Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ երկրների քաղաքացիների հարկերը հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների հարկերին

Փետրվար 07,2023 16:52

Ես անպայման ուզում եմ մեր հայրենակիցներին ասել, որ ՌԴ օրենսդրության համաձայն, անձը պետք է հաշվառման կանգնի իր իրական բնակության հասցեում, հակառակ դեպքում, եթե բացահայտվի, իսկ դա շատ հեշտ է, անձին սպառնում է կամ տուգանք, կամ մինչև մեկ տարի ազատազրկում, քանի որ ՌԴ օրենսգրքով դա համարվում է միտումնավոր կեղծ տեղեկատվության տրամադրում պետությանը: Այս վտանգի մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում զգուշացրեց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:

Նրա խոսքով, 2023թ. հունվարի 1-ից որոշ փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում, որոնք ուղիղ անդրադառնալու են նաև մեր միգրանտների վրա: ՌԴ-ում աշխատող բոլոր օտարերկրացիների հարկերը բարձրանալու են: Մինչ այս տարի, օտարերկրացիներն ավելի քիչ հարկեր էին վճարում, քան ՌԴ քաղաքացիները, այժմ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների հարկերը հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների հարկերին, ոչ ԵԱՏՄ երկրների քաղաքացիներինը՝ մի փոքր ավելի են լինելու: ԵԱՏՄ քաղաքացիների դեպքում հարկերը մոտավորապես աշխատավարձի 37,5 տոկոսն էին կազմում, օրենսդրական փոփոխությունից հետո՝ 43,5 տոկոսը:

«Գործատուները հաճախ փորձում են խուսափել հարկերից, հետևաբար աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիր չեն կնքում, բնականաբար գործատուներին ձեռնտու չէ, որ հարկերը բարձրացել են: Գուցե գործատուները փորձեն աշխատողներին համոզել, որպեսզի աշխատեն առանց աշխատանքային պայմանագրերի: Հուսով եմ, մեր քաղաքացիները գիտեն, որ ԵԱՏՄ քաղաքացիները՝ առանց թույլատվական բնույթի փաստաթղթերի են աշխատում ՌԴ տարածքում, իսկ աշխատանքային կամ քաղիրավական պայմանագիրը պարտադիր է ունենալ, որպեսզի կարողանան 90 օրից ավելի գտնվել Ռուսաստանի տարածքում և աշխատանքային գործունեություն ծավալել: Պետք է անպայման կնքել աշխատանքային պայմանագիր և իմանալ, որ այլևս իրենց հարկերը 43,5 տոկոս է կազմում»,-զգուշացրեց մասնագետը:

Նրա խոսքով, մյուս փոփոխությունը վերաբերում է աշխատանքային միգրանտի կողմից իր ընտանիքին ՌԴ հրավիրելուն: Աշխատելու նպատակով ՌԴ մեկնած քաղաքացին, եթե ցանկանում էր իր ընտանիքի անդամներին տանել՝ կնոջը, երեխաներին, ծնողներին, ապա մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կարիք չուներ որևէ փաստաթուղթ ցույց տալու, ապացուցելու, որ ինքը կարող է ֆինանսապես ապահովել նրանց ՌԴ տարածքում: Բավարար էր միայն աշխատանքային միգրանտն ունենար աշխատանքային պայմանագիր և մեկ տարի ժամկետով կարող էր ընտանիքի անդամների միգրացիոն հաշվառումը երկարաձգեր:

«Հիմա միգրանտը պարտավոր է ցույց տալ նվազագույն կենսապահովման զամբյուղի չափով գումար: Մոսկվայում մեկ անձի համար կազմում է 20 հազար 589 ռուբլի: Եթե միգրանտը կնոջը, երկու երեխաներին ցանկանում է տանել, ապա այդ գումարը պետք է բազմապատկել 4-ով և պաշտոնապես գրանցված աշխատավարձ ցույց տալ, որ նոր կարողանա 90 օրից ավելի հաշվառումը երկարաձգել: Սա միտված է նրան, որ ոչ միայն կնքվեն աշխատանքային պայմանագրեր, այլ իրական աշխատավարձի չափը ցույց տրվի»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:

Նա միգրանտների համար կարևորեց նաև բուժզննման ընթացակարգը, որը չպահպանելու դեպքում ևս մեր քաղաքացիները բազմաթիվ խնդիրներ են ունենում: Չիրազեկվածության պատճառով միգրանտները մուտքի արգելք են ստանում:

https://www.youtube.com/watch?v=OK6A5xuEH_g&ab_channel=AravotDaily

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728