Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ մանրամասներ՝ բանակցային գործընթացից․ «Շուշին երբեք Արցախի կազմից դուրս չի դիտարկվել․ այն դիտարկվել է զուտ մարդասիրական ենթատեքստում»

Ապրիլ 20,2022 15:00

Aravot.am-ի զրույցը ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, իրավաբան և քաղաքագետ Արմեն Խարազյանի հետ

-Պարոն Խարազյան, նախ թույլ տվեք զրույցը սկսել ձեր վերջին գրառումից, որով հրապարակել եք ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության փուլային կարգավորման առաջարկի 1996 թ․ մարտի 25-ի տարբերակի հավելված 2-ի կետեր 6-ը ու 7-ը՝ Բերձորի և Շուշիի վերաբերյալ։ Գրել եք, որ այս դրույթների շուրջ բանակցություններ չեն եղել, իսկ ներկայացվածը զուտ համանախագահության առաջարկն է եւ կոչ եք արել փաստերը չխեղաթյուրել։ Խնդրում եմ հստակեցնել՝ ի՞նչ տարբերակներ ունի ձեր հրապարակած փաստաթուղթը, մինչեւ ո՞ր թվականն է այն գոյություն ունեցել, ո՞ր դրույթներն են եղել բանակցված, իսկ որոնք՝ ոչ։

-Իմ հրապարակած նյութը հատված է Զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի (Agreement on the Cessation of the Armed Conflict, Соглашение о прекращении вооруженного конфликта) նախագծի տեքստից: Նախագիծն առաջին անգամ կողմերին է ներկայացվել 1995 թ․ գարնանը՝ ԵԱՀԽ Բուդապեշտի վեհաժողովից հետո, իբրև Մինսկի խմբի Համանախագահության «համաձայնեցված հիմք»՝ կարգավորման այսպես կոչված «փուլային» տարբերակի համար։


Մինչ այդ, Բուդապեշտի վեհաժողովի՝ 1994 թ․ դեկտեմբերի 5-ին ընդունված որոշմամբ սահմանվել էր, որ արցախյան հակամարտության կարգավորման ռուսական ու ԵԱՀԽ Մինսկի խմբի ջանքերը կներդաշնակվեն մեկ, համակարգված շրջանակում՝ Մինսկի Խմբի Համանախագահության ներքո, որը կողմերին կներկայացնի զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի նախագծի «համաձայնեցված հիմք» և «արագացված բանակցություններ» կկազմակերպի դրա շուրջ՝ զուգահեռաբար նպաստելով նաև հրադադարի ամրապնդմանն ու վստահության և անվտանգության միջոցառումների իրականացմանը։ Որոշումը սահմանում էր նաև, որ կողմերի միջև համաձայնագրի ստորագրումից հետո ԵԱՀԽ բազմազգ խաղաղապահ ուժ կուղարկվի Լեռնային Ղարաբաղ։

Ելնելով Բուդապեշտի Վեհաժողովի այս Եզրափակիչ փաստաթղթից՝ 1995 թ․ մարտի 23-ին ԵԱՀԿ Նախագահողի (Հունգարիա) որոշմամբ հաստատվեց Մինսկի խմբի Համանախագահության մանդատը։ Այդուհետ, 1995 թ․ մարտի 30-ին ԵԱՀԿ Ավագ Խորհրդի որոշմամբ ու այդ հանդիպման լուսանցքում տեղի ունեցած խորհրդակցությունների միջոցով համաձայնեցվեց Մինսկի խմբի Համանախագահության միջնորդությամբ եռակողմ բանակցություններ սկսելու խնդիրը՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցությամբ։ 1995 թ․ ապրիլ-մայիս ամիսներին խորհրդակցությունները շարունակվեցին տարածաշրջանում՝ Համանախագահության ու կողմերի միջև առանձին շփումներով, իսկ 1995 թ․ մայիս-հունիսին Մոսկվայում ու Հելսինկիում գումարվեցին բանակցությունների առաջին նիստերը։ Դրանից հետո ամիսը մեկ-երկու անգամ կանոնավոր բանակցություններ են անցկացվել Մոսկվայում ու Հելսինկիում, ինչպես նաև մեկական անգամ Վիեննայում, Բոննում, Բադենում (Ավստրիա) և Ալանդյան կղզիներում (Ֆինլանդիա)։ Կանոնավոր աշխատանքային բանակցությունների այս շարքը շարունակվել է մինչև ԵԱՀԿ Լիսաբոնի Վեհաժողով (1996 թ․ դեկտեմբեր), որից հետո ուղիղ բանակցությունները դադարել են, թեև կողմերի հետ Համանախագահները շարունակել են բանակցել՝ հիմնականում տարածաշրջան իրենց այցերի միջոցով, ընդհուպ մինչև 1998-ի հունվարի վերջն ու փետրվարի 2-ին Նախագահ Տեր Պետրոսյանի հրաժարականը։

