Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովը տալիս է նաեւ ԼՂ կարգավորման բանալին»

Մարտ 05,2022 14:00
vahram atanesyan

«Ինչ վերաբերում է այսօր Արցախում առկա դժգոհություններին, ապա թող իրենց հարց տան. ի՞նչ ասելիք պիտի ունենան Ստեփանակերտ այցի եկող միջնորդներին, եթե օրենք են ընդունում, որ Աղդամը թշնամու կողմից օկուպացված է եւ պետք է վերստին վերադառնա Արցախի իրավազորության ներքո»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:

– Հայկական կողմը վերջին շրջանում խոսում էր այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերսկսի իր աշխատանքը, սակայն ռուս-ուկրաինական պատերազմը կարծես առավել խորացնում է փակուղին, որում հայտնվել էր Մինսկի խումբը: Այլեւս հնարավո՞ր է ՌԴ-ի եւ Արեւմուտքի երկխոսությունն այդ հարթակում: Ինչպե՞ս եք պատկերացնում բանակցությունների հետագա ընթացքը, մանավանդ որ, Արցախում բացահայտ հայտարարում են այն մասին, որ համանախագահները պարզապես հրաժարվում են գնալ եւ աշխատել: Այս ընթացքում էլ միայն ՌԴ համանախագահն է հրապարակային խոսել խմբի աշխատանքը շարունակելու անհրաժեշտության մասին:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եթե չեմ սխալվում, Կազանի հանդիպումից առաջ էին հայտարարել, որ իրենց երեւակայությունը սպառված է, այլ բան, քան բանակցությունների սեղանին է, չեն կարող առաջարկել։ Նրանք, ըստ էության, պարապուրդի էին մատնված արդեն այն ժամանակ։ Ինձ անհասկանալի է հայկական կողմերի սեւեռվածությունը մի ձեւաչափի վրա, որտեղ երբեք կոնսենսուս չի եղել, չէր էլ կարող լինել, բացի մի բանից՝ խնդիրը պետք է լուծվի փուլ առ փուլ տրամաբանությամբ։ Հայաստանը եւ ԼՂ-ն վերջին քսան տարիներին այդ հայեցակարգը մերժել են։ Դա է միջնորդների հեղինակազրկման հիմնական պատճառը։

Ինչ վերաբերում է այսօր Արցախում առկա դժգոհություններին, ապա թող իրենց հարց տան. ի՞նչ ասելիք պիտի ունենան Ստեփանակերտ այցի եկող միջնորդներին, եթե օրենք են ընդունում, որ Աղդամը թշնամու կողմից օկուպացված է եւ պետք է վերստին վերադառնա Արցախի իրավազորության ներքո։ Արդեն չորրորդ օրն է, ինչ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը շատ սկզբունքային հայտարարություն է արել, որ միջազգային իրավունքի տեսակետից տարածքային ամբողջականության հարգումը կիրառելի է միայն այն երկրների նկատմամբ, որ երաշխավորում են փոքրամասնության ինքնորոշման իրավունքը եւ չեն խոչընդոտում դրա իրացմանը։ Եվ, որքան էլ արտառոց հնչի, Արցախի պատկան մարմիններից, քաղաքական դերակատարներից ոչ մի արձագանք չկա։ Մինչդեռ Լավրովը տալիս է նաեւ ԼՂ կարգավորման բանալին։ Դա շատ ավելի ծանրակշիռ հիմնավորում է, քան՝ ԵԱՀԿ հայեցակարգը եւ միջնորդների ինչ-որ ամորֆ առաջարկություն։

– Այսինքն, կարծում եք, որ Լավրովի ասածները նաեւ Ադրբեջանի՞ն են վերաբերում, եւ որ արցախցիների ինքնորոշման իրավունքի ոտնահարումն Ադրբեջանի համար հետեւանքնե՞ր կունենա: Ու ձեր կարծիքով, ինչո՞ւ սրան արձագանք չկա Արցախից կամ Հայաստանից:

– Լավրովը հայտնագործություն չի արել, ընդամենը հղում է արել «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հռչակագրին, գրեթե բառացի մեջբերել։ Այո, հարգվում է այն պետության տարածքային ամբողջականությունը, որը չի խախտում փոքրամասնության ազատ ինքնորոշման իրավունքը եւ ներկայացնում է իր տարածքի բոլոր ժողովուրդներին։ Այդ սկզբունքը Ադրբեջանի նկատմամբ կիրառելի է։ Եվ հենց այդ ուղղությամբ պետք է դիվանագիտական նախաձեռնություն ցուցաբերվի։ Իսկ թե ինչո՞ւ Հայաստանից եւ Արցախից արձագանքներ չկան՝ չեմ կարող ասել։ Կոմպետենտության եւ քաղաքական սկզբունքայնության հարց է։ Թե չէ մանտրայի պես անընդհատ կրկնել, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, որեւէ գործնական նշանակություն չունի։ Մինչ այդ էլ տասներեք տարի օրումեջ հավաստիացնում էին, որ վերադարձ անցյալին չի լինելու ոչ կարգավիճակի, ոչ տարածքների առումով։ Հետեւանքը տեսանք։ Չգիտեմ, մենք լրջանալու հրամայական ունենք։

– Ավելի վաղ Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրել էին Շուշիի հռչակագիրը, իսկ օրերս Ադրբեջանն ու ՌԴ-ն ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին համաձայնագիր: Այս հռչակագրերի եւ համագործակցությունների համատեքստում, ի՞նչ է սպասվում Արցախին, Հայաստանին: Ուշագրավ էր նաեւ, որ Հայաստանում իշխող ուժը չմիացավ ընդդիմադիրների նախաձեռնած՝ Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությանը:

