Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախորդ տարի ամեն ինչ հիանալի էր: Շատ տպավորված էինք». Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին

Մարտ 03,2023 18:02 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ղեկավարներին, որոնք ապրիլին կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ժամանել են Հայաստան՝ ենթակառուցվածքներին և կազմակերպչական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել EUBC գլխավոր քարտուղար Ռիա Ռամնարինը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, տեխնիկական պատվիրակ Վիորել Սիման, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է EUBC-ի ներկայացուցիչներին Հայաստանում և հավաստիացրել՝ ամեն ինչ արվում է, որպեսզի Երևանում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությունն անցնի ամենաբարձր մակարդակով. «Մեզ համար սա շատ կարևոր մրցաշար է: Կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի. նմանօրինակ մրցաշարերի անցկացման փորձ արդեն ունենք: Հավատացած եղեք՝ թե՛ անվտանգության, թե՛ կազմակերպչական առումով ամեն ինչ կարգին կլինի: Պատրաստ ենք պատվով հյուրընկալելու բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ցանկություն կունենան ժամանելու մեր երկիր»:

EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչն ընդգծել է՝ հաշվի առնելով 2022 թվականի մայիսին Երևանում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնության բարձր մակարդակը՝ կասկած չկա, որ երիտասարդների մրցաշարը ևս սահուն կընթանա. «Նախորդ տարի ամեն ինչ, իսկապես, հիանալի էր: Շատ տպավորված էինք ինչպես կազմակերպչական բարձր մակարդակով, այնպես էլ ենթակառուցվածքներով, մասնակիցների համար ստեղծված անվտանգային պայմաններով: Վստահ եմ՝ այս անգամ ևս կհաջողեք»:

EUBC պատվիրակները Հայաստան կատարած եռօրյա այցի շրջանակում նախատեսում են լինել նաև Օլիմպավանում և ԵՕՀՊՄ քոլեջի նորակառույց հյուրանոցային հատվածում, այցելել նախկին «Միկա» մարզահամալիր, որտեղ անցկացվելու է առաջնությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մարզահամալիրը ենթակառուցվածքային առումով ամբողջովին պատրաստ կլինի ընդունել մրցաշարը:

Եվրոպայի երիտասարդների առաջնության հայտերի գրանցումը դեռևս բաց է: EUBC ներկայացուցիչների գնահատմամբ՝ Երևանում կայանալիք առաջնությանը, ամենայն հավանականությամբ, ավելի քան 300 բռնցքամարտիկ կմասնակցի:

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ն կանցկացվի ապրիլի 23-ից մայիսի 4-ը նախկին «Միկա» մարզահամալիրում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031