Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Որս, թե որսորդ

Սեպտեմբեր 26,2022 23:23

Բոլորն էլ ամեն բան հասկանում են, իրականում քաղաքական դաշտում հիմարներ չկան: Այդ դեպքում հարց է առաջանում, որտեղից են ծագել այս հակադիր, սակայն միևնույն ժամանակ կատարյալ անհեթեթ՝ Քոչարյանի Հայաստանի միութենական պետություն և Փաշինյանի Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու գաղափարները: Կարծում եմ  դրանցից որն է ավելի կործանարար քննարկելու իմաստ չկա, քանզի երկուսի հիմքում էլ դրված է հայոց պետականության վախճանը:

Մարդկության պատմությունը, որն իր արտացոլումն է գտել ոչ միայն մեր քաղաքական գործիչների համար բավականին բարդ աշխատություններում, այլ նաև մանկական հեքիաթներում, բացահայտ բղավում է Ալիևներից, թե գայլերից փրկվելու համար պետք է պայքարել, այլ կերպ ասած հակահարված տալ:

Իհարկե թշնամին ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ագրեսիայի ներգործություն է կիրառում մեր վրա, քանզի նպատակը մեկն է՝ վնասազերծել և առանց իր համար էական վտանգի կուլ տալ զոհին: Պակաս կարևոր չէ մարսելու հանգամանքը: Օրինակ՝ Ռուսաստանի դեպքում Ուկրաինան մնացել է Պուտինի կոկորդում և շատերն են հասկանում, որ նա կխեղդվի:

Այսպիսով բոլորն են հասկանում պայքարելու անհրաժեշտությունը, սակայն միահամուռ այս տարբերակը չի քննարկվում՝ ինչու՞: Իմ սուբյեկտիվ կարծիքով, թեև մոտիվները տարբեր են, համենայնդեպս ներկայիս և նախկին իշխանավորների մոտ, ովքեր ի դեպ այժմ ներկա լինելու հայտեր են ներկայացնում, ընդհանուրը վախն է: Նախկիններն իրենց ղեկավարության օրոք  կեղեքել են սեփական ժողովրդին և հիմա հասկանում են, որ դեմոկրատական դաշտից Հայաստանին նետված միակ փրկօղակից օգտվելու դեպքում միանշանակ կկորցնեն իրենց անձնական բարեկեցությունը, իսկ ներկայիս իշխանավորը, որ բղավելով «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», սրընթաց անսպասելի ապտակ ուտելով երկրորդ արցախյան պատերազմի տեսքով, սարսափում է իրեն բռունցքով հարվածներ հասցնելու սպառնալիքներ տվողներից: Արդյունքում մենք մնացել ենք երկու քարի արանքում, ուստի կամ պետք է բռունցք դառնանք  և այնպես սպառնանք ներկայիս իշխանությանը, որ նա սկսի վախենալ մեզանից, այլ ոչ թե ռուս-թուրքական տանդեմից և սկսի գործել մեր ճանապարհային քարտեզով: Այստեղ  շատ արդարացի հարց է ծագում՝ ինչո՞ւ չմերժել երկուսին էլ և նոր իշխանություն ձևավորելով չիրագործել մեր իղձերը: Պատմությունը, այդ թվում նաև հայոց, ցույց է տալիս, որ նմանատիպ փոփոխությունները բերում են անդառնալի կորուստների և այդ դեպքում Հայաստանից լավագույն դեպքում կարող է մեզ մնալ քաղաք պետություն Երևանը, իհարկե Գագիկ Ծառուկյանի դղյակի ընդգրկմամբ:

Այսպիսով՝ միութենական պետությունում ընդգրկվելու մասին Ռ.Քոչարյանի առաջարկը, այսինքն՝ ընտանի կենդանի դառնալը, և Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը, նույն ինքը՝ որսի կարգավիճակում խուսանավելը, միևնույն առաջարկն է, արդյունքը նույնն է՝ ուտեստի տեսքով մատուցվում ես այս կամ այն սեղանին: Ինչպես ասում են մեր քելեխը թշնամու խնջույքն է:

Հարգելինե՛րս, Երրորդ Համաշխարհային պատերազմն անխոս ավարտվելու է Ուկրաինայի և Արևմուտքի հաղթանակով և Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պարտությամբ, սակայն միայն մեր վճռականությունն է, որ որոշելու է մենք կորցնողի, թե հաղթողի դերում ենք հայտնվելու: Այդ տանդեմը մեզանից մի քայլ հետ է, քանի որ դիկտատուրա են, նրանք դեռ ղեկավարվում են իրենց «Քոչարյան»-ներով, ուստի ունենալու են նաև իրենց «Փաշինյան»-ները, իսկ եթե մենք բռնենք արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ձեռքը, հավանականությունը մեծ է, որ կունենանք մեր Զելենսկին, Չերչիլը կամ Ռուզվելտը:

Առկա է ևս մեկ վտանգավոր մոտեցում, որ անհրաժեշտ է փրկել Արցախը, որ փրկվի Հայաստանը, սակայն, դա կործանարար է: Այո, յուրաքանչյուր ծնող խորտակվելիս ինքնըստինքյան փորձում է փրկել երեխային և դա մարդկային է, սակայն կործանարար, քանզի փրկությունը նրանում է, որ ծնողը նախ և առաջ բաց չթողնելով երեխայի ձեռքը պետք է ամրապնդի իր դիրքերը և հետո միայն ապահովագրի երեխային: Նշված կանոնը գործում է նույնիսկ օդանավերի կործանման դեպքում՝ նախ դիր քո դիմակը, հետո երեխայինը, ուստի բոլոր նրանք, ովքեր ասում են Հայաստանը Արցախ է տգետներ կամ դավաճաններ են՝ քանզի Արցախն է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստան:

Պատերազմում տարած հաղթանակներն են բերում խաղաղություն, գայլերով շրջապատված երկրի Հոլանդիա դառնալու երազանքը տանում է կործանման: Համոզված եմ, որ նույնիսկ արևմուտքը մեզ երկրորդ Իսրայել է տեսնում, հակառակ դեպքում այս  փրկօղակը չէր նետի: Լուկաշենկոն ասում էր ում է պետք Հայաստանը, Պուտինն ասում է Ալիևն իմ ընկերն է, իսկ Մակրոնը, Բայդենը և մյուսները առաջարկում են խորացնել մեզ հետ իրենց համագործակցությունը և հարցը ամենևին էլ նրանում չէ, թե ում ենք մենք հավատում, այլ նրանում, թե ով է նետել փրկօղակը: Ռուսաստանի «դաշնակից» Հայաստանը պետք է ապաքինվի Ստոկհոլմի համախտանիշից, հետևություններ անի իր պատմությունից, որի արդյունքում ռուսական աջակցությամբ դարձել է թուրքա-ադրբեջանական ցեղասպանության զոհ, այնուհետև խորհրդային ռուսական կայսրության հայատյաց քաղաքականության, այն է՝ սպիտակ ջարդի արդյունքում հայաթափվել և անվերադարձ կորսվել է Նախիջևանը և  բոլորիս հայտնի այլ հայկական բնակավայրեր ու հիմա էլ կանգնած ենք Արցախի՝ նույնիսկ Հայաստանի կորստի արջև:

Չկա այլ ճանապարհ՝ պետք է պատրաստվել պատերազմի, քանզի դեռևս աշխարհում  գերակայում է «որս, թե որսորդ» գաղափարը: Ինչ պետք է անել, ըստ իս պարզ է. դուրս գալ ՀԱՊԿ-ից, զինվել բոլոր օրինական և անօրինական ճանապարհներով, եթե ճար չլինի կտրել մեր անձնական մեքենաների տանիքները և նրանց վրա գնդացիրներ տեղադրել, հավաքել նույնիսկ խնջույքների համար օգտագործվող անօդաչուները, նրանց վրա ռումբեր տեղադրել և վերջապես, ինչպես իսկզբանե ուկրաինացիներն էին անում, Մոլոտովի կոկտեյլներ պատրաստել, ցույց տալ աշխարհին, որ մենք պատրաստ ենք կենաց-մահու պայքարի և  ինչպես Ուկրաինայի դեպքում կգան «Ջեվելին»-ները, «Հայմարս»-ները, սակայն համոզված եմ,  որ այս դեպքում դրան չի հասնի, կանաչի և լոլիկ վաճառողի գաղափարով մեծացած թշնամին այս պարագայում երկու անգամ կմտածի մեզ սադրելուց առաջ: Իսկ գլխավոր սադրիչը, փա՛ռք Տիրոջը, արդեն գտնվում է Ուկրաինայի ճանկերում, ուստի նրա հնարավորությունները սահմանափակ են:

Եվ հետո մի բան էլ ասեմ՝ հաջորդ պատերազմը միայն մեր և Ադրբեջանի միջև է լինելու, Ռուսաստանն իր պարտությամբ, իսկ Թուրքիան, որ պատեհ և անպատեհ առիթներով հավատարմության  երդում է տալիս Ադրբեջանին, իր պատառն արևմուտքից պոկելով Ալիևին թողնելու է միայնակ, և այստեղ է, որ Ադրբեջանի հետ դեմ դիմաց կանգնած որոշվելու է գլխավոր հարցը՝ Հայաստանը դիկտատորիկի որսն է, թե որսորդը:

Ամփոփելով դիմեմ Ռուսաստանի հայերին՝ hարգելի՛ հայրենակիցներ, այսօր դուք կանգնած եք երկմտության առջև. զորակոչվել ՌԴ զինված ուժեր և անփառունակ վախճանվել՝ Հայաստանի թշնամի դարձած Պուտինի կյանքը երկարաձգելու համար, թե վերադառնալ հայրենիք և մեզ հետ միասին դառնալ հայրենիքի պաշտպանության մարտիկներ:

Հիշեք «Z» նշանակում է զոմբի: Ցեղասպանություն տեսած ազգը ցեղասպանության չպետք է մասնակցի:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930