Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը կգնար այդ մոխրացած դիակներից մեկը կբերեր ԱԺ. ո՞ւր եք ընդդիմություն». Նաիրա Զոհրաբյան

Մարտ 03,2023 15:48 Share

«Մեկ միլիոն 400 հազար դոլար է տրամադրվել՝ 200 միավոր ձեռնաշղթա ձեռք բերելու համար՝ ընտանեկան բռնության շրջանակներում. այսինքն՝ այսօր, երբ մեր առաջնագծում զինվորները քնում են ցելոֆանների վրա, երբ 15 տղա մոխրացավ, որովհետեւ էդ բարաքը, որ տվել էր գյուղացիներից մեկը, անվտանգության որեւէ կանոն պահպանված չէր, 1,5 միլիոն դոլար տվել են նրա համար, որ հանկարծ Վալոդը իր կնիկ Վարդուշին ծեծի, գնան Վալոդին ձեռնաշղթաներ հագցնեն․․․ Դուք հայրենադավ եք, ինֆանտիլ եք»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Շարունակելով Ստեփանակերտի եւ Բաքվի ներկայացուցիչների հանդիպումների թեման, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս դեպքում հակված է պնդել, որ առավել հավաստի են ադրբեջանական մամուլի արտահոսքերն այն մասին, որ բանակցությունները ընթանում են՝ ինչպե՞ս է Արցախը ինտեգրվելու Ադրբեջանին հարցի շուրջ, քան հայկական կողմի տեղեկատվությունը, թե բացառապես հումանիտար հարցերի շուրջ են բանակցում:

Տիկին Զոհրաբյանը նաեւ «դիլետանտ, ցինիկ, անբարոյական» է որակում ՔՊ-ական պատգամավորների այն հայտարարությունները, որ եթե ՌԴ նախագահը կարող է՝ թող բանակցի Ադրբեջանի հետ՝ Արցախի կարգավիճակի շուրջ. «Նույնն է, որ ես հիմա ասեմ՝ ինձ Բրազիլիան է դուր գալիս, Պուտին, կարա՞ս բանակցես էնպես, որ Բրազիլիան էլ կպցնեն Հայաստանին: Սա անամոթ, անմակարդակ, անբարոյական, դիլետանտ իշխանության ասած է, որ ես իմ ձեռքերը լվացել եմ, բայց Պուտին, եթե էդքան տղա ես, գնա Ալիեւից Արցախը վերցրու՝ բեր տուր ինձ, ես էլ կանգնեմ հրապարակում, ասեմ՝ տեսա՞ք, ես Արցախը բերեցի՝ տվեցի ձեզ: Բա որ Ստեփանակերտում հայտարարում էիր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, էդ բառերի պատասխանն ո՞վ է տալու, եթե Պուտինն է տալու, Յակուտիան էլ միացրեք Արցախին ու տվեք մեզ, էնտեղ մի հատ Միրնի քաղաք կա, էնքան լավն ա… չի կարելի լինել էդքան անպատասխանատու: Այսօր Հայաստանի քաղաքական, դիվանագիտական պլանկան այնքան է իջել, որ Հայաստանի հարցն այսօր այլեւս քննարկվում է առանց Հայաստանի իշխանության ներկայացուցիչների»:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ 2008 թվական մարտի 1-ի իրադարձությունների թեմային՝ հարց տալով Նիկոլ Փաշինյանին՝ եթե այդ իրադարձությունները բացահայտված են, ինչո՞ւ մեղավորները պատժված չեն: Իսկ այդ հարցի լավագույն պատասխանն իր կարծիքով, տվել է Վազգեն Սարգսյանի փոքր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը՝ ասելով՝ մարտի 1-ի կազմակերպիչներն այսօր իշխանության են:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ շնորհակալություն հայտնեց այն ժամանակ Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին, որի գործադրած ջանքերի արդյունքում նաեւ ՀՀ-ին հաջողվեց եվրոպական կառույցներում մարտի 1-ի իրադարձությունների մասին ճշմարտությունը տեղ հասցնել: Նա նաեւ դրվատանքի խոսք ասաց այն ժամանակվա քաղհասարակության հասցեին, որ կարողացան այդ իրադարձությունները լավագույնս օգտագործել իշխանության դեմ, մինչդեռ այժմ, ընդդիմությունը չի կարողանում ակնհայտ իրողությունները իշխանության դեմ օգտագործել. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե այդ դեպքը Նիկոլի ժամանակ լիներ (նկատի ունի Ազատ գյուղի զորամասի ողբերգությունը-Ն. Գ.), Նիկոլը կգնար՝ այդ մոխրացած դիակներից մեկը կբերեր ԱԺ. ո՞ւր եք ընդդիմություն, ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ եք անում, որ ասում եք՝ մեզ մի խանգարեք, մենք մեծ օրակարգով ենք զբաղված: Մինչեւ որ դուք մտածեք՝ թուրքը ձեր տանն է լինելու»:

Ստեղծված իրավիճակում համաժողովրդական քաղաքական շարժում սկսելու ունակություն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ունեն միայն ՀՀ երկու նախագահները, որոնք ունեն քաղաքական թիմեր, քաղաքական համակիրներ, ռեսուրսներ, մնացյալը՝ կլինի քաղաքական ավանտյուրա. «Որոշ լիդերների մեջ ես տեսնում եմ վճռականություն՝ անհրաժեշտ պահի գործընթաց սկսելու, բայց այնպես չլինի, որ այդ պահը մենք բաց թողնենք, ինչպես մի քանի անգամ բաց ենք թողել՝ Դիմադրության շարժման ժամանակ, սկզբի մասում, երբ մեր վախկոտության պատճառով, մենք նորից երկարաձգեցինք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»:

Նա կարծում է, որ դրական քայլ կլինի, եթե ընդդիմությունը միանա եւ սեպտեմբերին, Երեւանի քաղաքապետի ընտրություններին միասնական մասնակցի «Մաքրենք Երեւանից» կարգախոսով: Իսկ թե ինչո՞ւ ընդդիմադիրները չեն կարողանում միավորվել, Նաիրա Զոհրաբյանը Ռուբեն Մխիթարյանի հետ համակարծիք է՝ ընդդիմադիրները ներսում իրար ավելի շատ են ատում, քան Նիկոլ Փաշինյանին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031