Այդ ընթացքում՝ Բուդապեշտից մինչև Լիսաբոն և իշխանափոխություն Հայաստանում, բանակցությունների հիմքում ընկած է եղել վերը նշված համաձայնագրի նախագիծը, որն, ինչպես նշեցի, հայտնի է իբրև «փուլային» կարգավորման փաստաթուղթ։

Համաձայնագրի նախագիծը բաղկացած էր հիմնական տեքստից ու հինգ հավելվածից․ 1) Կրակի ու ռազմական գործողությունների դադարեցում և հրադադարի ամրապնդում; 2) Միջոցառումների օրացույց; 3) Հակամարտության տարածաշրջանում էներգետիկական ու տրանսպորտային նորմալ կապերի վերականգնմանը խոչընդոտող խնդիրների վերացման կարգ; 4) Համատեղ խառն հանձնաժողով; և 5) Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով։

Այս նախագծի շուրջ բանակցությունների ընթացքում եղել են դրույթներ, որոնք համաձայնեցվել են․ եղել են դրույթներ, որոնց շուրջ բանակցություններ են ընթացել, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել․ ու եղել են դրույթներ, որոնց շուրջ եղել են ընդհանուր քննարկումներ, սակայն աշխատանքային բանակցություններ չեն եղել․ և վերջապես, դրույթներ, որոնց կողմերն ընդհանրապես չեն հասցրել անդրադառնալ։ Առաջընթացին զուգահեռ, Համանախագահությունն ըստ անհրաժեշտության թարմացրել է նախագծի տեքստը՝ համաձայնեցված հատվածներն արտացոլելով հաստ (bold) տառատեսակով։ Ըստ այդմ, մեր տրամադրության տակ կա նախագծի մի քանի տարբերակ` տարբեր ամսաթվերով։ Դրանք համեմատելով՝ կարելի է տեսնել բանակցություններում կողմերի առաջընթացը։

Միաժամանակ, Մինսկի խմբում կար չգրված օրենք՝ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Ուստի, բանակցությունների ընթացքում ու դրանից հետո շուրջ 25 տարի, դրանց աշխատանքային մանրամասները շարունակում են մնալ չհրապարակված։ Այսօր էլ լուրջ փաստարկներ կան դրանց մեծ մասը խորհրդապահական ռեժիմի տակ պահելու օգտին։ Սակայն, կան նաև դեպքեր, երբ հանրային տեղեկացվածության կարիքը գերակշռում է խորհրդապահական ռեժիմը պահպանելու անհրաժեշտությանը, և նման դեպքերում, թերևս կարելի է որոշ փակագծեր բացել։ Նման կարիք, ըստ իս առաջացավ, երբ հանրային տիրույթում վերջերս սպեկուլյատիվ մեկնաբանություններ արվեցին՝ հատկապես Բերձորի ու Շուշիի հարցերում Հայաստանի բանակցային դիրքերի, կամ միջազգային հանրության մոտ գերակշռող մոտեցումների կապակցությամբ։

-Շուշիի, Շահումյանի շրջանի եւ Բերձորի հետ կապված ի՞նչ է սահմանել փաստաթուղթը․ այն եղել է համանախագաhության առաջա՞րկ, թե բանակցված փաստ։ Ո՞րն է եղել հայկական կողմի դիրքորոշումը դրանց առնչությամբ, եւ, ի վերջո, ինչո՞ւ կողմերն արդյունքում համաձայնություն չեն ունեցել նշյալի վերաբերյալ։

