Լրահոս
Օրվա լրահոսը

Բնությունն ու մշակույթը՝ որպես միասնական կենդանի համակարգ. Մատենադարանում տեղի է ունեցել COP17-ին ընդառաջ «Հազարան բլբուլի» անգլալեզու հրատարակության շնորհանդեսը

Հոկտեմբեր 26,2026 11:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 25-ին Մատենադարանում բնության և մշակույթի միջազգային աշխատանքային խմբի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի շրջանակում կայացած բարձրաստիճան միջոցառումը համախմբել էր Հայաստանում ՄԱԿ-ի, FAO-ի, GIZ-ի ղեկավարներին, դեսպանների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան հյուրերին, ինչպես նաև ՇՄՆ և ԿԳՄՍ փոխնախարարներին։ Հանդիպման առանցքում հայկական բնապահպանական և մշակութային ժառանգության արժևորումն էր և «Հազարան բլբուլի» անգլալեզու՝ «A Bird of a Thousand Songs: An Armenian Folktale with Essays on Nature, Land, and Heritage» հրատարակության ներկայացումը։

Հասմիկ Կիրակոսյան

Մատենադարանի ներկայացուցիչ Հասմիկ Կիրակոսյանը, ողջունելով բարձրաստիճան հյուրերին, ընդգծեց ձեռագրական ժառանգության պահպանման, գիտելիքի փոխանցման և միջազգային համագործակցության առաջնահատուկ կարևորությունը կենսաբազմազանության պահպանման համատեքստում. «Մատենադարանը՝ որպես ձեռագրական ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման կենտրոն, առաջնահատուկ կարևորություն է տալիս գիտելիքի պահպանմանը և փոխանցմանը, միջազգային ու միջճյուղային համագործակցությանը, հատկապես կենսաբազմազանության պահպանման համատեքստում։ Այս աշխատաժողովը և հանդիպումը հնարավորություն է ստեղծում արժևորելու վերջիններիս դերը, խթանելու միջդիսցիպլինար կապերը և գիտության հանդեպ պատշաճ վերաբերմունքը»:

Միջոցառմանը «Կառոտա» մշակութային կրթական զարգացման ՀԿ-ի համակարգմամբ և ԳԷՀ (GEF) փոքր դրամաշնորհների ծրագրի (ՄԱԿԶԾ) աջակցությամբ լույս տեսած ծավալուն հրատարակության մանրամասները ներկայացրեց ծրագրի համակարգող Սիրարփի Խոջաբաղյանը։ Վերջինս նշեց, որ գիրքը հիմնված է Սերինե Ավագյանի կողմից գրի առնված «Հազարան բլբուլ» հեքիաթի վրա, որն առանձնանում է իր բացառիկ բիոմշակութային հարստությամբ։

«Այս ամբողջ նախագիծն այնքան արագ միավորվեց, և մենք հպարտ ենք, որ կարողացանք սուղ ռեսուրսների պայմաններում կյանքի կոչել այս աշխատանքը։ Գրքում ավելի քան 40 հեղինակներ և 20-ից ավելի հաստատություններ Հայաստանից ու արտերկրից ներդրում են ունեցել։ Նկարազարդման մեջ յուրաքանչյուր դետալ՝ դուռը, գոտին, թռչունը, միջնադարյան բժշկության դրվագները, կապված են գրքում տեղ գտած հոդվածների հետ։ Հեքիաթը մեզ սովորեցնում է բարության, բնության հանդեպ հոգատարության մասին, և այն զուգահեռվում է այն իրողության հետ, որ կենսաբազմազանությունը հաճախ պահպանում են տեղում ապրող մարդիկ, իսկ դրա բարիքները ստանում են այլք։ Հեքիաթը հիշեցնում է, որ ճանապարհ անցնողն ու փրկողը պետք է իր բաժինն ունենա այդ բարիքից»,– նշեց Սիրարփի Խոջաբաղյանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի սեկտորի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրեն Ջյոտի Հոսագրախարն իր ելույթում շեշտեց, որ Հայաստանն ունի հարուստ պատմամշակութային և բնական ժառանգություն։ «Այս հրատարակության վերնագիրը՝ «Հազար երգերի թռչունը», հատկապես տեղին է կենսաբազմազանության և ավանդական գիտելիքների մասին քննարկման համար։ Լանդշաֆտը հասկացվում է պատմությունների, երգերի, տեղանունների, ծեսերի և այն ուղիների միջոցով, որոնցով համայնքները հոգ են տանում բնության մասին։ Կենսաբազմազանության կորուստը կարող է հանգեցնել լեզուների և գիտելիքների համակարգերի էրոզիայի»,– նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը։

