Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի (Global High-Tech Award) 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանի պաշտոնական այցը Հայաստան այսօր մեկնարկել է Viva-ի գլխավոր գրասենյակում կայացած մամուլի ասուլիսով։ Քամ Ղաֆարիանը Հայաստան է ժամանել եռօրյա պաշտոնական այցով։
Տիեզերքի հետազոտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող գործարար և նորարարական գաղափարների առաջնորդ Քամ Ղաֆարիանը «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy» և «Quantum Space» ընկերությունների հիմնադիրն ու համահիմնադիրն է։ Ոգեշնչվելով «Ապոլոն 11» առաքելության շրջանակում Լուսնի վրա մարդու պատմական վայրէջքից՝ Քամ Ղաֆարիանն իր մասնագիտական գործունեությունը նվիրել է այնպիսի տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք ընդլայնում են տիեզերքում մարդկության ներկայության հնարավորությունները և միաժամանակ շոշափելի օգուտներ բերում Երկրի վրա։ Նրա ղեկավարությամբ հիմնադրված և համահիմնադրված ընկերությունները նշանակալի ներդրում են ունեցել կոմերցիոն տիեզերագնացության, Լուսնի հետազոտության, էներգետիկ առաջատար լուծումների և նոր սերնդի տիեզերական ենթակառուցվածքների զարգացման գործում:
Միջոցառմանը մասնակցել են մրցանակաբաշխության կազմակերպիչ կոմիտեի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, գործընկեր կազմակերպությունների, լրատվամիջոցների և Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
Բանախոսների թվում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, մրցանակի գլխավոր գործընկեր Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի համակարգող Հովիկ Մուսայելյանը և «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն Գարիկ Իսրայելյանը։
Բանախոսներն ընդգծել են համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական նորարարին Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը՝ առանձնացնելով Համաշխարհային բարձր տեխնոլոգիական մրցանակի դերը Հայաստանի և միջազգային գիտական ու նորարարական համայնքների միջև կապերի ամրապնդման գործում։
«Ոգեշնչվելով «Ապոլոն 11» առաքելության շրջանակում Լուսնի վրա մարդու պատմական վայրէջքից՝ Քամ Ղաֆարիանն այսօր ինքն է դարձել ոգեշնչման աղբյուր բազմաթիվ մարդկանց համար։ Իր անցած ճանապարհով և արձանագրած հաջողություններով նա ցույց է տալիս, որ նույնիսկ ամենահավակնոտ երազանքները կարող են իրականություն դառնալ, երբ գիտելիքը համադրվում է համարձակության, նպատակասլացության և գործելու վճռականության հետ։ Պարոն Ղաֆարիանի՝ NASA-ում ձեռք բերած աշխատանքային փորձը, գիտական առաջընթացի նկատմամբ նրա նվիրվածությունն ու այդ ձեռքբերումները մարդկության զարգացմանը ծառայեցնելու ձգտումը մեծ արժեք ունեն նաև մեզ համար։ Նրա օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբ կա տեսլական, համապատասխան միջավայր և այն կյանքի կոչելու կամք, անհնարին թվացող նպատակները դառնում են իրագործելի։ Այսօր տիեզերքը ոչ միայն գիտական հետազոտությունների, այլև նոր արդյունաբերության ձևավորման ու զարգացման հարթակ է։ Քամ Ղաֆարիանն իր գործունեությամբ և անցած ճանապարհով մեզ հիշեցնում է, որ հնարավորություններն անհամեմատ ավելի շատ են, քան մենք հաճախ կարողանում ենք տեսնել առօրյա կյանքում։ Նրա օրինակը ոգեշնչում է մտածել ավելի համարձակ, տեսնել սովորականից այն կողմ և հավատալ, որ գիտելիքի, տեսլականի ու վճռականության շնորհիվ կարելի է հասնել նույնիսկ ամենահավակնոտ նպատակներին»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպիչները ներկայացրել են Քամ Ղաֆարիանի այցի ծրագիրը, որը ներառում է հանդիպումներ պետական պաշտոնյաների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների, բուհերի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի զարգացող նորարարական էկոհամակարգի անդամների հետ։
