Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանն անում է այն, ինչը չի արել Հայաստանը՝ Արցախի նկատմամբ». Լարիսա Ալավերդյան

Մարտ 08,2022 15:59

«Այդ կրակոցները տարել են մի կյանք, բայց թիրախը Հայաստանն է: Այդ կրակոցները Հայաստանի պետականության հանդեպ կրակոցներ են»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով երեկ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցներին, ինչի արդյունքում հայկական կողմը ունի մեկ զոհ եւ մեկ վիրավոր:

Կատարվողը տիկին Ալավերդյանը համարում է նաեւ ՀՀ գործող իշխանության «ապաշնորհ քաղաքականության» արդյունք, որն ուղեկցվում է կեղծ կարգախոսներով եւ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետ կարծես «ձեռք-ձեռքի» տված է գնում՝ վտանգելով Հայաստանը, Արցախը եւ հայությունն, ընդհանուր առմամբ:

Ասուլիսը Լարիսա Ալավերդյանը մարտի 8-ի առթիվ շնորհավորանքների փոխարեն սկսեց Հրաչյա Մնացականյանի մահվան առիթով ցավակցություններով: Տիկին Ալավերդյանը պնդում է՝ Ադրբեջանը շարունակում է իր ձեռագրով՝ ցանկացած տոնի օր ողբի օր դարձնել, եւ հավելեց, որ ադրբեջանական տոնացույցում, վերջին 30 տարիների ընթացքում ավելացել են նոր տոներ, դրանք այն օրերն են, երբ իրենք ցեղասպանական գործողություններ են իրականացրել հայերի նկատմամբ:

Լարիսա Ալավերդյանը պատահական չի համարում, բնավ, արցախյան ճակատում եւ Հայաստանի սահմաններում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից լարվածության աճն այն պարագայում, երբ աշխարհը զբաղված է ռուս-ուկրաինական պատերազմով: Շուշիի հռչակագրից հետո, տիկին Ալավերդյանը Ադրբեջանն ու Թուրքիան ընկալում է իբրեւ մեկ միասնական միավոր եւ համոզված է, որ նրանք որսալու են պահերը, որպեսզի կարողանան կյանքի կոչել իրենց ցեղասպան ծրագրերը կամ գոնե մեկ քայլ առաջ գնան դրանցում:

ՀՀ իշխանավորների մասով բանախոսի համար ամեն ինչ պարզ է՝ իրենց տեղում չեն կամ իրենց տեղում են՝ այլոց շահերը սպասարկելու առաքելությամբ: Այստեղ Լարիսա Ալավերդյանը կարեւորում է հասարակության գործոնը, որում շատ փոքր թվով խմբեր կան, որոնք հստակ պատկերացնում են իրական վիճակը:

Նա մեղադրանքի սլաքներ ուղղեց նաեւ կոլեկտիվ Արեւմուտքին, որի որդեգրած «ցինիկ» քաղաքականության արդյունքում նաեւ Հայաստանն ու Արցախը հանգեցին այս իրավիճակին: Իր բնութագրմամբ, նաեւ այն ժողովրդավարական արժեքները, որոնց մենք դավանում ենք եւ ճիշտ ենք անում, նույնպես դարձել են գլոբալիստական կենտրոնների ձեռքին ցինիկ, պղտոր գործիքներ՝ աշխարհաքաղաքական նպատակների հասնելու համար:

