Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արցախը պետք է մնա հայկական՝ ի հեճուկս Ալիևի ջանքերի. Երվանդ Թարվերդյան

Փետրվար 21,2023 14:43

Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հոխորտանքներն Արցախի և հայ ժողովրդի հասցեին հերթական անգամ ապացուցեցին, որ նա որևէ կերպ չի կարող գործ ունենալ Արցախի ժողովրդի, նրա անվտանգության և իրավունքների ապահովման հետ։ Մյունխենում Ալիևը բացահայտորեն սպառնաց Արցախում բնակվող ավելի քան 120 հազար հայությանը։

Մոտ երկուսուկես ամիս է՝ Արցախի հերոսական ժողովուրդը, սարսափելի զրկանքների գնով՝ շրջափակման պայմաններում, հոսանքի, գազի, պարենի սակավությամբ կամ նույնիսկ բացակայությամբ, գործնականում ապացուցում է, որ կյանքի գնով պահելու է հայկական պետականությունը։ Արցախցիների համառ դիմադրությունը պետք է համատեղվի պաշտոնական Երևանի հստակ մոտեցմամբ՝ վճռականորեն մերժելու Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին՝ Արցախի մուտքի մոտ, ադրբեջանական հսկիչ-անցագրային կետ դնելու պահանջը։ Ադրբեջանցի սահմանապահը երբևէ չպետք է իրավունք ունենա հսկելու արցախցու ելումուտը հայրենի տուն։

Միաժամանակ, խիստ վտանգավոր եմ համարում Ալիևի այն պնդումները, ըստ որոնց՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու Արցախի հարցը տարբեր հարթություններում են։ Չնայած մենք դեմ ենք այս օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելուն, սակայն անգամ եթե նախատեսվում է, ապա պայմանագիր չի կարող կնքվել առանց Արցախի կարգավիճակի, այնտեղ ապրող հայության, նրանց անվտանգության երկաթյա երաշխիքների տրամադրման մասին դրույթների։ Առանց Արցախի հարցի քննարկման՝ հայ-ադրբեջանական երկխոսություն պարզապես չի կարող լինել։ Ավելին՝ այդ պայմանագիրը գուցե ճիշտ կլինի կնքել եռակողմ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին։

Ի վերջո, երբ Ալիևը մտացածին մեղադրանքներ է ներկայացնում հայկական կողմին Արցախում իբր ադրբեջանական հուշարձանները, մզկիթներն ավերելու համար, նրան պետք է հիշեցնել, որ Եվրախորհրդարանը հատուկ բանաձևով անդրադարձել է ճիշտ հակառակին՝ Արցախի զավթված տարածքներում քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Մեր պետությունը թշնամու կողմից Արցախի մշակութային ցեղասպանության հարցում ունի անհերքելի կռվաններ, որոնք ամեն առիթով պետք է ներկայացնել, հրապարակել և բացահայտել ամբողջ ճշմարտությունը։

Երվանդ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728