Կարևորելով համաշխարհային ճանաչում ունեցող նորարարների օրինակով ապագա սերունդներին ոգեշնչելու նշանակությունը՝ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ասել է. «Քամ Ղաֆարիանի պատմությունը ցույց է տալիս, որ երազանքն աշխարհը փոխելու ուժ ունի, իսկ հնարավորի սահմանները որոշվում են ոչ միայն գիտատեխնիկական առաջընթացի մակարդակով, այլև մարդկային կամքի ուժով, մտածողության ընդգրկունությամբ և այնպիսի տարածքներ մուտք գործելու համարձակությամբ, ուր նախկինում ոչ ոք չէր համարձակվել ոտք դնել։ Հենց սեփական կարողությունների և ներուժի հանդեպ այս հավատն է կապում այն երեխային, ով ժամանակին հիացմունքով հետևում էր Լուսնի վրա առաջին մարդու վայրէջքին, այն մարդու հետ, ով այսօր ղեկավարում է Լուսնի հետազոտման համար նախատեսված գերժամանակակից տեխնոլոգիաների մշակումը։ Այս երկու կետերի միջև ընկած է երազանքն իրականություն դարձնելուն նվիրված մի ամբողջ կյանք։ Viva-ի համար, որն արդեն 17 տարի աջակցում է այս մրցանակին, դրա արժեքը սոսկ ակնառու ձեռքբերումների գնահատումը չէ։ Եթե Քամ Ղաֆարիանի պատմությունը ոգեշնչի թեկուզ մի քանի երիտասարդի՝ հավատալու իրենց ուժերին և մոտենալու սեփական երազանքներին, ապա կարող ենք ասել, որ այս մրցանակին ուղղված մեր երկարամյա աջակցությունն իսկապես արդյունք է տվել»։
Այցի շրջանակում նոյեմբերի 3-ին Քամ Ղաֆարիանը կմասնակցի «Silicon Mountains Tech Summit 2026» տեխնոլոգիական գագաթնաժողովին, որտեղ հանդես կգա հիմնական զեկույցով և կներկայացնի նորարարության, ձեռներեցության և զարգացող տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ իր տեսլականը։ Նա նաև կայցելի Մատենադարան՝ Հայաստանի կարևորագույն մշակութային և գիտական հաստատություններից մեկը։
Նոյեմբերի 4-ին Քամ Ղաֆարիանը կհանդիպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ, որտեղ տեխնոլոգիական առաջընթացում ունեցած բացառիկ ավանդի համար նրան կշնորհվի պատվավոր դոկտորի կոչում։ Ծրագրով նախատեսված են նաև այցելություն «Սինոփսիս Արմենիա», մասնակցություն «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը, նոյեմբերի 5-ին՝ Ինժեներական քաղաքի Փառքի ծառուղու բացմանը, հարցազրույցներ լրատվամիջոցներին և հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի հետ։
Այցի վերջին օրը Քամ Ղաֆարիանը կհանդիպի Հայաստանի բուհերի ուսանողների հետ, կայցելի Հայաստանի պատմության թանգարան, քննարկումներ կունենա հայաստանյան և միջազգային գործընկերների հետ, ինչպես նաև կմասնակցի պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին։
«Քամ Ղաֆարիանն իրապես մարմնավորում է Համաշխարհային բարձր տեխնոլոգիաների պետական մրցանակի ոգին։ Նրա ուշագրավ ճանապարհը՝ Լուսնի վրա մարդկության առաջին քայլերով ոգեշնչված մանուկից մինչև տիեզերական հետազոտությունների ոլորտի առաջատար դառնալը, ցույց է տալիս, թե ինչպես կարող են համարձակ տեսլականն ու նորարարությունը նպաստել մարդկության առաջընթացին։ Երբ 2009 թվականին «Սինոփսիս»-ը նախաձեռնեց այս մրցանակը, նպատակն էր արժևորել տեխնոլոգիական ոլորտի այն առաջնորդներին, որոնց ներդրումը նորարարական տեխնոլոգիաների միջոցով երկարաժամկետ և նշանակալի ազդեցություն է ունենում մարդկության կյանքում։ Հայաստանի Հանրապետության կառավարության և մեր գործընկերների հետ միասին մենք հպարտ ենք շարունակելու այս առաքելությունը, պատվելու Քամին՝ որպես մրցանակի 17-րդ դափնեկիր, և սպասում ենք նրան Հայաստանում հյուրընկալելուն»,- ասել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:
«Սթարմուս» փառատոնի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն Գարիկ Իսրայելյանն անդրադարձել է տիեզերական հետազոտություններում անհատի մասնավոր նախաձեռնության նոր դերին և այդ գործընթացում Քամ Ղաֆարիանի ներդրումին․ «Առաջին տիեզերական մրցավազքը հսկայական ազդեցություն ունեցավ գիտության, տեխնոլոգիաների և մարդկության զարգացման վրա։ Դրան հաջորդած հարաբերական դադարից հետո այսօր ականատես ենք տիեզերական արդյունաբերության նոր վերելքի, որի շարժիչ ուժերից են մասնավոր ընկերություններն ու նորարարները։ Քամ Ղաֆարիանն այս նոր դարաշրջանի առանցքային դեմքերից է։ Նրա ներդրումը տիեզերական տեխնոլոգիաների զարգացման, Լուսնի հետազոտության և կոմերցիոն տիեզերագնացության ոլորտներում նոր հնարավորություններ է բացում մարդկության համար»։
