Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում մարդն իր սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության համար չի կարող դիմել ՍԴ». Դավիթ Հակոբյան

Մարտ 03,2023 17:32

«2015-ին ամբողջ քաղաքական դաշտը հիմնականում սահմանադրական փոփոխությունները դիտարկում էր երկրի կառավարման ձևի փոփոխության համատեքստում, և բոլորին առաջինն այդ հարցն էր հետաքրքրում: Այդ Սահմանադրությամբ ՀՀ-ն դարձավ խորհրդարանական երկիր: Բայց զուգահեռ տեղի ունեցավ մի բան, որ գործող Սահմանադրությամբ այսօր մարդու սոցիալ- տնտեսական իրավունքները չեն դիտարկվում՝ որպես մարդու հիմնական իրավունքներ»,-սոցիալ-տնտեսական իրավունքների սահմանադրական կարգավորումների վերաբերյալ քննարկման ժամանակ ահազանգեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը (լուսանկարում):

Քննարկումը կազմակերպեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:

Դավիթ Հակոբյանի համար ընդունելի չէ, որ մի բլոկի տրվել է առաջնային իրավական ռեժիմ, իսկ մյուս իրավունքներն անտեսվել են: Այս առիթով մանրամասնեց. «Մարդն իր սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության համար չի կարող դիմել ՍԴ, ՄԻՊ-ը չի կարող դիմել ՍԴ, այս իրավունքներն անմիջական կիրառելի չեն: Հիմնական հակափաստարկն է այն, որ դա պետության որոշելիք հարց է: Անգամ հպարտությամբ նշվում է՝ մեր բյուջեի այսքան տոկոսը ծախսվում է սոցիալ-տնտեսական իրավունքների վրա և այլն: Սակայն պետության հայեցողությունը բացարձակ է: Տեսականորեն գործադիրի համար միգուցե ավելի հեշտ է սոցիալական ծախսերն իրականացնել այլ համայնքներում, քանի որ այնտեղ պետք է լինեն ընտրություններ, իսկ այն համայնքները, որտեղ ընտրությունները քիչ են, հետաքրքիր չեն իշխանություններին»:

Ըստ Դավիթ Հակոբյանի՝ հանրության շատ մեծ զանգված իր վրա չի զգում առաջընթացը: Նրա համոզմամբ՝ ոչ թե պետք է գործադիրը բացառապես գործի իր հայեցողությամբ, այլև ներգրավված լինեն քաղհասարակությունը, մարդիկ: Նա մտահոգություն հայտնեց. «Մենք չունենք գործիք ազդելու կառավարության, օրենսդրական քաղաքականության վրա, որովհետև մեզ մոտ սոցիալ տնտեսական իրավունքներ չկան: Եթե այդ իրավունքներն ամրագրվեն, այդ դեպքում մենք կկարողանանք պահանջներ ներկայացնել: Օրինակ՝ 500-ից ավելի գյուղեր չունեն կենտրոնական ջրամատակարարում, երբ հռչակում ենք այդ իրավունքները, չի նշանակում, որ վաղը կգա ջրամատակարարում, բայց այդ իրավունքների հռչակման դեպքում, եթե հայտարարվում է տենդեր, պետք է հաղթող ճանաչվի այն ընկերությունը, որը հստակ հայեցակարգ կունենա, թե ինչպես գյուղ առ գյուղ գնալ: Դեպի մարզկենտրոններ չկա հանրային տրանսպորտ»:

Դավիթ Հակոբյանը նաև հայտնեց. «Խորհուրդն ընդունեց, որ մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությունը բավարար մակարդակի չէ, կան բազմաթիվ թերություններ: Նշվեց երեք հիմնական բաղադրիչ՝ ՍԴ դիմելու իրավունք, ՄԻՊ-ի դիմելու իրավունք և անմիջապես կիրառություն: Տրվեց հանձնարարական այս երեքի կապակցությամբ, որ դրանց հայեցակարգում մենք անդրադառնանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031