– Միջազգային պրակտիկայում կա՞ նախադեպ, երբ երրորդ երկրի խորհրդարանը դատապարտի երկու այլ երկրների միջեւ կնքված պայմանագիր։ Ես չգիտեմ։ Շուշիի հռչակագիրը նոր ոչինչ չի ասում, քան ամրագված է 2011թ. ռազմական փոխադարձ օգնության մասին թուրք-ադրբեջանական պայմանագրով։ Մոտ մեկ տասնամյակ Թուրքիան ամրապնդվում էր Ադրբեջանում, Նախիջեւանը վերածվում էր հզոր ռազմահենակայանի, իսկ Երեւանը՝ դառնում փաստացի ռազմաճակատային քաղաք։ Շուշիի հռչակագրի դեմ այսօր ընդվզողներից ոմանք այդ տարիներին Հայաստանում պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում, բայց ոչինչ չեն արել՝ հակակշռելու այդ սպառնալիքը։

Իսկ ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը, կարծում եմ, թուրք-ադրբեջանական ռազմական ինտեգրացիան հակակշռելու իմաստով է ստորագրվել։ Գործնականում որքանո՞վ կհաջողվի հասնել դրան՝ կախված է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հեղինակությունից։

– Ի դեպ, նաեւ բավականին տարօրինակ չէ՞ր Բաքվում հակառուսական հանրահավաքը, քանի որ բռնապետական Ադրբեջանում նման միջոցառումները իշխանության հովանավորությամբ են միայն հնարավոր: Այսպիսով՝ ի՞նչ էր ուզում ասել Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին:

– Որ այդ ցույցը կազմակերպված էր Ալիեւի կողմից՝ ոչ ոք չի կասկածում։ Ինչո՞ւ է կազմակերպվել։ Իմ տպավորությամբ՝ Ալիեւը փորձում է բարձրացնել խաղադրույքը։ Նա Մոսկվային ցույց է տալիս, թե իր համար որքան դժվար է դեմ գնալ հանրային ճնշմանը եւ Ուկրաինայի հարցում չեզոք մնալ։ Ռուսաստանը, սակայն, մերժեց Ուկրաինայի հետ Բաքվում բանակցելու տարբերակը։ Դա ազդանշանային է։

– Հայաստանում, հանրային շրջանակներում, քննադատության արժանացավ Արցախի իշխանությունների հայտարարությունները՝ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու մասին: Ի վերջո, եթե փորձենք «սառը ուղեղով» նայել իրադարձություններին, ինչպե՞ս կգնահատեք ԱՀ իշխանությունների այդ քայլը:

– Դոնեցկի եւ Լուգանսկի անջատված շրջանների անկախության ճանաչման առթիվ պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը դիվանագիտորեն զուսպ էր։

– Հայաստանյան «Փրկենք Արցախը» նախաձեռնություն են սկսել, որի նպատակն է՝ համախմբել հայությանը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, որպեսզի համատեղ ուժերով հնարավոր լինի պաշտպանել հայկական պետությունների շահերը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս նոր «ղարաբաղյան շարժմանը», ներկայիս իրողությունները ինչի՞ մասին են խոսում՝ հնարավո՞ր է համախմբվել եւ տեր կանգնել մեր շահերին ու ինչպե՞ս եք դուք դա պատկերացնում:

– Թող վիրավորական չհնչի, բայց չեմ կարող չհարցնել՝ ո՞վ եւ ումի՞ց է փրկում Արցախը։ Լրջագույն խնդիրը չի կարելի իջեցնել «շոու-դեսանտի» մակարդակի։ Անիմաստ զբաղմունք է։

– Վերջին օրերին հանրային բանավեճի հարց է դարձել՝ ինչպե՞ս պատահեց, որ Արեւմուտքը օգնեց Ուկրաինային, կանգնեց Ուկրաինայի կողքին, մինչդեռ 44-օրյա պատերազմի ընթացքում, այն էլ բավական ուշացումով, ընդամենը հայտարարություններ հնչեցին՝ մեծամասամբ հավասարության նշան դնելով կողմերի միջեւ:

– Հայկական հիվանդություն է։ Իսկ երբ միջազգային հանրությունը քառորդ դար հորդորում էր Ադրբեջանին վերադարձնել ԼՂ շուրջ տարածքները, մենք ի՞նչ էինք ասում։ Ասում էինք՝ «Արցախի հարցը լուծված է, թող աշխարհը մտածի»։ Եթե Ուկրաինան ռազմական գործողություններ սկսեր Մոլդովայում՝ միջազգային հանրությունը կդատապարտեր Կիեւի իշխանություններին եւ կսատարեր Քիշնեւին։

– Բայց Հայաստանի բոլոր նախկին նախագահներն էլ հայտարարել են, որ պատրաստ են փոխզիջումների եւ մեղադրվել են ազատագրված տարածքները հանձնելու պատրաստակամության մեջ:

– Հայաստանը փոխզիջման պատրաստ է եղել մեկ անգամ՝ 1997 թվականին։ Մնացածը պատրաստակամություն չէր, իմիտացիա էր, սիմուլյացիա, որ Նիկոլ Փաշինյանի դեպքում վերածվեց պարզ արկածախնդրության։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031