Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային հաղթական տրամադրություն Կապանում․ պաշտոնյաները խոստացան Կապանը դարձնել սպորտի մայրաքաղաք (ֆոտոշարք, տեսանյութ)

Օգոստոս 09,2022 21:38

Երեքշաբթի՝ օգոստոսի 9-ը Սյունիքի մարզկենտրոն Կապանում ֆուտբոլային էր։ Քաղաքային մարզադաշտում  ֆուտբոլի Հայաստանի առաջին լիգայի  առաջնության Կապանի «Սյունիք»  ֆուտբոլային ակումբը  սեփական հարկի տակ ընդունել էր  Շիրակ-2»  թիմին։

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը   ստեղծվել է «Գանձասար-Կապան» ակումբի բազայի վրա, ուստիեւ նախկին ակումբի իրավահաջորդն է։ Ակումբի սեփականատերը չի փոխվել՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը նաեւ ակումբի հովանավորն է։ Վերակազմավորված «Սյունիք»  ֆուտբոլային  ակումբն այժմ 190 սան ունի, ընդ որում կարող են հաճախել պատանիներ ոչ միայն Կապանից, այլ մարզի տարբեր բնակավայրերից։

Մինչ խաղի մեկնարկը, տեղի ունեցան վերանորոգված  մարզադաշտի եւ առաջնության հանդիսավոր բացման արարողությունները։ Կապանը ժամանակին եղել է հայկական ֆուտբոլի կայուն դարբնոց։ Այստեղ են իրենց մարզական մկրտությունը ժամանակին ստացել Գրիգոր Համբարձումյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը եւ այլոք։

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Մակար վարդապետը Գյումրից է։ Իր խոսքով, Գյումրիում՝ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մի քանի չեմպիոնի։

Նա մաղթեց, որ Կապանն էլ դառնա նման քաղաք։ «։ Որպես թեմի առաջնորդ ուրախ եմ, որ սպորտը մարզում զարգանում է։ Թող Աստված օրհնի, մեծամեծ հաղթանակներ»,-իր խոսքում նշեց հոգեւոր հայրը։

«Սյունիքում ծնվեց ֆուտբոլային մի նոր ակումբ, ու շատ եմ կարեւորում այս օրերին   սպորտի վրա մեծ ուշադրություն դարձնելը, մանավանդ՝ ֆուտբոլի։ Ֆուտբոլը թիմային խաղ է, իսկ բոլորիս համար թիմային աշխատանքը հիմա կարեւոր է»,-իր խոսքում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով ԶՊՄԿ-ին աջակցության համար։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «Սյունիք» ֆուտբոլային ակումբի տնօրեն Վարդան Ջհանյանի խոսքով՝ օրվա խորհուրդը տոնական է եւ այն կարելի է  «Սյունիք» ֆուտբոլային ակումբի վերածննդի օր համարել։ «Այսօր ոչ միայն  ֆուտբոլային ակումբի զարգացման,  այլեւ մարզի սպորտի զարգացման հիմքը պիտի դնենք։ Ունենք շատ նախագծեր,  Սյունիքը պիտի լինի ամենասպորտային մարզը, իսկ Կապանը՝ սպորտի մայրաքաղաքը։ Ձեզ հետ միասին,  մարզպետարանի, համայնքապետերի ու Սյունիքի բնակչության հետ պիտի զարգացնենք սպորտը Սյունիքում»,-ասաց  Վարդան Ջհանյանը։

Ելույթներից հետո իրենց երաժշտական համարները ներկայացրին Սրբուկը, Խորեն Լեւոնյանը, կապանցի երգիչ Գաբրիել Ջիգը։

Կապանի քաղաքային մարզադաշտի տրիբունաները լեփ-լեցուն են։ Խաղադաշտ են մտնում «Սյունիք» եւ «Շիրակ-2» ֆուտբոլային թիմերը։ Ողջունում են իրար, Հայաստանի հիմնի ներքո բարձրացվում են դրոշները։ Խաղի մեկնարկային գնդակը  իջեցվում է դրոնով, որը ընդունում է գլխավոր մրցավարը։ Հայտարարվում է խաղի սկիզբն ու առաջին պատվավոր հարվածը կատարում է  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ֆուտբոլային խաղն ավարտվեց  կապանցիների հաղթանակով՝ 2։0։ Նկատենք, որ երկարատեւ ընդմիջումից հետո ֆուտբոլը  Կապանի մարզադաշտում  սպորտային բարձր տրամադրությունից բացի՝ մեկտեղել էր  մարզի պաշտոնյաներին, որոնք մինչ խաղը սկսելն իրար հետ մտերմիկ առանձնազրույցներ էին ունենում։

Մեկ նկատառում եւս․ հիշեցնենք, որ 2018թվականի հոկտեմբերին, Կապանում՝ բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով, Կապանի մարզադաշտին ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի խնդիրներին, հայտարարել էր, որ ֆուտբոլը կվերադառնա Կապան։ Նա նույնիսկ ժամկետ էր նշել՝ 1,5-2 տարի։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031