Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշի մարման արարողությունը

Հունիս 14,2022 18:19

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշի մարման արարողությանը:

Նամականիշի վրա պատկերված է հայտնի հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան Արտեմ Պատապուտյանը, որը 2021թ. ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի: Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Պատապուտյանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ողջունել է ներկաներին և շնորհավորել այս նշանակալի իրադարձության կապակցությամբ: Արայիկ Հարությունյանի խոսքով, այս իրադարձությունը կրկնակի ուրախալի է, քանի որ նամականիշի վրա ներկայացված է հայազգի առաջին Նոբելյան մրցանակակրի պատկերը: «Պարոն Պատապուտյան, ողջունում եմ Ձեզ: Ուրախ եմ, որ հյուրընկալվել եք Հայաստանում, հատկապես՝ այդ իրադարձությունից հետո: Մեզ համար մեծ պատիվ է: Նաև պատիվ է, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկի վրա, այս դեպքում՝ նամականիշի վրա Ձեր պատկերն է: Այս օրը, կարծում եմ, հիշարժան կլինի ոչ միայն այստեղ ներկա գտնվողների, այլ նաև ֆիլատելիստների համար, որոնք մեծ սիրով իրենց հավաքածուներում կունենան այս նամականիշը»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Նամականիշը մարել են Արայիկ Հարությունյանը, Արտեմ Պատապուտյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայաստանի ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: Այն տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 20 000 տպաքանակով:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել