Օգոստոսի 19-ից Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը։
Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը ընդգծեց, որ դժվարին ժամանակահատվածում նմանօրինակ միջոցառումների իրականացումը միայն ու միայն անհրաժեշտություն է․«Փառատոնի շրջանակում, այս տարի իրականացրեցինք «Ծիծեռնակ» ներառական մշակութային ճամբար, որին մասնակցեցին «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և այլ մասնագիտացված կառույցների սաներ։ Երեխաների արձագանքը, տպավորություններն ուղղակի ապրեցնող էին բոլորիս համար, իհարկե այդ ամենը նաեւ պարտավորեցնող էր»։
Այս տարի փառատոնն ունի նոր կարգախոս, որն է՝ #Միասին կարող ենք․ «Նման փառատոները, դասվում են այն կարեւոր միջոցառումների եւ իրողությունների շարքին, որոնք կարծրատիպ են փոխում հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերյալ, անխոս՝ նման նախագծերը ոչ միայն նախընտրելի են այլեւ՝ պարտադիր »,-ասուլիսի ընթացքում նշեց տեսողական խանգարում ունեցող հայտնի եւ սիրված երաժիշտ Ալեքսանդր Ժուկովը։
Օրեր առաջ Վանաձորի ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի ունեցած համերգով մեկնարկած «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակում հանդես եկան Վանաձորի Կամերային երգչախումբը եւ «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը, ինչպես նշում է փառատոնի հիմնադիր նախագահ Շահեն Նազարենկոն՝ փառատոնի նպատակներից է ակտիվացնել մարզային մշակութային կյանքը․ «Վանաձորյան բացումից եւ մշակութային օրերից հետո վերադարձել ենք Երեւան՝ օգոստոսի 23-ից ծրագրերը կիրականացվեն Սբ․ Աննա և Սբ․ Կաթողիկե եկեղեցիների տարածքում, կինոդիտում- քննարկումներից մինչեւ հանդիպումներ, համերգային ծրագրեր ։ Դե, իսկ փառատոնը կամփոփվի օգոստոսի 28-ին Ա․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Անուշ» օպերայով »,- ասուլիսի ընթացքում նշեց հիմնադիր նախագահ Շահեն Նազարենկոն։

Կարդացեք նաև


Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։Փառատոնին աջակցում են նաեւ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:
Մամուլի հաղորդագրություն



















