-Համաձայնագրի նախագծում Շուշի քաղաքին, Շահումյանի շրջանին ու Բերձորին (Լաչին) վերաբերող դրույթները պարունակվում են Հավելված 2-ի 6-րդ (Շուշի և Շահումյան) և 7-րդ (Բերձոր) կետերում։ Երկու կետն էլ հրապարակված են։ Հրապարակված տեքստն արտացոլում է այդ խնդիրների կապակցությամբ ԵԱՀԿ Համանախագահության «համաձայնեցված հիմքը», որն առաջարկվել էր կողմերին իբրև բանակցային նյութ։ Այն չի արտացոլում կողմերի համաձայնությունը։ Այդ երկու կետի շուրջ 1995-98 թթ․ աշխատանքային մանրամասն բանակցություններ չեն եղել, որովհետև բանակցությունները հիմնականում կենտրոնացել են Համաձայնագրի բուն տեքստի, այլ ոչ դրա հավելվածների վրա, թեև եղել են սկզբունքային քննարկումներ վերջիններիս շուրջ ևս։ Միաժամանակ, Համանախագահների առաջարկն ինքը հիմնված է եղել կողմերի հետ խորհրդակցությունների արդյունքում ձևավորված գնահատականների ու մոտեցումների վրա։

Հայկական կողմի դիրքորոշումը, որը հատկապես Շուշիի հարցում ակնհայտորեն արտացոլված է Համանախագահների ներկայացրած «բանակցային հիմքում», եղել է այն, որ նախ, Շուշին կարող է քննարկման առարկա լինել զուտ մարդասիրական հարթության մեջ՝ փախստականների ու տեղահանվածների վերադարձի ենթատեքստով, և երկրորդ, որ Շուշիի հարցում հայկական մոտեցումները հայելային կերպով շաղկապված են Շահումյանի շրջանի հարցում հայկական կողմի շահերի հետ, և հայկական կողմից որևէ մարդասիրական քայլ Շուշիում պետք է փոխադարձվի ադրբեջանական կողմից Շահումյանի շրջանում համապատասխան քայլով։ Օրինակ, Շուշի քաղաք փախստականների վերադարձը կարող է տեղի ունենալ միայն Շահումյանի շրջան փախստականների համարժեք վերադարձի պարագայում, և երկու հարցում էլ վարչական, քաղաքական, հանրային կարգի ու անվտանգության հարցադրումները պետք է լինեն հայելային փոխադարձության մեջ։ Դա ապահովում էր, որ Շուշիի հարցում ադրբեջանական կողմի ախորժակը զսպվի, և թույլ էր տալիս Շահումյանի հարցում հետամուտ լինել հայկական շահերին։

Բանակցային ոչ մի փուլում Շուշին «օպերատիվ տարածքներից» ետքաշումների գրաֆիկում չի եղել, և չի դիտարկվել իբրև այդպիսին։ Համանախագահների կողմից «օպերատիվ տարածք» են համարվել Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Կովսականի (Զանգելան), Քաշունիքի (Կուբաթլի) ու Քարվաճառի շրջանները, Բերձորի (Լաչին) շրջանը` բացառությամբ տարանցիկ գոտու, ինչպես նաև Մարտակերտի ու Մարտունու՝ Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ հայտնված տարածքները, որտեղից ևս նախատեսվում էր ուժերի ետքաշում, տվյալ դեպքում՝ ադրբեջանական ուժերի, ընդ որում՝ Ակնայից հայկական ուժերի առաջարկվող ետքաշման հետ համատեղ, և նախքան այլ «օպերատիվ շրջաններից» հայկական ուժերի ենթադրվող ետքաշումը։ Այս գրաֆիկը, ի դեպ, կողմերի միջև աշխատանքային բանակցության առարկա չի եղել՝ առնվազն մինչև 1998-ի վերջը, և երբեք չի համաձայնեցվել։ Միաժամանակ, այն արտահայտել է իրավիճակի ու դրա կարգավորելիության մասին Համանախագահության ընդհանուր գնահատականներն ու մոտեցումները։

Բերձորի հարցում եղել է հստակ ընկալում այն մասին, որ տարանցիկ միջանցքն ունենալու է միջին հաշվով 20 կմ լայնություն, և ապահովելու է Հայաստանի ու Արցախի միջև ազատ, անարգել ու ապահով տրանսպորտային հաղորդակցություն։ Եղել է մոտեցում, որ ինչ-որ պահի տարանցման ազատությունը կապահովվի ժամանակավոր միջազգային վարչակազմի կողմից, մինչև կողմերի միջև մեկ այլ պայմանավորվածության ձեռքբերումը։ Ընդսմին, դիտարկվել են նման պայմանավորվածության զանազան հնարավորություններ, օրինակ՝ Հայաստանի կողմից այդ տարածքի երկարաժամկետ վարձակալում։ Ինչպես Շուշիի ու Շահումյանի դեպքում, Բերձորի հարցում ևս բանակցություններն աշխատանքային մակարդակի չեն հասել, թեև սկզբունքային քննարկումներ ու խորհրդակցություններ եղել են։ Ներկայացված տեքստն արտացոլում է Համանախագահության «համաձայնեցված հիմքը», սակայն ոչ կողմերի միջև որևէ պայմանավորվածություն։

-Շուշիի հարցում համանախագահության կողմից եղե՞լ է ճնշում հայկական կողմի վրա՝ այն Ադրբեջանի մաս կազմելու համատեքստում։

-Նման ճնշում չի եղել։ Շուշին երբեք Արցախի կազմից դուրս չի դիտարկվել։ Այն դիտարկվել է զուտ մարդասիրական ենթատեքստում՝ փախստականների վերահսկելի վերադարձի հարթության մեջ, և Շահումյանի հետ հայելային փոխադարձությամբ։

-Փաստեցիք, որ Շուշիի հարցը քննարկվել է բացառապես մարդասիրական համատեքստում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն օրերս նորից պնդեց, թե Շուշիի հարցը եղել է բանակցային սեղանին ու հարցադրում արեց․ «Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին»։

-Բանակցային գործընթացի մասին իմ փորձն ու գիտելիքը որևէ կերպ չեն հաստատում վարչապետ Փաշինյանի պնդումների հիմնավորվածությունը՝ ոչ Շուշիի հարցում բանակցային խնդիրների, ոչ էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ենթադրյալ մտադրությունների մասին։

-Պարոն, Խարազյան, ի՞նչ է ստացվում, այս իշխանությունը տեղյակ չի՞ եղել, թե Շուշիի հարցն ինչ համատեքստում է քննարկվել։ Եւ, եթե կարելի է, Ձեզանից բացի, ովքե՞ր են տիրապետում այս փաստաթղթին, Հայաստանի ներկայիս իշխանությունը տեղյակ եղե՞լ է դրանից։

-Ենթադրում եմ, որ վարչապետը բավարար չափով տեղյակ չէ բանակցային այս մանրամասներից, ու չի բացառվում, որ գոյություն ունեցող տեքստերը, որոնք հիմք են հանդիսացել ոչ միայն մինչև 1998-ը, այլև դրանից հետո էլ տեղի ունեցած բանակցային գործընթացների համար, իրեն չեն տրամադրել։ Չի բացառվում, որ այդ տեքստերը նրա խորհրդականները ևս չունեն։ Ինձ մոտ դրանք պահպանվել են, որովհետև ես եղել եմ այդ բանակցություններում Հայաստանի թիմի անդամ՝ 1994-ի Բուդապեշտի վերազննման համաժողովից մինչև 1999-ի հունվարին Վաշինգտոն իմ նշանակումը՝ մասնակցելով գրեթե բոլոր բանակցային նիստերին։ Ինձնից բացի, այդ փաստաթղթերի հետ աշխատել են նաև մեր բանակցային թիմի մյուս երկու անդամներն ու արցախյան պատվիրակության անդամները, թեև վստահ չեմ՝ նրանց արխիվում դրանք պահպանվե՞լ են, թե՞ ոչ։ Կարող եմ ասել, որ խորհրդակցել եմ մեր թիմի անդամների հետ, և նրանցից ոչ մեկին ներկա վարչակազմը չի մոտեցել, խորհուրդ չի հարցրել ու բրիֆինգ չի խնդրել։ Ինքս առաջարկել եմ նման բրիֆինգ, բայց առաջարկը հետաքրքրություն չի առաջացրել։ Այդուհանդերձ, տեղյակ եմ, որ մեր բանակցային ավագ ընկերներից մեկը, որը բանակցություններում ժամանակ առ ժամանակ ընդհանուր ղեկավարություն է իրականացրել, սակայն դրանց ոչ բոլոր փուլերին է մասնակցել, ու ոչ բոլոր հարցերին է քաջատեղյակ՝ հատկապես աշխատանքային մակարդակով ու ռուսերեն բանակցված տեքստերին, սերտորեն աշխատել է վարչակազմի հետ, ու թերևս դա է վերջինիս տեղեկացվածության հիմնական աղբյուրը։