Քամ Ղաֆարիանը շնորհակալություն է հայտնել մրցանակի դափնեկրի կոչմանն իր թեկնածությունն առաջադրելու և Հայաստան հրավիրելու համար։ Իր ելույթում նա մասնավորապես նշել է. «Տարիներ շարունակ երազել եմ այցելել Հայաստան, և այսօր այստեղ գտնվելն ու այս հեղինակավոր մրցանակին արժանանալն ինձ համար մեծ պատիվ է։ Տիեզերքից Երկրին նայելիս հասկանում ես, որ այն բոլորիս ընդհանուր տունն է։ Այնտեղից չեն երևում պետական սահմանները, ազգային կամ կրոնական տարբերությունները։ Տիեզերքը միավորում է մեզ և հիշեցնում մեր ընդհանուր պատասխանատվության մասին։ Ես հավատում եմ, որ ապագայում տիեզերքում կստեղծվեն քաղաքներ, որտեղ մարդիկ կապրեն, կաշխատեն և կզարգացնեն գիտությունն ու արդյունաբերությունը։ Տիեզերական հետազոտությունները նոր հնարավորություններ կբացեն բժշկության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում։ Իմ մեծագույն երազանքներից է, որ մարդկությունը մի օր դուրս գա Արեգակնային համակարգի սահմաններից և հասնի աստղային այլ համակարգեր։ Իմ կյանքի կարևորագույն առաքելություններից է մարդկանց, հատկապես երիտասարդներին ոգեշնչելը՝ հավատալու սեփական ուժերին, ընտրելու գիտության ու նորարարության ուղին և համարձակվելու իրականացնել նույնիսկ անհնարին թվացող երազանքները։ Մենք բոլորս մեկ ամբողջություն ենք՝ կապված միմյանց, մեր մոլորակի և տիեզերքի հետ»։
Այցի գլխավոր իրադարձությունը կլինի նոյեմբերի 4-ին ՀՀ նախագահի նստավայրում կայանալիք մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը, որի ընթացքում Քամ Ղաֆարիանին կհանձնվի Համաշխարհային բարձր տեխնոլոգիական մրցանակը։ Արարողությանը կմասնակցեն պետական պաշտոնյաներ, տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, միջազգային և հայաստանյան բարձր տեխնոլոգիական համայնքի, ակադեմիական շրջանակների և մրցանակաբաշխության գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Արարողության ընթացքում ՀՀ վարչապետը Քամ Ղաֆարիանին կհանձնի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը՝ ի գնահատումն տիեզերքի հետազոտության, նորարարության և մարդկության բարօրությանը ծառայող տեխնոլոգիաների զարգացման գործում նրա ունեցած բացառիկ ավանդի։
Մրցանակի մասին
2009 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով հիմնադրված Համաշխարհային բարձր տեխնոլոգիական մրցանակը շնորհվում է այն անհատներին, որոնց ձեռքբերումները բարձր տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի ներդրում են ունեցել մարդկության զարգացման գործում։ Արդեն 17 տարի մրցանակը Հայաստան է բերում համաշխարհային ճանաչում ունեցող նորարար առաջնորդների՝ ստեղծելով գիտելիքի փոխանակման, ոգեշնչման և միջազգային համագործակցության բացառիկ հնարավորություններ։
Համաշխարհային բարձր տեխնոլոգիական մրցանակի նախաձեռնողն ու աջակիցը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է։ Viva-ն 17 տարի անընդմեջ հանդես է գալիս որպես մրցանակի գլխավոր գործընկեր։ Նախաձեռնությանն աջակցում են նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (UEICT) և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
17 տարվա ընթացքում Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներն են.
- «Intel Corporation»-ի նախկին գործադիր տնօրեն Քրեյգ Բարեթ (2010թ.)
- «Apple Inc.»-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակ (2011թ.)
- «Synaptics, Inc.»-ի պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջին (2012)
- Կիսահաղորդչային արդյունաբերության ավագ մասնագետների ընկերության նախագահ և «Techno Vision»-ի նախագահ Ցուգիո Մակիմոտո (2013)
- «Cisco Systems»-ի զարգացման գլխավոր տնօրեն Մարիո Մացոլա (2014)
- «Kaspersky Lab»-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Եվգենի Կասպերսկի (2015)
- Ինտերնետի ռահվիրա և «Open-Root»-ի գլխավոր գործադիր տնօրեն Լուի Պուզեն (2016)
- «Nest labs»-ի հիմնադիր, iPod-ի ստեղծող Թոնի Ֆադել (2017)
- «National Instruments»-ի համահիմնադիր, դոկտոր Ջեյմս Թրուշարդ (2018)
- Ունկաս Էնեասի և Հելեն Ուիթաքերի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Տակեո Կանադե (2019)
- «Synopsys»-ի գլխավոր գործադիր համատնօրեն, դոկտոր Չի-Ֆուն Չան (2020)
- «IBM»-ի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Ստոկ (2021)
- «Adobe»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շանտանու Նարայեն (2022)
- «Infosys»-ի հիմնադիր Նարայանա Մուրթի (2023)
- «AIPLAB» կոնսորցիումի հիմնադիր՝ դոկտոր Յոշիակի Դայմոն Հագիվարա (2024)
- «Analog Devices Inc.»-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշ (2025)
- «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy»և «Quantum Space» ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր Քամ Ղաֆարիան (2026)






















































