Լրահոս
Օրվա լրահոսը

«Հացն էլ կթանկանա, կարտոֆիլն էլ․ պարենային ճգնաժամ է սկսվում»․Շիրակցի ֆերմերները ոտքի են կանգնել

Մարտ 08,2022 20:00

Շիրակի մարզի ֆերմերները դժգոհ են կառավարության՝ պարարտանյութի սուբսիդավորման մասին տված նախնական խոստումը չկատարելուց։ Նրանք սկսել են բողոքի ցույցեր, երեկ մոտ մեկ ժամով կառավարությանը ուղերձ հղելու նպատակով փակել էին Գյումրի-Երևան մայրուղին։ Նրանք նախազգուշացնում են, որ երկրում սկսվում է պարենային ճգնաժամ, թանկանալու են պարենամթերքի՝ հացի, կարտոֆիլի գները։

Երեկ բողոքի ցույցին մասնակցած ֆերմերներից մեկը՝ Գևորգ Մխիթարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Կառավարությունից լրիվ ուրիշ բան խոսք տվեցին, հիմա ուրիշ բան են որոշել։ Սկզբում ասացին, որ 50 տոկոսով կսուբսիդավորեն, հետո սուբսիդիան դարձավ 9 հազար դրամ։ Այսինքն՝ հիմա պարարտանյութը կարող է ավելի թանկանալ, ու իրենք որպես սուբիսիդիա ընդամենը 9 հազար դրամ հատկացնեն։ Դոլարի կուրսը բարձրացել է։

Ենթադրենք պարարտանյութը 20 հազար դրամ է, իրենք ուզում են 9 հազարը սուբսիդավորեն, բայց քանի որ դոլարի կուրսը բարձրանում է, կարող է վաղը բերեն ավելի թանկ գնով, ասենք 30 հազար դրամով ու ասեն՝ թանկ գնով ենք բերել, 9 հազարը որպես սուբիսիդիա կտանք, մնացածը դուք վճարեք։ Մեր վախը հենց դա է»։

Ֆերմերը նշում է, որ սուբսիդիա կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածք մշակողներին, դրանից ավելիի համար նախատեսված չէ, իսկ նման որոշումը ֆերմերներին կարող է մղել թաքնված գործարքների։ Օրինակ՝ ֆերմերը կգնա, մյուս գյուղացիներին կխնդրի, որ փաստաթղթերը տան, նրանց անունով էլ ինքը սուբսիդիա ձևակերպի։

«Ենթադրենք ես ունեմ 15 հեկտար, բայց 3 հեկտարի համար նախատեսված պարարտանյութն է սուբսիդիավորվում, ամեն հեկտարի համար 500 կիլոգրամ ազոտական, 400 կիլոգրամ ֆոսֆորական, 300 կիլոգրամ կալումիական, ի՞նչ անեմ, ստիպված հողատարածքները պիտի կրճատեմ։

Այդ դեպքում 15 հեկտար չպիտի ցանեմ, հնարավոր չէ ցանել, եթե պարարտանյութը գնեմ էդքան թանկ գնով, ի՞նչ ձևի անեմ»։

Մեր զրուցակցը կարտոֆիլ, ցորեն, գարի, հաճար, վարսակ է ցանում։

«Միանշանակ թանկանալու են այս ամենը, ժողովուրդը թող կտրուկ թանկացումների սպասի։ Չենք հասկանում՝ Քերոբյանն ինչեր է խոսում, ասում է՝ թող ֆերմերներն այդ երեք հեկտարից օգտվեն, մնացածը իրենց գրպանից դնեն, բայց ապրանքը թանկ գնով ծախեն, հարց չի տալիս ինքն իրեն՝ ո՞վ պիտի առնի թանկով»։

Ֆերմերը ներկայացրեց, որ իր հաշվարկներով, իրեն 200 պարկ պարարտանյութ է պետք, իսկ պարարտանյութի եռակի թանկացման պայմաններում 2-2,5 միլիոն դրամ ավել պիտի տա։ Այդ պատճառով ստիպված կրճատելու է ցանքատարածությունները։

«Ես դեռ ոչ մի բան չեմ աշխատել, ես չգիտեմ վաղը իմ գլխին ի՞նչ է գալու՝ կարկուտ, երաշտ, փոթորիկ, դեռ ոչ մի բան չեղած ես 2,5 միլիոն վարկի տակի մտնե՞մ, անունն ի՞նչ դնեմ։

Սա է ամբողջ պատմությունը։ Տեսնենք ինչ կլինի, մենք հասկանում ենք, որ աշխարհով մեկ է թանկացումը, Հայաստանով չէ միայն, բայց եթե պետությունը կարող է կողքներս կանգնել, որոշ բան ավել ցանենք։

Երբեք չեմ ասի, թող բերեն պարարտանյութը ձրի բաժանեն, հասկանալի է, որ դա անհնար է, իրենք չեն արտադրել, բայց գոնե կողքներս կանգնեն»,-ասաց Գևորգ Մխիթարյանը։

Ֆերմերները ՀՀ կառավարությանը մինչև մարտի 14-ը ժամանակ են տվել։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031