-Ազգային ժողովում օրերս Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սերժ Սարգսյանին վերագրեցին բանակցելու փուլային տարբերակ, ինչին Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է։ Որպես բանակցային թիմի նախկին եւ լավատեղյակ անդամ՝ խնդրում եմ հստակեցնել․ մինչեւ ո՞ր ժամանակահատվածն են բանակցվել փաթեթային ու փուլային տարբերակները, ո՞րն է դրանց տարբերությունը եւ ի՞նչ տեղ ունեն դրանցում անվտանգության ու Արցախի կարգավիճակի հարցերը։

-Փաթեթային ու փուլային տարբերակները քննարկվել են զուգահեռ, մեր բանակցային թիմի կողմից, 1995 թ․ մայիս-հունիսից մինչև ձևական առումով 1998 թ․ փետրվարի 2-ը՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականը, թեև բանակցային գործընթացը որոշ սառեցում է ապրել 1996 թ․ Լիսաբոնի վեհաժողովից հետո, ու վերսկսել 1997-ի մարտին։ 1998-ի մայիսի 16-ին Ռուսաստանի կողմից մեզ առաջարկվել է «ընդհանուր պետության» գաղափարը՝ իր որոշ վերլուծական ու կառուցվածքային տարրերով, որն ընդհանուր առմամբ Հայաստանի կողմից բացասական արձագանք չի ստացել, թեև առանձնապես չի էլ ողջունվել։ 1999-ից հետո ես անմիջականորեն ներգրավված չեմ եղել բանակցություններում, սակայն հետևել եմ դրանց մասին հանրային տեղեկատվությանը։ Թվում է, որ եղած տարբերակներից Մադրիդյան սկզբունքներն առավել լիարժեքորեն են կարողացել համադրել կարգավորման մեջ հայկական կողմերի համար ամենակարևոր հարցադրումներն ու դրանք ձևակերպել այնպիսի լուծումներով, որոնք թե՛ իրատեսական էին, և թե՛ ընդունելի, որովհետև դրանք համադրում էին «փուլային» կարգավորման ամենաէական պահերն Արցախի կարգավիճակը հանրաքվեով որոշելու տարրի հետ՝ մի բան, որ մեր բանակցած տարբերակներում, մասնավորապես փուլայինում, մենք ապահովել չենք կարողացել մինչև 1999-ը, թեև 2007-ին դա անել հաջողվել է։ Պետք է նաև ավելացնեմ, որ մինչբուդապեշտյան շրջանում ևս եղել են բանակցություններ՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵԱՀԽ Մինսկի խմբի առանձին միջնորդություններով, և Բուդապեշտից հետո ներկայացված տեքստերն այդ ձևաչափերում առաջարկված ու փորձարկված մոտեցումներ են արտահայտում, թեև հիմնականում բխում են վաղ 90-ականներին ձևավորված ռուսական մշակումներից։

