Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորն ու Ժաննա Անդրեասյանը 2013-ին քննադատում էին Արարատ Միրզոյանին ԵՊՀ-ում ժամեր չտալը

Սեպտեմբեր 11,2022 20:26

ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը պնդում է, որ համալսարանում խնդիրներ ունի, ու պատճառը քաղաքական հայացքներն են, ինչի համար, ըստ վաստակաշատ դասախոսի, իրեն սպառնում են զրկել աշխատանքից, որն ընդամենը քառորդ դրույք է: Նա նաեւ ասում է, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անձամբ էր հանձնարարել, որ իր հետ պայմանագիր չկնքեն: «Ո’չ Սերժ Սարգսյանի, ո’չ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ որեւէ մեկը ինձ չի թելադրել, թե ես ինչ խոսեմ, հիմա մարդիկ թելադրում են եւ ինձ սպառնում՝ զրկել աշխատանքից»,-«Փաստինֆոյին» ասել է պարոն Սրապիոնյանը։

ԵՊՀ-ից, սակայն, պարզաբանում են, որ Մայր բուհն ապաքաղաքական  կառույց է, եւ որեւէ մեկին դասաժամերից զրկելը քաղաքական ենթատեքստ չունի, բայց փաստն այն է, որ Սերժ Սրապիոնյանը խնդիրներ ունի աշխատավայրում, իրավաբանական գիտությունների թեկնածու, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին եւս ժամեր չեն տվել, ու առայժմ ԵՊՀ-ն հստակ բացատրություն չունի այդ մասին, թեեւ Aravot.am-ին խոստացել են՝ գրավոր հարցում ուղարկելու դեպքում՝ գրավոր հիմնավորել: «ԵՊՀ ռեկտորի կողմից որեւէ մեկին քաղաքական ենթատեքստ պարունակող որեւէ հորդոր չի արվել»,-Aravot.am-ին հայտնել են  ԵՊՀ-ից:

Հիշեցնենք, որ ընդամենը 9 տարի առաջ՝ ոչ հեռավոր 2013-ին, երբ ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շարքային  սովորական դասախոս էր, Aravot.am-ի հետ զրույցում համոզմունք էր հայտնում, որ Մայր բուհում պետք է մթնոլորտ փոխվի, հանդես էր գալիս ի պաշտպանություն  ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանի, հրապարակավ դատապարտում էր, որ  Արարատ Միրզոյանի պայմանագիրը չի թարմացվել՝ դասադուլ հայտարարած ուսանողների հետ միջադեպ ունեցած  ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին քննադատելու համար:  Հովհաննիսյանն  ասում էր, որ պիտի ավելի շատ դասախոսներ բարձրաձայնեն այդ մասին, որպեսզի Միրզոյանի հարցը հանրային հնչեղություն ստանա: ԵՊՀ ներկայիս ռեկտորը նաեւ անցյալում ասում էր, որ համալսարանում պետք է փոխվի հարմարվողականության մթնոլորտը, առաջին տեղում էլ լինի ազատության գաղափարը: Հետաքրքիր է՝ այսօր է՞լ է նույն կարծիքին:

«Համալսարանը պետք է իր որակով տարբերվի մնացած բոլոր հաստատություններից, ինչպես եղել է անգամ սովետական շրջանում, երբ  նույնիսկ կոմկուսի առաջին քարտուղարները զգուշավորություն էին ցուցաբերում համալսարանում հանդիպումների ժամանակ, քանի որ գիտեին, թե համալսարանականների մեջ շատ էին ազատ ու անկախ մարդիկ: Այդպես էլ այսօր համալսարանի ողջ աշխատակազմը պետք է շահագրգիռ լինի, որ նման մարդիկ շատ լինեն ու մեր մեջ պետք է ոչ թե հակառակորդների փնտրեն, այլ համալսարանի ապագայով մտահոգ մարդկանց»,-2013 թվականին ասում էր այժմ արդեն ռեկտոր դարձած Հովհաննես Հովհաննիսյանը:

Քանի որ Սերժ Սրապիոնյանը նաեւ ԿԳՄՍ նախարարության եւ անձամբ նախարարի անունն է շոշափում, հիշեցնենք, որ համալսարանից ազատված դասախոս Արարատ Միրզոյանի հետ կատարվածը 2013-ին դատապարտում էր այսօր արդեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա ասում էր, որ համալսարանը պետք է դառնա ինքնամաքրվող, իրական ինքնավար կառույց՝ ակադեմիական ազատությամբ: Իսկ հիմա լռություն է պահպանում դասախոսների հետ կատարվողի մասին։

Փաստորեն, անհրաժեշտ է ընդամենը մի տասնամյակ ու մի պաշտոն, որպեսզի մարդը ոչ թե 10, այլ  180 աստիճանով տարբերվող կարծիք հայտնի նույն խնդրի մասին: Ի դեպ «նախկինների» ժամանակ նրանց աշխատանքից չեն հեռացրել իրենց ազատ խոսքի ու կատարվածը դատապարտելու համար: Իհարկե, դա ամենեւին չի նշանակում, թե  «նախկինների» ժամանակ ամեն ինչ կատարյալ էր, բայց դա արդեն ուրիշ պատմություն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Դա նշանակում է, որ ներկայիս փոխնախարարն ու ռեկտորը երբ 2013թ հասարակ դասախոս են եղել, ոչ թե իրենց սկզբունների մասին են խոսել, այլ պաշտպանել են իրենց թայֆայի անդամ Արարատ Միրզոյանին։ Եթե սկզբունքային մարդիկ լինեին, ապա այսօր նմանատիպ հայտարարությամբ նույն կերպ կպաշտպանեին Սերժ Սրապիոնյանին, բայց երբ պաշտոն ունեն, իմ ու քո են անում։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930