամանակ այսօր ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, որ Թուրքիան չի պահում պայմանավորվածությունը եւ չի բացում հայ-թուրքական սահմանը։
Նա նշեց, որ, մասնավորապես, Կարս-Գյումրի երկաթուղու հարցով աշխատանքային խումբ է ձեւավորված, տեխնիկական ուսումնասիրություններ են իրականացվում, Անիի պատմական կամուրջն է վերանորոգվում, ավիացիայի ոլորտում կա համագործակցություն, նաեւ մասնավոր ոլորտում գործարար համաժողովներ են անցկացվում։
«Բայց սա մեզ չի բավարարում, որովհետեւ մենք չենք տեսնում որեւէ խոչընդոտ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարող կարգավորվել ամբողջ ծավալով։ Ես կարծում եմ՝ Թուրքիան բավականին վաղուց պետք է բացեր Հայաստանի հետ սահմանը եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեր»,- ասաց Խանդանյանը։
Նա հավելեց, որ հայկական կողմը շարունակում է հավատալ եւ աշխատանք տանել այդ ուղղությամբ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