FAO-ի Հայաստանյան գրասենյակի համակարգող Ռուվան Ուբեյսեկարան անդրադարձավ Հայաստանի գյուղատնտեսական ժառանգությանն ու լեռնային աշխարհագրությանը։ «Հայաստանում մենք ունենք բազմազան միկրոկլիմա և հսկայական ներուժ խաղողագործության, ավանդական խաղողի տեսակների, լեռնային արոտավայրերի և համայնքային վրա հիմնված ավանդական ոռոգման համակարգերի ոլորտում։ Այս համակարգերը պարզապես անցյալի ժառանգություն չեն, դրանք ապագայի ռեսուրսներ են, քանի որ կան մշակաբույսերի վայրի ազգակիցներ, որոնք էնդեմիկ են Հայաստանի համար, և որոնցից գալիք տարիներին բոլորս կախվածության մեջ կլինենք»,– ընդգծեց նա։

Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանն իր հերթին կարևորեց ավանդական գիտելիքների և բնիկ փորձի ներգրավումը կենսաբազմազանության վերականգնման գործընթացներում։ «Շուշանի և երգերի համը վերադարձնում է այգին կյանքի, ինչը վերականգնման բուն իմաստն է։ Մենք տեսնում ենք հնարավորություններ տեսակների վերականգնման, օրինակ՝ Սևանի շամայի հավաստագրման և մոնիտորինգի հարցում, որտեղ տեղացի ձկնորսների և համայնքների գիտելիքներն ուղղակիորեն օգնում են գիտական գնահատմանն ու բնապահպանական ռազմավարություններին։ Մեր նախնիները վիշապ քարերի և ձեռագրերի միջոցով թողել են ջրին ու բնությանը հարգանք մատուցելու դարավոր ավանդույթներ»,– նշեց փոխնախարարը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) խորհրդատվական մենեջեր Թերենս Հեյ-Էդին իր խոսքում ընդգծեց լեզվական ու կենսաբանական բազմազանության և ավանդական գիտելիքների միջև անխզելի կապը։ Նա ներկայացրեց ակուստեմոլոգիայի հայեցակարգը՝ ցույց տալով, թե ինչպես է ձայնը, երգն ու բնության ռիթմը ձևավորում համայնքների աշխարհայացքն ու վերաբերմունքը շրջակա միջավայրի հանդեպ։

 

Միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես եկան նաև արքեոբիոլոգիայի խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ակոյան շրջակա միջավայրի կենտրոնի հետազոտող Աիդա Պատիկյանը, Պանամայից ժամանած հյուր Բեատրիսը և միջազգային այլ փորձագետներ, որոնք ներկայացրին քաղաքացիական գիտության դերը, հայկական միջնադարյան բժշկագիտական ձեռագրերում արտացոլված բուսական ու կենդանական աշխարհի հարստությունը և էկոմշակութային կապերը։

«Առավոտի» հետ զրույցում «Կառոտա» ՀԿ-ի նախագահ և ծրագրի համակարգող Սիրարփի Խոջաբաղյանը մանրամասնեց, որ այս նախագիծն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակում, և հիմնական նպատակն է եղել ցույց տալ բնության ու մշակույթի անխզելի կապը. «Մեր նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է մշակույթն օգնում պահպանել կենսաբազմազանությունը։ Գրքում տեղ են գտել 40 հոդվածներ բնության և մշակույթի մասին, իսկ առաջին հատվածում թարգմանվել ու ներկայացվել է Սերինե Ավագյանի «Հազարան բլբուլը» հեքիաթը։ Ինչպես բոլոր հին հեքիաթները, այն մեզ սովորեցնում է բարության և բնության մասին հոգ տանելու մասին. Արեգակն անցնում է ճանապարհ, օգնում է ազատել փակված ջրամբարներն ու ջրերի աղբյուրները։ Եվ երբ Արեգակը բերում է թռչունին, ու այն գողանում են իրենից, այստեղ հստակ զուգահեռ է տարվում. շատ առումներով գենետիկ ռեսուրսները և կենսաբազմազանությունը պահպանում են հենց այն մարդիկ, ովքեր ապրում են այդտեղ, իսկ դրա բարիքները հաճախ ստանում են այլոք։ Հեքիաթը մեզ ցույց է տալիս, որ նա, ով ճանապարհ է անցնում, ինքը ևս պետք է այդ բարիքից իր արդար բաժինն ունենա»։

Շնորհանդեսի շրջանակում ցուցադրվեց նաև հատուկ պատրաստված կարճամետրաժ ֆիլմ, որը տեսողական ու պատմողական պատկերներով ամբողջացրեց նախագծի փիլիսոփայությունը՝ ակնառու դարձնելով հայկական բնաշխարհի, մշակութային կոթողների ու բանահյուսության ներդաշնակությունը։

Միջոցառման մթնոլորտն ավելի ամբողջական դարձավ ազգային երգ ու պարի կատարումներով, որոնք յուրօրինակ կենդանի շունչ հաղորդեցին երեկոյին՝ միջազգային հյուրերին ցուցադրելով հայկական ավանդական մշակույթի, ծեսերի ու բնության խորը հոգևոր կապը։

Արգինա Փահլևանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031