Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է․ նիստը հետաձգվեց

Փետրվար 14,2023 13:53

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանին ներկայացրեց բժշկական կենտրոնի տրամադրած փաստաթուղթն այն մասին, որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա հինգ օրում ունակ չի լինելու նիստերի մասնակցել։ Հանրային մեղադրողներ Պետրոս Պետրոսյանը եւ Գեւորգ Բաղդասարյանը փաստաթղթին ծանոթանալուց հետո առարկություններ չներկայացրին։ Նիստը հետաձգվեց մինչեւ հաջորդ երեքշաբթի։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, իսկ Արմեն Գեւորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը, զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Իսկ ըստ Արմեն Գեւորգյանին վերագրվող մեղադրանքի․ «Նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728