Այն օրերին, երբ Երևանում ընթանում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP17-ը, և միջազգային բարձրագույն ամբիոններից հնչում են բնապահպանական պաթոսով լեցուն ճառեր, Հայաստանի հարավային դարպասում՝ Շիկահողի պետական արգելոցում իրականությունը ողբերգականորեն այլ է։ Տարածաշրջանում Ադրբեջանի որդեգրած ագրեսիվ ու ռազմականացված քաղաքականության, սահմանային տարածքների օկուպացիայի և էկոհամակարգերի միտումնավոր ոչնչացման հետևանքով վտանգված է մեր երկրի ամենահարուստ ու խոցելի բնաշխարհից մեկը։ 1958 թվականին հիմնադրված, ավելի քան 12 հազար հեկտար տարածք ընդգրկող և շուրջ 94 տոկոսով անտառապատ այս արգելոցը, որտեղ աճում է 1100 տեսակի բույս (որոնցից 70-ը՝ Կարմիր գրքում գրանցված) և բնակվում են հազվագյուտ կենդանիներ, ինչպիսիք են կովկասյան հովազը, բեզոարյան այծը, գորշ արջը և հայկական իժը, այսօր փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու։
Լրատվամիջոցների փաստագրական հետազոտությունների և Planet ու Google Earth արբանյակային լուսանկարների վերլուծության համաձայն, ադրբեջանական կողմը Շիկահողի արգելոցի տարածքում իրականացրել է լայնամասշտաբ ապօրինի աշխատանքներ։
Հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան և հարավարևմտյան հատվածներում, ինչպես նաև Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ, թշնամին հատել է անտառները, փորել 7-8 մետր լայնությամբ ճանապարհներ և կառուցել ամրաշինական դիրքեր։ Մասնագիտական գնահատականներով, հողային աշխատանքներ են ծավալվել շուրջ 90 հեկտարի վրա, որից 60 հեկտարը բուն անտառային տարածքներ են։
Այս ավերածությունների հետևանքով կորսվել է առնվազն 14000-16000 խորանարդ մետր փայտանյութ, իսկ կաղնու և հաճարենու եզակի պուրակները ենթարկվել են դաժան հատումների։ Հատկանշական է, որ Global Forest Watch միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2021-2023 թվականներին Հայաստանը կորցրել է շուրջ 100 հեկտար բնական անտառ, որից 88 հեկտարը՝ միայն 2023 թվականին, ինչը ուղղակիորեն համընկնում է սահմանային այս հատվածում ադրբեջանական ներխուժումների ու անտառահատումների ակտիվ փուլի հետ։
Կարդացեք նաև
Սակայն ամենացավալին այն է, որ պետական կառույցներն ու պատասխանատու մարմինները նախընտրում են լռել կամ խուսափողական պատասխաններ տալ։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրինությունը հրաժարվում է պարզաբանումներից, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունից պաշտոնապես հայտնում են, թե տարածքները թշնամու ուղիղ նշանառության տակ լինելու պատճառով հնարավոր չէ հստակ տվյալներ տրամադրել կամ վնասի չափը գնահատել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում



















































