Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կոնգրեսականները դատապարտում են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակումը

Դեկտեմբեր 21,2022 18:50

Ամերիկահայերը համախմբվել են ի պաշտպանություն Արցախի

Մինչ Ադրբեջանը արգելափակում է Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը, կոնգրեսականներ շարունակում են բարձրաձայնել այդ խնդրի վերաբերյալ, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից առաջնորդված նամակում նա Բայդենի վարչակազմին հորդորեց դադարեցնել Ադրբեջանի կողմից պարտադրված արգելափակումն ու մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին։

«Ի լրումն անցյալ շաբաթ Հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական հայտարարությանը և կոնգրեսական Ադամ Շիֆի նամակին, Համագումարն ողջունում և գնահատում է հետևյալ սենատորների հայտարարությունները. Բոբ Մենենդեզ (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ալեքս Պադիլա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գարի Փիթերս (Դեմոկրատ, Միչիգան) և Ջեք Ռիդ (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ): Միացն նաև հետևյալ կոնգրեսականներն իրենց հայտարարություններով. Ադամ Շիֆ (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Աննա Էշու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) Ֆրենկ Փալոն (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Քեթրին Քլարկ (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Թոմ ՄաքՔլինթոք (Հանրապետական, Կալիֆոռնիա), Միշել Սթիլ (Հանրապետական, Կալիֆոռնիա), Ջիմ Լանգևին (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Բրեդ Շերման (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էրիկ Սուոլուել (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոշ Գոթհայմեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեն Շաքաուսքի (Դեմոկրատ, Իլինոյս), Յանգ Քիմ (Հանրապետական, Կալիֆոռնիա), Էբիգեյլ Սպանբերգեր (Դեմոկրատ, Վիրգինիա), Ջիմ Կոստա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քեթի Փորթեր (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ջուդի Չու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա)»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Մենենդեզն իր հայտարարության մեջ խստորեն քննադատեց Ալիևի կողմից Արցախի ժողովրդի դեմ «ձմեռը որպես զենք կիրառելը», ինչը «ուղղակի բխում է բռնապետական օրենքների գրքից»: Նա հավելեց, որ «ժողովրդավարություններն աշխարհով մեկ պետք է անհապաղ դատապարտեն Ալիևի և նրա վստահված անձանց կողմից գազի հարկադրական անջատումներն ու շրջափակումը»:

Ի հավելումն իր հայտարարության, սենատոր Մենենդեզը դեկտեմբերի 19-ի երեկոյան ելույթ ունեցավ Սենատի դահլիճում, որտեղ անդրադարձավ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտմանը, Հայաստանի դեմ ոտնձգություններին, և նրա լիակատար և բացահայտ աջակցությանն Ադրբեջանին, որտեղ «Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 77 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա, որն օգտագործվել է անմեղ հայերի վրա հարձակվելու համար»։

Նա կտրուկ հայտարարեց, որ «եթե մարդու իրավունքների ոտնահարման դեմ կանգնելն ինձ դարձնում է (նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի թշնամին, եթե Թուրքիայի կողմից Ադրբեջանին զինելու և անմեղ հայ քաղաքացիական անձանց կոտորածի մասին արտահայտվելն ինձ դարձնում է Էրդողանի թշնամին… ապա դա մի կրծքանշան է, որը ես պատվով կկրեմ»։

Հանձնաժողովի նախագահ Մենենդեզը նաև հստակեցրեց, որ հավանություն չի տա Թուրքիային որևէ F-16 ինքնաթիռների վաճառքին, մինչ Էրդողանը «չդադարեցնի իր ագրեսիայի արշավը ողջ տարածաշրջանում», և որ ԱՄՆ-ն պետք է Էրդողանին ենթարկի «պատասխանատվության իր վարքագծի համար, երբ նա խախտում է միջազգային օրենքները կամ մարտահրավեր է նետում ժողովրդավարական նորմերին կամ թույլ է տալիս իր ուժերին ոտնահարել մարդու իրավունքները»։

Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ռիդը հայտարարեց, որ Ադրբեջանը «անընդունելի և անհիմն մարդասիրական ռիսկեր է ստեղծում Արցախի ժողովրդի համար» և ընդգծեց ԱՄՆ-ի կարևորությունը «շարունակել ճնշում գործադրել՝ դեպի Արցախ մուտքի վերականգնման և բանակցությունների վերսկսման համար»:

Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Շիֆն ընդգծեց, որ Ադրբեջանը «դիտավորյալ արգելափակում է Արցախը սննդի, բժշկական պարագաների և ջերմության աղբյուրների հետ կապող միակ ճանապարհը ձմռանը», հումանիտար ճգնաժամը անվանելով «հայ ժողովրդի դեմ Ալիևի կողմից շարունակվող ահաբեկչության արշավի» մի մաս և հորդորելով, որ «ԱՄՆ-ն չի կարող ձեռքերը ծալած կանգնել»։

Կոնգրեսական Էշուն «խստորեն դատապարտեց Ադրբեջանի կողմից Արցախի դաժան շրջափակումը», մինչդեռ կոնգրեսական Քլարկն ասաց, որ ԱՄՆ-ը «պետք է օգնի ապահովել խաղաղություն և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին»:

Կոնգրեսական Սթիլը նույնպես հայտարարեց, որ ինքը «խստորեն դատապարտում է» Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, և որ «վարչակազմը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի այս ագրեսիան վերջ տալու համար»։

Իր հայտարարության մեջ կոնգրեսական Շերմանն ասաց. «Միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս զարհուրելի սադրանքը և ձեռնարկի ամեն հնարավոր և անհրաժեշտ քայլ՝ աջակցելու հայ ժողովրդին այս ճգնաժամային իրավիճակում»:

Վկայակոչելով Ադրբեջանի կողմից պարտադրված շրջափակումը որպես «աններելի»՝ կոնգրեսական ՄաքՔլինթոքն ասաց, որ ինքը «խստորեն դատապարտում է անարդար ագրեսիայի այս ակտը» և հորդորեց ԱՄՆ-ին «Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել»։

«Ամերիկայի հայկական համագումարը հորդորում է ամբողջ երկրից իր զանգվածային քարոզչության ակտիվիստներին շարունակել կապ հաստատել Կոնգրեսականների և հիմնական լրատվամիջոցների հետ՝ լսելի դարձնելու մեր ձայնը և օգնելու հայ ժողովրդին այս աճող մարդասիրական ճգնաժամի պայմաններում», – եզրափակեց Խալոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031