«Անցած դարասկզբից, նախեւառաջ անգլոսաքսերը, հետո՝ հավաքական Արեւմուտքը, որը մարմնավորված է ՆԱՏՕ-ում, որդեգրել են մի մարդատյաց քաղաքականություն. այն է՝ հայտարարելով այն տարածքը, որտեղ ժամանակին եղել է ցարական Ռուսաստանը, հետո՝ ԽՍՀՄ-ը, հետագայում ՌԴ-ն, երկրի սիրտը: Նպատակը դրվել է՝ քայլ առ քայլ, առանց մեթոդների մեջ տարբերակումներ դնելու, ևս մեկ անգամ փլուզելու այն: Այս առումով, ՌԴ-ի չենթարկվելու արդյունքում, մենք տեսնում ենք մարդատյաց քաղաքականության դրսեւորումներն ամենուր, այդ թվում նաեւ մեզ մոտ՝ Հարավային Կովկասում, ՌԴ-Ուկրաինա փոխհարաբերություններում», – ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հորդորելով հայ հանրությանը ևս մեկ անգամ չպառակտվել՝ կողմ լինելով ՌԴ-ին կամ Ուկրաինային եւ հարց հնչեցրեց՝ մենք կո՞ղմ ենք, որ Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականությունը դրոշ դարձրած իրականացնի գործողություններ եւ անպատիժ մնա. «Եթե մենք դեմ ենք, ուրեմն մենք դեմ ենք, որ ցանկացած պետություն՝ տարածքային ամբողջականության դրոշի ներքո, ութ տարի 14 հազարից ավել զոհ տա Դոնեցկում եւ Լուգանսկում: Որտե՞ղ է դա գտնվում, ո՞ր պետությունն է դա անում, երկրորդական է: Ո՞ւր մնացին մյուս սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվել է աշխարհակարգը՝ սկսած 1945 թվականից»:

Իր դիտարկմամբ, բոլոր պետությունները, որոնք օգտվելով աշխարհաքաղաքական կենտրոնների աշխարհաքաղաքական նպատակներից՝ անպատիժ գործում են իրենց հանցագործությունները մարդկանց դեմ՝ նախ ամենակոշտ ձեւով կիրառում են խտրական քաղաքականություն, մինչեւ անգամ ոչնչացնելով քաղաքացիներին, ապա, երբ դրան պատասխան է տրվում, նրանք սկսում են խոսել, որ իրենց վրա հարձակվել են. «Տարբերենք. Ռուսաստանն անում է այն, ինչը չի արել Հայաստանը՝ Արցախի նկատմամբ: Հայաստանը, որը հստակ պետք է իրականացներ իր հստակ դերակատարությունը, այն է՝ Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարությունը, չի արել: Ռուսաստանը դա արել է այն երկու միավորների հանդեպ, որոնց ճանաչել է, ինչը չի արել եւ չի անում Հայաստանը՝ 1992 թվականից սկսած: Մեր մի քանի՝ իրար փոփոխող իշխանությունները, այդպես էլ չունեցան այդ խիզախությունը, որպեսզի ճանաչեն Արցախի հանրապետությունը: Այսօր, մենք տեսնում ենք, որ մի այլ երկիր, իր մի այլ ռուսախոս բնակչության հանդեպ, իրականացնում է իր պարտականությունը»:

Նա դատապարտում է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ են կիրառվում այն պարագայում, երբ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ այլ արժեքներ, աշխարհի ձեռքին զուտ քող են դարձել եւ երբ աշխարհը լռում էր ու այդպիսով ընդունում՝ Հայաստանում եւ Արցախում հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան, արդեն մեկ տարի շարունակվող՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները:

«Ո՞ւմ արյունն է կարմիր, ո՞ւմ արյունն է կապույտ: Դա ռասիզմ է, որը դարձել է քաղաքականություն՝ հավաքական Արեւմուտքի մոտ», – ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ ուրախ է բոլոր այն երկրներում մարդու իրավունքների ձեռքբերումներով, պաշտպանվածությամբ, որտեղ ինքը եղել է, բայց չի հանդուրժելու այլ երկրների, այլ ժողովուրդների, որոնք չեն մտնում ոսկյա միլիարդի մեջ, հանդեպ քաղաքական խավի որդեգրած ռասիստական քաղաքականությունը:

Միաժամանակ, տիկին Ալավերդյանի գնահատմամբ, որեւէ մեկը չի կարող քո հարցերով զբաղվել, եթե քո երկրի իշխանությունը վարում է ապազգային քաղաքականություն:

Իր համոզմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը միջազգային փաստաթղթի ուժ ունի, ամբողջովին հակաիրավական է, քանի որ Հայաստանի կողմից դրված ստորագրությունը իրավական ուժ չունի՝ չի անցել ՀՀ խորհրդարանով եւ ՍԴ-ով, եւ ՀՀ ղեկավարը ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ խոսքը գնում է Հայաստանին չպատկանող հողերի մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031