Փուլային ու փաթեթային տարբերակների հիմնական տարբերությունը կարգավորման մեթոդաբանության մեջ է։ Փուլայինի առանցքն Արցախի անվտանգության առաջնահերթությունն է, իսկ փաթեթայինինը՝ կարգավիճակի։ Միաժամանակ, երկու տարբերակն էլ չեն անտեսում մյուս խնդրի կարևորությունը, պարզապես դրանց տարբեր առաջնահերթություն են տալիս։ Փուլային տարբերակում մեծ տեղ են զբաղեցնում կարգավորման անշրջելիությունն ու փոխադարձությունն ապահովող ռազմատեխնիկական միջոցառումները՝ մասնավորապես վաղ տեղեկացման, կանխարգելման, տեղեկատվության փոխանակման ու վերիֆիկացման, ծանր սպառազինությունների վերահսկման ու միջազգային խաղաղապահ գործողության հետ այդ միջոցառումների փոխգործունակ համադրման խնդիրները։ Նպատակն էր՝ դադարեցնել զինված հակամարտությունը, ամրապնդել իրավիճակը հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, ու նախապատրաստվել Մինսկի խորհրդաժողովում Արցախի կարգավիճակի որոշմանը։ Կարգավիճակի հարցում համաձայնագրի հիմնական տեքստի կետ 12-ն ասում էր․ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը կմշակվի փոխընդունելի փոխզիջման հիման վրա ու կսահմանվի ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովում»։

Փաթեթային կարգավորման հիմքում, ինչպես նշեցի, ընկած էր Արցախի կարգավիճակի սահմանման առաջնահերթությունը, որի համաձայնեցումը հայկական կողմերի, հատկապես Արցախի պատվիրակության տեսանկյունից դիտվում էր իբրև հակամարտության դադարեցման համար առավել ցանկալի նախապայման։ Համանախագահները կարծում էին, որ այդ մոտեցումը, ի տարբերություն փուլայինի, չէր նպաստում փոխզիջումների որոնմանը, որովհետև այն «դիրքայնացնում» էր բանակցություններն ու կողմերին զրկում դինամիկ առաջընթացից, որի արդյունքում բանակցությունները վտանգվում էին։

Փաթեթային տարբերակում Արցախի կարգավիճակի շուրջ եղել են զանազան առաջարկներ՝ լայն ատրիբուտներով, թեև դրանցից ոչ մեկում Արցախի անկախության գաղափարը տեղ չի գտել։ Միաժամանակ, փաթեթային առաջարկների մեծ մասն ընդունում էր Արցախի որակն իբրև «պետական ու տարածքային կազմավորում», համարժեք տարրերով՝ սեփական սահմանադրություն, դրոշ, զինանշան, օրհներգ, արտաքին հարաբերությունների ինքնուրույն վարույթի լայն ազատություն, Ազգային Գվարդիա ու Ոստիկանություն, ինքնուրույն բյուջե, օտար պետությունների հետ անկախ գիտական, մշակութային, տնտեսական, մարզական ու մարդասիրական համագործակցության ազատություն, ևն՝ Ադրբեջանի հետ հորիզոնական հարաբերություններով, մեկ պետության մեջ, նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։

Փաթեթային տարբերակում ևս Շուշին ու Շահումյանը հավասարարժեք փոխադարձության մեջ էին դիտվում, իսկ Լաչինի պարագայում դրա տարբերակներից առնվազն մեկով առաջարկվում էր, որ Լաչինի միջանցքն Ադրբեջանը վարձակալման հիմունքով տրամադրի ԵԱՀԿ-ին, վերջինս էլ այն տրամադրի Լեռնային Ղարաբաղի բացառիկ օգտագործմանը։

Իհարկե, թե՛ փուլային, թե՛ փաթեթային տարբերակներն ավելի լայն ու մանրամասն են, ու դրանք գնահատել կարելի է միայն ամբողջական պատկերացում ունենալու և ժամանակային կոնտեքստը ճիշտ հասկանալու պարագայում։ Միաժամանակ, դրանց խորհրդապահությունը դեռևս արդիական է, և ես կցանկանայի հարգել այն։ Պարզապես, այս հարցազրույցի նպատակն այն էր, որ որոշ հարցերի վերաբերյալ հանրային տիրույթով հնչող մեկնաբանությունները լինեն տեղեկացված, պատասխանատու, այլ ոչ սպեկուլյատիվ։ Հուսով եմ՝ այդպես էլ կլինի, իսկ եթե պետության ղեկավարությունը ցանկանա ավելի մանրամասն տեղեկանալ այս փաստաթղթերին ու բանակցային գործընթացի պատմությանն ընդհանրապես, ապա մեր պարտքն է՝ ընդառաջել այդ ցանկությանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930