Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանին հասցեական քննադատած երկրները կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»

Դեկտեմբեր 21,2022 23:03

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին եւ այնտեղ արված հայտարարություններին` ասաց. «Նախ, արձանագրենք, որ այսօր արդեն տասներորդ օրն է, ինչ Արցախը գտնվում է բլոկադայի մեջ: Դա նշանակում է, որ ամեն օր 400 տոննա սնունդ եւ դեղորայք, որ ամեն օր կյանքի ճանապարհ Լաչինի միջանցքով հասնում էր Արցախ, այլեւս չի հասնում: Հետեւաբար, հարկ է արձանագրել, որ արդեն տասներորդ օրն է, ինչ Արցախը կանգնած է հումանիտար, պարենային ճգնաժամի եւ ցեղասպանական էթնիկ զտման առջեւ:

Հիմա, թե ինչ տեղի ունեցավ երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում: Ես հետեւել եմ բոլոր երկրների ներկայացուցիչների ելույթներին: Չի եղել որեւէ երկիր, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց նիստում չի դատապարտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը եւ կոչ չի արել Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Ես ուզում եմ անդրադառնալ նաեւ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիեւի ցինիկ ու անբարո ելույթին, իբրեւ դա միֆ է, որ Լաչինի միջանցքը բացված է եւ ինքը պատրաստ է ինչ-որ նյութեր տրամադրել, որ քաղաքացիական մեքենաները երթեւեկում են: Իհարկե, կարեւոր է, որ նրա այդ ելույթը ուղղակի իգնորի ենթարկվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում: Սակայն եկեք անդրադառնանք այդ հայտարարությունների գործնական բնույթին:

Հատուկ շնորհակալություն Ֆրանսիայի ներկայացուցչին, որը նաեւ ճանապարհային քարտեզ առաջարկեց, թե ինչ պիտի արվի: Բայց ուզում եմ ցիտել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի խոսքը, որն ըստ էության ամփոփելով բոլորի խոսքը` հայտարարեց, որ ՄԱԿ-ը ներկա չէ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Լաչինի միջանցքի տարածքում, ուստի ի վիճակի չէ հաստատել կողմերի պնդումները եւ մեղադրանքները: Հետեւաբար, պետք է կրկնապատկել դիվանագիտական ջանքերը: Այսինքն, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասում է Հայաստանը մի բան է ասում, Ադրբեջանը` ուրիշ բան, մենք չենք կարող հաստատել, թե կողմերից, որ մեկի պնդումն է ճիշտ: Ուստի, պետք է շարունակել դիվանագիտական խողովակով հարցը լուծել»:

Տիկին Զոհրաբյանը չի ընդունում երեկվա նիստում ուղղակի հասցեական Ադրբեջանին դատապարտած երկրների պահվածքը: «Հասցեական քննադատությունից հետո նրանք կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ինչը չեն անում եւ բավարարվում են ընդամենը հերթական ավարայրով, հերթական բարոյական հաղթանակով: Իսկ մեր ԱԳՆ-ն էլ հերթական անգամ շնորհակալական ուղերձ է հղում:

Պետք է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին անմիջապես հետեւեր օրական 400 տոննա սննդի եւ դեղորայքի ճանապարհի բացումը: Եվ եթե դա տեղի չունենա, տեսնենք այդ նույն երկրների, որոնց ներկայացուցիչներն իրենց մայկաներն էին ճղում` դատապարտելով Ադրբեջանին, կկիրառե՞ն Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ, այդքան քաղաքական դուխ կունենա՞ն: Ես ինձ թույլ եմ տալիս կանխատեսել, որ ոչ: Որովհետեւ հենց օրերս Բուխարեստում Ադրբեջանի հետ հերթական էներգետիկ պայմանագիրը կնքվելուց հետո եվրոպական հանձնաժողովի ղեկավար տիկինը` Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է Եվրոպայի համար», – նկատեց Նաիրա Զոհրաբյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031