Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել քան երբեւէ հրատապ է դառնում Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը. Բիշքեկյան համաձայնագրի նշանակությունն ու դասերը. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 05,2022 11:18

28 տարի առաջ, 1994 թ. մայիսի 5ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվեց մի փաստաթուղթ, որը ղարաբաղյան հակամարտության գոտում տեւական հրադադարի հիմքը դարձավ: Փաստաթուղթն ուժի մեջ մտավ մայիսի 12ին: Թեեւ դա վերջնական խաղաղություն չէր, այլ հրադադար, այնուամենայնիվ, համաձայնագիրը պատմական նշանակություն ունեցավ: Հատկանշական է այն, որ, որպես լիիրավ կողմ, Բիշքեկյան հայտնի պայմանագրի տակ իր ստորագրությունն է դրել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը: Իսկ մայիսի 16ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի միջնորդությամբ, Մոսկվայում տեղի ունեցավ հակամարտող բոլոր երեք կողմերի պաշտոնական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որում կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու վերաբերյալ հաստատվեց նախկինում ձեռք բերված համաձայնությունը՝ ընդհուպ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Հատկանշական է, որ Բիշքեկյան արձանագրության մեջ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է ոչ միայն հակամարտող կողմ, այլեւ ներկայացվում է որպես հաղթող երկիր։ Ընդ որում՝ փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂՀ խորհրդարանների ղեկավարները, այնպես էլ Ղրղըզստանի մեջլիսի եւ ՌԴ Պետդումայի նախագահները։ Ուշագրավ է եւ այն, որ հակամարտության երեք կողմերի ղեկավարների ստորագրությունները վավերացվել են Ռուսաստանի Դաշնության Պետդումայի եւ Ղրղըզստանի մեջլիսի վերին պալատի նախագահների կողմից, ինչն ավելի է կարեւորում փաստաթղթի քաղաքական նշանակությունը։

Դժբախտաբար, անցած տարիների ընթացքում հրադադարն այդպես էլ չփոխակերպվեց լիարժեք խաղաղության: Արցախյան կողմից բազմիցս է ընդգծվել, որ հակամարտության կարգավորումը պետք է բխի Արցախի ժողովրդի ինքնորոշման պատմական իրավունքից, մասնավորապես՝ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունից։ Ընդ որում՝ 1994 թ. Բիշքեկյան արձանագրությունում նշվել է բանակցություններում Արցախի ներկայացուցիչների լիակատար մասնակցության հանգամանքը։ Ցավոք, Ադրբեջանի քաղաքական ուժերի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները, բանակցային գործընթացներում ձեռք բերված դրական միտումներն այսօր կասկածի տակ են առնվում։ Առավել զավեշտական է, երբ նման վերամբարձ հայտարարություններ են անում երկրի նախագահն ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որոնք անմիջականորեն պատասխանատվություն են կրում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վտանգելու եւ տարածաշրջանում լարվածությունը սրելու համար։

2020 թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո, երբ հակառակորդը չի հրաժարվում հայատյաց իր քաղաքականությունից, այսօր առավել քան երբեւէ հրատապ է դառնում անկախության ճանաչման անհրաժեշտությունը։ Միջազգային հանրության նման քայլն Ադրբեջանի ագրեսիվ մտահղացումների կասեցման, մարդու իրավունքների պաշտպանության եւ հակամարտության գոտում կայունության հաստատման երաշխիք կարող է դառնալ։ Հիմնախնդրի վերաբերյալ ԱՀ իշխանությունները, քաղաքական ուժերը, ժողովուրդը միակամ են եւ հայտարարում են, որ երկրի անվտանգությունը երբեք չի լինի որեւէ սակարկության առարկա, ու արցախցիները չեն հրաժարվելու անկախությունից:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031